«Օղակ» մաս 4-րդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Օղակ» » «Օղակ» մաս 4-րդ

«Օղակ» մաս 4-րդ

/3-րդ մասը՝ նախորդ համարում/

«Շուշիից Բաքու»

Մեզ լուր հասավ, որ Լենինգրադից մի խումբ  փաստաբաններ են եկել Շուշի, որպեսզի հայերին պաշտպան կանգնեն: Բանտախցում ասում էին, որ նրանք ազդեցիկ հայերի կողմից են վարձատրվում, եւ նպատակը բանտարկված հայերին օգնելն է: Բոլորիս հերթով կանչում էին: Իմացա, որ Սաշային էլ են կանչել, փաստաբանի ներկայությամբ հարցաքննել: Ինձ կանչեցին ամենավերջում:

Օրերից մի օր քննիչն անձամբ եկավ խուց եւ ինձ տարավ իր հետ: Ճանապարհին ասաց.

-Լենինգրադից ձեզ համար պաշտպաններ են եկել: Հիմա լսիր, թե ինչ եմ ասում քեզ: Երբ մտնենք, նա նստած կլինի: Դու նրան կասես, որ պաշտպանի կարիք չունես, որ քեզ ոչ թե ռուս փաստաբան է պետք, այլ՝ ադրբեջանցի: Հասկացա՞ր, թե՞ հիշեցնեմ քեզ այն ամենը, ինչ կանենք հետդ, եթե չենթարկվես…

Լռություն:

-Պա՞րզ է, ի՞նչ ես լեզուդ կուլ տվել: Թե՞ ուզում ես առաջին կարգի հաշմանդամ դառնալ:

Ոչինչ չեմ պատասխանում: Հասնում ենք հարցաքննման սենյակ: Ռուս փաստաբանը նստած է: Հետեւում կանգնած են 5 ազերի դահիճներ, աչքներում՝ արյան կարմիր:  Նստում եմ դեմ առ դեմ: Նկատում եմ՝ ռուսի ձեռքը կապած է վիրակապով, ձախ աչքի տակը կապտած է, ոտքը՝ փաթաթած: Հասկանում եմ՝ նրան արդեն  ծեծել են: Սրտիս մեջ ծակոց եմ զգում: Նա ասում է, որ իրեն հայերն են ուղարկել, որպեսզի ինձ օգնի որպես փաստաբան: Ասում է՝ եթե համաձայն չեմ, ապա ստորագրեմ, որ համաձայն չեմ, եւ ինձ է մեկնում թղթի մի կտոր: Զգում եմ, որ սեղանի տակ  ոտքս տրորում է. ուզում է բան հասկացնել: Հո հիմար չեմ, հասկանում եմ, որ մեկ է՝ այս ամենից բան չի փոխվի. սրան արդեն վախեցրել են, սրանից ի՞նչ պաշտպան: Ստիպված ասում եմ, որ ոչ մի պաշտպան էլ չեմ ուզում եւ խնդրում եմ, որ ինձ բանտախուց տանեն: Ռուս <<պաշտպանը>> թեթեւացած շունչ է քաշում…

1992թ. հունվարի 1-ն է: Հիշում եմ մորս, հիշում եմ բոլորին. տեսնես սիրտ ունե՞ն Նոր տարի նշելու: Երևի մայրս հաց ու ջրից կտրված է, երևի ամեն օր նստում է դարպասի մոտ՝ աչքը ճամփին, երևի հազար անգամ հարցրել է տղերքին՝ լուր ունե՞ք: Այս Նոր տարուն ոչինչ չեմ ուզում, ուզում եմ միայն մորս արցունքները սրբել…

Ազերիները որոշում են իրենց Ամանորն ավելի ճոխ նշել եւ 6 հոգով ներս են խուժում, մի լավ ծեծում մեզ դագանակներով: Նրանց գլխավորը՝ Ավազը, մոտենում է ինձ ու ատելությամբ ասում.

— 0н настояший боевик* :

Ասում է ու հռհռում: Ավելի ուժեղ է զարկում:

Հետո, երբ դահիճները գնում են, մարտակերտցի Մելսիկն ասում է՝ հաշվել եմ, գլխիդ 33 հարված է հասցրել: Ես էլ հազիվ կարողանում եմ ասել. <<Դե՛, դա էլ իմ Նոր տարվա նվերն է, միշտ կհիշեմ>>:

Մեզ բոլորիս հավաքում եւ դուրս են տանում: Բանտի դիմաց տեղափոխման հատուկ  մեքենաներ էին կանգնած: Հասկանում ենք, որ  ուրիշ տեղ են տեղափոխելու: Մեզ ստիպում են, որ հանենք կոշիկներն ու ոտաբոբիկ նստենք մեքենաները: Ճանապարհվում ենք: 4 ժամից ավելի ճանապարհ ենք գնում: Հետո ենք միայն հասկանում՝ Բաքվի բանտն են տանում…Դա Բայիլի բանտն էր…Բոլորին կոշիկներ են տալիս, բացի ինձնից:

