«Օղակ» Մաս 3-րդ
Դժոխքի զինվորները…
/2-րդ մասը՝ նախորդ համարում/
Ինքնասպանություն գործելու բոլոր փորձերս անցնում են ապարդյուն: Նրանք հասկանում են եւ ավելի ամուր կապկպում ինձ, նորից ծեծի ենթարկում:
Դատախազությունում մի քանի օր պահելուց հետո մեզ տեղափոխեցին բանտ: Բանտի ճանապարհին ժողովուրդը՝ իմանալով, որ հայեր են տանում, մեքենան կանգնեցնում է, շրջապատում եւ պահանջում, որ մեզ իջեցնեն: Մեզ ուղեկցող երկու ոստիկանները հանում են ատրճանակներն ու սպառնում հավաքվածներին: Նրանք ստիպված ցրվում են:
Բանտն ուներ պարիսպ եւ փշալարերով 3 արգելքներ: Ամեն մի արգելք անցնելիս մեզ ստուգում էին: Վերջին արգելքում մեզ հարցրին, թե ինչո՞ւ մեր գրպանները դատարկ են, ասացինք, որ մեզնից ամեն բան վերցրել են: Պատասխանի դիմաց ապտակներ ստացանք. ասացին, որ այդ բանը էլ չասենք:
Բանտի միջանցքում մեզ դիմավորեցին թուրք բանտարկյալները: Հայտնվեցինք համար 54 բանտախցում, ավելի ճիշտ՝ ուշքի եկանք ու տեսանք, որ բանտախցում ենք: Մարտակերտցի Բորիսը ջուր լցրեց դեմքներիս. տեսանք, որ խցում մեզ հետ են նաեւ մեկ հոգի Ստեփանակերտից, մեկ հոգի Հադրութից: Պարզվեց, որ դա դեռեւս ժամանակավոր բանտախուց է, մինչեւ մեր դեմ իսկական գործ հարուցելը պիտի մնանք այնտեղ:
Հայ բանտարկյալներիս խուցն ամենադաժանն էր, կոչվում էր՝ <<Կրըտայա>>: Չորս կողմից բետոնապատ էր, ներսում կար մի դույլ ջուր, մի զուգարան, որ զուգարանի նման չէր, անշարժ երկաթե մահճակալներ՝առանց տեղաշորի: Պատուհանն առանց ապակու էր, փոխարենը հաստ երկաթե ձողերով ու թիթեղներով այնպես էր ծածկված, որ արևի երես չտեսնենք: Կարգապահությունը խիստ էր. առավոտյան սուլոցից հետո պետք է կազմ ու պատրաստ կանգնած լինեինք, որ գան ստուգեն: Փոքր-ինչ ուշանալու կամ մի բան այն չանելու դեպքում տանում էին եւ ուշագնաց հետ բերում: Մի օր մարտակերտցի Բորիսը որովայնի ուժեղ ցավերի պատճառով չհասցրեց ժամանակին շարք կանգնել ու դրա համար դաժան ծեծի ենթարկվեց:
Ամբողջ մի շաբաթ հայտարարվեց ծեծի շաբաթ. ցերեկը քննիչներն էին ծեծում, իսկ երեկոյան՝ հսկիչները: Դա տեւում էր մինչեւ ժամը 22-ը: Նրանց նպատակն էր, որ մենք մատնենք տղերքի անունները եւ ընդունենք, որ մենք էլ ենք մասնակցել Ղարադաղլուի հարձակմանը:
Իմ ու Սաշայի համար անսպասելի էր այն, որ մի օր նրանք ներկայացան ցուցակով, որում գրված էր մեր գյուղի ջոկատի տղաների անունները, գլխավերևում էլ Արմենի անունն էր գրված:
-Ճանաչու՞մ եք:
-Ո՛չ:
Նորից դաժան ծեծ: Ես ու Սաշան իրար նայեցինք ու անխոս հասկացանք՝ տղերքին մատնել են, մտածեցինք՝ հաստատ ծանոթ մեկն է եղել, թե չէ՝ ով պիտի իմանար անուն-ազգանունները…
