«Օղակ» Մաս 1-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Օղակ» » «Օղակ» Մաս 1-ին

«Օղակ» Մաս 1-ին

Ազատամարտիկի բանտային հուշագրություն

Այս պատերազմը մեզ պարտադրեցին, բայց մերը դարձավ, որովհետեւ եթե մերը չդառնար, մենք կհայտնվեինք նրա զոհասեղանին…Այս պատերազմը մերը չէր, իրոք, բայց մեզ ստիպեցին ոտքի կանգնել, իսկ ոտքի կանգնած հայը, ով իր ոտքերի տակ իսկապես զգում է սեփական հողը, չի կարող այլեւս նստել ու սպասել, նա արդեն կանգնել է, նա պետք է կանգնի մինչեւ վերջ, միայն մահացու հարվածը կարող է նրան ստիպել ընկնել…Նմանների ընկնելն էլ սովորական ընկնել չէ, այլ՝ նոր ճանապարհի սկիզբ…

Այս պատերազմը մեզ պարտադրեցին…Ադրբեջանական բանտերում բազմաթիվ հայ գերիների խոշտանգումները՝ զանազան անմարդկային ձեւերով, անկարելի է տեղավորել մարդկային երևակայության սահմաններում: Իրագործողները մարդանալու ճանապարհից վաղուց էին շեղվել, եւ սա սոսկ հուզմնալից բնորոշում չէ, այլ մի իրականություն, որի ապացույցները շատ են, վկաները՝որքան ուզեք: Բոլորիս հայտնի <<Օղակ>> գործողությունն եղավ դրա  հավաստիքներից մեկը…

Այս օրագիրը գրվել է մի մարդու գրչով, ով, ինչպես ինքն է ասում, փրկվել է դժոխքից եւ եկել է պատասխանելու, թե ի՞նչ արեցին եւ ինչո՞ւ եղավ պատերազմը…Դաժան պատմություն է լինելու, որ ոչ միայն իր՝ ականատեսի, այլ Շուշիի ու Բաքվի բանտերում տանջալլուկ բազմաթիվ հայ գերիների պատմությունն է…Կարդացեք ազատամարտիկի բանտային հուշագրությունը եւ դուք կզգաք, որ այն օրերին ամենամեծ երազանքը ապրելն էր սոսկ՝ մարդավարի ապրելը…

Մենք պատերազմ չէինք ուզում, բայց դա էր խավարից դեպի լույս տանող  միակ արահետը…

Օրագրի խմբագրի կողմից

                                                               Մաս առաջին

<< Կյանքը վանդակի մեջ>>

 Մի հին երգից երկու տող է մնացել հիշողությամնս խորքում.  դրանք այնքան տպավորիչ են, որ քնիս մեջ  անընդհատ կրկնում եմ, կարծես թե ամենանգամ աշակերտի պես պատրաստվում եմ վաղվա դասին, իսկ ուսուցիչս այդպես էլ չի հարցնում դասս:

<<Մենակ մարդը թող չգնա ճանապարհ,

Ինչքան էլ որ կարճ լինի, կթվա՝ երկար…>>:

Այո, մենությունն ահավոր մի բան է, որ մարդը երբեմն ինքն է իրեն դատապարտում: Կան մտքեր, որ հանգիստ չեն տալիս, ու եթե դրանք մնում են ներսումդ, մենությունը դառնում է անխուսափելի: Ուզում եմ կոտրել այս տարիների լռությունս եւ բացել մենությանս վանդակը, ազատություն տալ ապրումներիս, որպեսզի կարդացողն իմանա, թե ով ենք մենք եւ ովքեր են նրանք, որ ապրել են անհայրենիք ու անպատմություն…

Բախտավոր է այն ծնողը, ով իր զավակների մեջ տեսնում է իր երազանքների իրականացման որևէ շող, նայում է նրան ու հպարտություն զգում այն բանի համար, որ ինքը կոճղ չէ, ինչը լավագույն դեպքում կարող է վառելանյութ դառնալ, այլ նման է սաղարթավոր ծառի, որը բերք է տալու դեռ, շա՜տ բերք: Ես նայում եմ զավակներիս եւ զգում եմ, որ երջանիկ եմ իմ ճյուղերով, ես իմ անցյալի համար չեմ ատում ոչ մեկին եւ միայն աղոթում եմ, որ իմ պատմությունը չկրկնվի ու ծառս երբեք չճկվի քամիներից, այլ զորանա, բարիք տա մարդկանց…