Բանտախուցը սառն էր. ոտաբոբիկ մարդուն թվում է, թե սառույցի վրա է կանգնած: Բանտախցի մահճակալներից մեկի տակ ինչ-որ բանտարկյալի թողած կոշիկներ եմ գտնում ու շտապ հագնում: Կոշիկները քրքրված էին, բայց հաստատ ինձանից ավելի լավ օրում էին:

1992թ. հուվարի 8: Հիշում եմ, որ ծննդյանս օրն է, բայց ամենաքիչը դրա մասին եմ ուզում մտածել: Երեկոյան մեզ նորից հավաքում ու դուրս են տանում, նորից տեղափոխություն: Այս անգամ հայտնվում ենք նախկին բանտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Շուվիլան բանտում: Բանտի աշխատողներն ուրախացած դիմավորում են մեզ, ասես Ամանորյա թանկարժեք նվերներ են ստանում: Նրանց բոլորի աչքերում նույն արտահայտությունն է, նրանց բոլորի աչքերում  մարդկային որևէ բան եմ ուզում գտնել, բայց ոչինչ չեմ գտնում, բացի արյան կարմիրից: Մեզ շարք են կանգնեցնում եւ սկսում են  հերթով կարդալ մեր անուններն ու ասել, թե ով ինչ գործով է մեղադրվում, ինչ պատժի պիտի արժանանա: Իմ, Սաշայի եւ Յուրայի անունները կարդալիս շեշտում են՝ գնդակահարությու՛ն:

Ջարդուխուրդ արած՝ մեզ բանտախուց են նետում: Նախապես տեսակավորել էին. թեթեւ հանցագործները մեկ խցում, ծանր հանցագործություններում մեղադրվողները՝ այլ: Ես, Սաշան, Յուրան վերջինում էինք:

Մեր բանտախցում ծանոթանում եմ բերդաձորցի Արվիդին, ում մեղադրում էին ինչ-որ թուրք լրագրողի սպանության գործով:

Երկաթե մահճակալները քիչ էին, ուստի երկու-երկու էինք քնում: Ես եւ Արվիդը մեկ մահճակալի պիտի քնեինք, երկաթի վրա, առանց ծածկոցի: Արվիդը հին բանտարկյալներից էր: Նա մի քանի հոգու արդեն հասցրել էր ճանաչել եւ զուգարանի պատի անցքով կապ էր պահում կողքի խուցի բանտարկյալների հետ: Մենք այդ անցքը <<հեռախոս>> էինք անվանում: Կողքի բանտախցից մեզ մեկ-մեկ որոշ նորություններ էին ասում դրսի աշխարհից: Այնտեղ իմանում ենք, որ մերոնք ահագին հաջողություններ են ունեցել, որ կռիվը նոր թափ է ստացել:

Այդ գիշեր երազիս մեջ դարձալ տղերքին եմ տեսնում. Արմենը դարձյալ ժպտում է: Հետո նրանց դեմքերն անհետանում են եւ մնում է միայն մի ձայն, որն ասում է՝ արդեն գալի՜ս ենք…

Բաքվի բանտապահները շատ քիչ էին տարբերվում Շուշիի բանտապահներից. նույն դժոխքն էր, վանդակներն էին մի քիչ տարբեր, ու մեկ էլ այն, որ Շուշիում մեզ դագանակով էին հարվածում, իսկ այստեղ հատուկ մուրճով: Չի եղել այնպիսի մեկը, ով մուրճի առաջին իսկ հարվածից չուշաթափվի: Մուրճը ոչ մեկին չէր խնայում:

Փետրվարին իմ խուցը փոխում են: Այս անգամ ինձ հետ են Յուրան, Կառլենը, Բաքվից մի ռուս եւ մի վրացի: Այս վերջինը լավ կապեր ուներ բանտապահների հետ: Նրան լավ էին կերակրում, առոք-փառոք ապրում էր: Հետո սկսեց իր ճաշերից մեզ էլ տալ, իբր ուզում է լավություն անել : Հասկանում ենք իսկույն՝ դրսից պատվեր է ստացել, ուզում է մեզ կերակրել, որ տեղեկություններ հայտնենք իրեն: Մեզ հիմարի տեղ ենք դնում ու ասում, որ ոչ մի բան չգիտենք:

Մի օր Յուրան վրացուց ծխախոտ  էր խնդրել: Վրացին հաջորդ օրը 3 տուփ <<պրիմա>> էր բերել, բայց պարզվում է, որ դա էլ անվճար չէր. 3 տուփ ծխախոտի դիմաց նա պոկում ու վերցնում է Յուրայի 3 ոսկե ատամները…