Մեկ ամիս անց մեզ տեղափոխեցին ինչ-որ ուրիշ շենք: Այս անգամ տարբեր խցերում էինք: Իմ խցում տարեց մի մարդ կար: Հարցրեցի՝ պարզվեց, որ հայ է, ասաց, որ Ստեփանակերտի շուկայի մոտ որպես ժամագործ է աշխատում: Նրան մեղադրում էին ադրբեջանցիների տները հրկիզելու եւ կողոպտելու գործով: Անունը Ռուդիկ էր: Ընկերացանք: Իսկ հաջորդ օրը մեր խուց բերեցին Քարին տակից Մարտիկ անունով մեկին, ում եւս մեղադրանք էր հարուցված որպես մարդասպանի: Հաջորդ օրերին եւս հայ բանտարկյալների բերեցին՝ Մարտակերտից, Ննգիից, Հաղորտիից, Հադրութից: Դարձանք 12 հոգի: Վերջին բանտարկյալը, ով միացավ մեզ, Յուրան էր, ում մականունը <<գեներալ>> էր. նա էլ մեղադրվում էր` որպես ազգամիջյան պատերազմի հրահրիչ…
Մեկ ամիս էր՝ արևի երես չէինք տեսել: Հետո նորից սկսեցին հարցաքննումները: Մի կողմից ուրախանում էինք, որ շենքից դուրս տանելիս գոնե լույս կտեսնենք, մյուս կողմից սարսռում էինք սպասվող տեսարանից: Ամենաշատը կանչում ու տանում էին ինձ, Սաշային ու Յուրային, հազար անգամ նկարում էին, մատնահետք վերցնում: Տանելն էլ հո սովորական տանել չէր. շների համար նախատեսված շղթայի ծայրը դնում էին մեր բերանում եւ քաշում մյուս ծայրը, ստիպում, որ շան պես հետեւենք իրենց:
Հատուկ սենյակում ականատես եղա հետեւյալ տեսարանին. հայ բանտարկյալներից մեկին կիսամերկ վիճակում կանգնեցրել էին եւ եւ երկաթե տաք ձողով խոշտանգում էին: Աչքերս փակեցի, ինձ թվաց՝ դժոխքում եմ, իսկ կողքիս կանգնածները սատանաներ են՝ այլանդակ ու անմարդկային դեմքերով: Հինգ րոպե հետո ինձ կանգնեցրին նույն տեղում: Աչքերս չէի ուզում բացել, արդեն գիտեի՝ նույնն էլ ինձ է սպասվում: Անցավ 10 րոպե: Լսում էի նրանց խոսակցությունները, իրար հետ վիճում էին ինչ-որ հարցի շուրջ: Իմ կտտանքներն ավելի քիչ տեւեցին, քան նախորդինը: Դահիճներն ինչ-որ հարցեր ունեին իրար հետ պարզելու եւ ինձ ավելի շուտ բանտախուց տարան: Բանտախցում ես խնդրեցի մարտակերտցի Մելսիկին, որ մեջքիս վիճակը զննի: Նա ասաց, որ վառած է: Ես ահավոր ցավ էի զգում: Մինչեւ օրս նույն տեղն անընդհատ քոր է գալիս, ու երբ քորում եմ՝ չորացած վերք է պոկվում՝ առանց արյունի…Երևի դա էլ նրա համար է, որ միշտ հիշեմ դժոխքի օրերը եւ ավելի շատ սիրեմ կյանքն ու ընկերներիս…
Վերակացուներն ամեն օր նարդի էին խաղում, եւ պայման ունեին. ով որ պարտվում էր, պետք է խուցից մեկին հաներ եւ միջանցքում իր ուզած ձեւով ձեռ առներ: Մի օր էլ ես դարձա զոհը: Նրանք ստիպեցին, որ մերկանամ եւ միջանցքով սողեսող գնամ ու գամ: Միջանցքը նոր էին լվացել բենզինով: Ես ուժ չունեի երկար դիմանալու, դրան ի պատասխան՝ դագանակով 10 անգամ հարվածեցին ու շպրտեցին խուց: Մի բան էր միայն ուրախացնում՝ բենզինի հետ շփումից հետո ինչքան ոջիլ կար ինձ վրա՝ սատկեց, մի քանի օր շնչեցի առանց ոջիլի, մինչեւ որ նորերը <<ժամանեցին>>…
Մեզ հաճախ էր այցելում ղարադաղլուեցի Մամեդը: Նա ինձ հիշեցնում էր անընդհատ, որ ինքը գիտի, թե ովքեր են Ղարադաղլուի վրա հարձակվել: Ասաց, որ սպանվածների մեջ իր բարեկամներից էլ կային, ու ամեն ասելուց հարվածում էր: Նրանից վերջին հարվածը ստացա այն ժամանակ, երբ մեզ պետք է Շուշիից տեղափոխեին Բաքու: Նա ատրճանակի բութ մասով երկու հարված հասցրեց ճակատիս, որի հետքերը մինչեւ հիմա հիշեցնում են իրենց գոյության մասին:
Շուշիի <<Գրադ>> կայանքը տեղակայված էր մեր խցի պատուհանի տակ: Կրակում էին Ստեփանակերտի ուղղությամբ՝ ժամը 19-ից մինչեւ 24-ը: Ամեն մի կրակոցից հետո լսում էինք ուրախ բացականչություններ. նրանք ադրբեջաներեն ասում էին՝ ուռռա՜, վառվում է հիվանդանոցը, կպավ հյուրանոցին, քանդվե՜ց ալրաղացը եւ այլն: Մենք լսում էինք եւ մտածում՝ մերոնք կգան, դուք դեռ ուրախացե՛ք, գազաննե՛ր…
Մեր խցի մոտ գտնվում էր հարցաքննության սենյակը, եւ մենք ամեն անգամ լսում էինք, թե ինչպես են հայերին խոշտանգումների ենթարկում: Մենք էլ էինք մեր հերթին հայտնվում այդ սենյակում եւ ուշագնաց դուրս գալիս այնտեղից : Այնտեղ ծեծի ժամը սկսվում էր առավոտյան ժամը 11-ից եւ շարունակվում էր մինչեւ երեկոյան 8-ը: Շաբաթ եւ կիրակի օրերին հերթապահները թույլ էին տալիս, որ իրենց փոխարեն հայերին ծեծեն թուրք բանտարկյալները: Նրանք էին ընտրում, թե ում եւ ինչպես ծեծեն, ծաղրուծանակի ենթարկեն:
Ամբողջ օրվա համար մեզ տալիս էին հացի ¼ մասը, առավոտները մեկ բաժակ եռացրած ջուր էինք խմում, իսկ ճաշին բանտարկյալների ճաշի մնացորդներն էին շպրտում մեր առաջ: Ուրիշ շատ բաներ էլ էին անում, որ գրիչս հրաժարվում է գրել, թեւեւ ինքս ինձ խոստացել էի, որ ամեն բան կգրեմ՝ ցույց տալու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ անմարդկային ցեղը, ով մարդ կոչվելուց հեռու է ու երբեք էլ չի մարդանա…
Երբ հայերի կողմից ադրբեջանցիները որևէ ձախողում էին ունենում, երբ որևէ զոհ էին ունենում, մեզ վրա թանկ էր նստում այդ օրը: Միայն մի բան էինք երազում, որ մթնի ու գա ժամը 22-ը, որպեսզի ծեծից ջարդված մարմիններս փռենք երկաթե մահճակալներին եւ փորձենք աչք փակել մի քիչ: Մենք երազներ չէինք տեսնում, մեր բոլոր երազները մղձավանջներ էին, դժոխային տեսարաններ: Երազներիս մեջ մի բան էր շատ՝ կարոտը. անընդհատ տեսնում էի հարազատներիս դեմքերը, ջոկատի տղերքի դեմքերը, ուզում էի ասել՝ տղե՛րք, ներեցեք ինձ, որ խեղճացել եմ այս ցավերից, բայց նրանք չէին թողնում, որ խոսեմ, նրանք ասում էին՝ պինդ կաց, գալիս ենք… Ես ամեն առավոտ արթնանում էի այն համոզմունքով, որ Արմենը մի բան կանի, հաստատ մի բան կանի, որպեսզի մեզ դուրս բերի այստեղից…