Ինձ նորից կանչում են  հարցաքննության: Ուղեկցողը, ում անունը Նազիմ էր,  ասում է, որ պետք է ծնկաչոք հասնեմ քննիչի մոտ: Հրաժարվում եմ: Հարվածում է, ստիպում կռանալ, ապա նստում է մեջքիս ու ասում, որ այդպես կգնանք մինչեւ քննիչի սենյակ:

Քննիչի կողքին երկու հոգի էին կանգնած՝ քաղաքացիական շորերով: Նրանք ներկայանում են  որպես վկաներ ու ասում, որ ինձ ու ընկերներիս ճանաչում են եւ գիտեն, որ մենք ենք հարձակվել Ղարդաղլուի վրա: Նյարդերս տեղի են տալիս, ու ասում եմ. <<Տո, անասունե՛ր, մի քիչ տղամարդ կացեք>>: Ի պատասխան դրան՝ քննիչի աթոռը հասնում է ուղիղ գլխիս: Քննիչը ասում է՝ քեզ կգնդակահարեն: Գոռում եմ՝ գնդակահարեք, պրծեք…Դե՛, ու՞մ եք սպասում…

Արդեն չէի կարողանում մաշկիս վրա զգալ ու տանել զանազան ստորություններն ու անպատվությունները, որ անում էին ազերի դահիճները. ինքնասպանության հնարավորություն էլ չկար… Թվում էր՝ խավարը վերջ չունի:

Մի օր էլ վրացին մի թերթ է բերում: Կարդում ենք. <<Հայերը վերցրել են Շուշին>>: Թերթը դողում է ձեռքիս մեջ, ամեն բան դողում է, ամեն բան ցնդում է, վերանում, մնում է միայն լույսի մի ստվեր, որ ներս է  մտնում բանտախուց: Բանտախուցում ոչ մեկին չէի տեսնում, ինքս ինձ չէի տեսնում, կուրացել, համրացել էի ուրախությունից, միայն զգում էի սրտիս ուժգին զարկերը, ուրիշ՝ ոչինչ: Ուզում էի գոռալ. <<Շուշի՜ն մերն է, տղերքը գալի՜ս են…Տղերքը չէին կարող խաբել, տղերքը գալի՜ս են…>>:

Թերթի լուրն ավելի է գազանացնում հսկիչներին. օրվա ծեծը սվորականից դաժան է դառնում, բայց այս անգամ ասես անզգայացել էի ուրախությունից: Միայն սիրտս էի զգում, միայն սրտիս ուժգին զարկերը…

Մեզ տանում են քար կրելու: Մեծ ու ծանր քարեր էին: Յուրային ստիպում են վերցնել ամենամեծ քարը, որը 3 հոգով չէինք կարողանում բարձրացնել: Յուրան չի կարողանում բարձրացնել, դրա համար մեր աչքի առաջ դաժանորեն ծեծի է ենթարկվում:

Երկու օր անց, երբ դարձյալ քար էինք կրում՝ հալից ընկած, ոտաբոբիկ ու սոված, մի սպա է մոտենում: Ձեռքին թուղթ կար ու նկարներ: Կարդում է նաեւ իմ ու Սաշայի անունները: Մոտենում ենք: Ասում է, որ հետեւենք իրեն:

-Տանում են գնդակահարության,-կամաց փսփսում եմ Սաշային:

-Կարող է,- ասում է Սաշան:

-Մահը գերադասելի է, այնտեղ գուցե Աստված խղճա մի քիչ՝ դժոխք չընկնենք:

Սաշան ժպտում է: Ինձ թվում է՝ վերջին անգամ եմ տեսնում Սաշայի ժպիտը:

Մեզ ուղեկցողը ադրբեջաներեն բան է ասում ճանապարհին կանգնած ոստիկանին: Հասկանում ենք իսկույն՝ մեզ տանում են գերիների փոխանակման: Ուրեմն՝ մեր հետեւից եկել են: Տղերքը եկել են: Արմենը չէր կարող չգալ…

Ես ու Սաշան իրար ենք նայում: Տեսնում եմ նրա աչքերի տարօրինակ փայլը, նա էլ երևի՝ իմը: Ուզում եմ ասել նրան. <<Ես գիտեի…Երազիս մեջ…>>: Սաշան էլ է երևի ուզում նույնն ասել, Սաշան էլ է երևի նույն երազը տեսել, բայց մենք լռում ենք: Դա սովորական լռություն չէր, դա ապրեցնող լռություն էր….

/շարունակելի…/

Խմբագրեց Հերմինե Ավագյանը

Թարգմ.՝

*Նա իսկական մարտիկ  է

1