Թուրքերի մեջ կար Էլմար անունով մեկը, ով մի քիչ խղճով էր /հաստատ մեջը հայի արյուն կար/: Նա մեկ-մեկ ծխախոտ էր խցկում մեր գրպանները եւ թույլ տալիս, որ ծխենք:
Թուրք հերթապահները կազմված էին 3 խմբից: Խմբի պետ Ավազը իր հերթն ընդունելու ժամանակ սիրում էր շղթայով ծեծել, մյուսը՝ Վալեն, հայերին պառկեցնում էր փորի վրա եւ կոշիկներով ցատկոտում մեջքներին, իսկ մյուսը՝ Միրզան, ստիպում էր, որ 12 ժամ մերկ պառկենք գետնին, իսկ ինքը դագանակով հարվածներ էր հասցնում…
Մի օր մեզ տարան բաղնիք: Երկու հոգու համար տալիս էին մեկ չորրորդ օճառ, ջուրը սառն էր, լողանալու տեւողությունը՝ 5 րոպե: Կարևորը՝ գոնե լողացանք…
Աշնան սկզբին մեզ սկսեցին նաեւ հանձնարարություններ տալ. դժվար աշխատանքներ էին:
Բեռնափոխադրումներ էինք անում: Շատ ծանր պարկեր էին, մոտ 40-50 կգ, ստիպում էին, որ տանենք պահեստ: Տեղափոխումը կատարվում էր խիստ հսկողությամբ, ամեն քայլափոխի կանգնած էր երկու զինվոր, յուրաքանչյուրի կողքով անցնելիս՝ դագանակով խփում էին եւ ասում՝<<բեգո՛մ, բեգո՛մ>> /վազքո՛վ, վազքո՛վ/…
Մի օր մեզ տարան ճաշարանի մոտ՝ սոխ տեսակավորելու: Շեֆ խոհարարը <<մի քիչ խիղճ ուներ>>, ասաց, որ թույլ է տալիս ամեն մեկս ուտենք 3 հատ սոխ եւ ոչ ավել: Ուրախացանք, որովհետեւ օրերով քաղցած էինք մնում: 3 սոխ ուտելուց հետո ունեցանք որովայնի ուժեղ ցավեր: Ջուր խնդրեցինք, չտվին: Ճաշարանում աշխատող կանանցից մեկը տեսավ մեր վիճակը եւ թաքուն իր մոտ կանչեց: Սեղանին դրված էր հաց, կարտոֆիլ եւ ձկան պահածո: Ասաց, որ արագ ուտենք, քանի դեռ մարդ չի եկել: Խոհանոցի աշխատակիցները նկատեցին ու սկսեցին անիծել կնոջը, ասացին, որ եթե մենք սեղանին մոտենանք, ապա իրենք այլեւս ճաշարանում հաց չեն ուտի, որովհետեւ մենք հարամ ազգ ենք: Կինը մեզ մի-մի կարտոֆիլ տվեց եւ հաց, խնդրեց, որ շուտ դուրս գանք խոհանոցից: Այդ պահին վրա հասան հսկիչները, եւ տեսնելով այդ ամենը՝ մատ թափ տվին կնոջ վրա, հայհոյեցին, հետո դիմեցին մեզ՝ եթե ուզում եք հացն ու կարտոֆիլը ուտել, կերեք, խնդիր չէ, բայց դրա դիմաց կստանաք դագանակի 10 հարված: Մենք սուս ու փուս ցած դրինք ուտելիքը…
Շուշիի բանտում մաշվում էր մեր երիտասարդությունը, իսկ բանտից այնկողմ պատերազմ էր. պատերազմում մաշվում էր մեր ընկերների երիտասարդությունը: Մենք դիմանում էինք, որովհետեւ հավատում էինք, որ լավ է լինելու…
/շարունակելի/
Ազատամարտիկի բանտային հուշագրությունը
Խմբագրեց Հերմինե Ավագյանը