Հայրս պատերազմի մասնակից էր, ուներ երեսունվեց հատ խոշոր ու  սիրուն մեդալներ: Նա շատ էր պատմում իր ու ընկերների սխրանքների մասին՝Ղարաբաղից Լենինական, ապա Մոզդոկ, Բեսարաբիա, Գերմանիա, Մոսկվա, Ճապոնիա…Նրա այդ ճանապարհորդությունների մասին լսում էի մեծ ոգեւորությամբ ու մտածում էի՝ ե՞րբ է գալու իմ ժամանակը, արդյոք կկարողանա՞մ նմանվել հորս, իսկական տղամարդ դառնալ…

Նոր էի ավարտել ծառայությունս Ստավրոպոլի, Ղազախստանի եւ Կրասնոդարի տարածքներում, երբ սկսվեց 1988-ը, եւ անտեսանելի մեկը հուշեց ականջիս՝ ժամանակդ եկել է, պատիվդ  գետնով չտաս…

1988թ: Աշխարհը մեզ համար ցնցվեց, իրոք՛ ցնցվեց, որովհետեւ մենք դրան չէինք սպասում: Ժողովուրդը տարվեց ցույցերով, հացադուլներով, դասադուլներով, <<միացում>> բառով քնում ու արթնանում էին բոլորը: Երևանում էի բնակվում, բայց ծննունդով Արցախի  եմ: Գնում էի ցույցերի, թեեւ հոգուս խորքում զգում էի, որ դրանից բան դուրս չի գա, լսող չկա ու չի լինի: Միեւնույն ժամանակ՝ խանդավառվում էի <<միացում>> բառը կրկնելուց եւ արդեն պատկերացնում էի դա: Մի օր ասացի ընկերոջս. << Այնքան եմ ուզում այդ միացումը, գիտես խի՞, հերիք է, որ  ոմանք  մեզ <<շուռ տված հայ>> են  անվանել, իսկ Սփյուռքից եկածներին՝<<ախպար>>, ախր մենք մեկ ազգ ենք՝ ուր էլ ապրենք: Թող միացում լինի, որ էլ չկոչվենք ղարաբաղցի,  այլ կոչվենք՝հայ, միայն հա՛յ…>>: Ընկերս ծիծաղեց, թե. << Ամեն ասածի ուշադրություն մի դարձրու, հայի պատմությունը Ղարաբաղից է գրվել, ու  դա դեռ շատ ենք ապացուցելու դրսի չուզողներին>>:

-Ներսում էլ կան որոշ չուզողներ, բայց ոչինչ արտ չկա, որ մոլախոտ չունենա…

-Թող լինեն, դրանց քաղհանելու ժամանակն էլ կգա…

Ու այսպես ամբողջ օրն անց էինք կացնում Երևանի Ազատության հրապարակում: Եղել են դեպքեր, երբ ավտոմեքենաներով փակել ենք ճանապարհները, որպեսզի ռուսական տանկերը չմտնեն Ազատության հրապարակ:

Հաճախակի էինք հանգանակություններ կազմակերպում՝Արցախ ուղարկելու համար: Այնտեղ, որտեղ աշխատում էի, մարդիկ սիրով միանում էին հանգանակությանը: Այդ գործում զգալի դեր ուներ մեր տնօրեն Խաչատրյանը: Վերջինս օգնեց, որ ահագին սննդամթերք եւ այլ անհրաժեշտ միջոցներ հավաքենք եւ ինքնաթիռով ուղարկենք Ստեփանակերտ: Օդանավակայանում գործում էր <<Ամարաս>> կազմակերպությունը: Այդ կազմակերպության միջոցով տեղափոխման գործը գլուխ բերեցինք: Ես որոշեցի, որ Ղարաբաղ գնալու իմ ժամանակը եկել է, սակայն ուզում էի մենակ չգնալ եւ որոշմանս միացան  Ալեքսանդրը, Արտավազդը, Մարտինը, Սամվելը, Վաչագանը եւ Գրիշան: Դիմեցինք <<Արցախ>> հայրենակցական կոմիտեին, ստացանք համաձայնություն: Մեր վերապատրաստման նախաձեռնությունը ստանձնեց գնդապետ Պետրոսյանը: Տարան Բյուրական, որտեղ  մեզ սովորեցրին մի շարք մարտական հմտություններ, այնուհետեւ տարան պոլիտեխնիկ ինստիտուտի ռազմական բաժին եւ սովորեցրին քիմիական զենքերից պաշտպանվելու ձեւերը:

1991թ. մարտ: Իննը հոգանոց մեր խումբն արդեն Ղարաբաղում էր: Այդ այն ժամանակներն էին, որ պատմության մեջ մտավ որպես <<անձնագրային ռեժիմ>>-ի ժամանակներ: Ռուսական զորքերն ամենուր էին, նրանց հետ նաեւ՝ Ադրբեջանի ազգային ճակատը:Օդանավակայանում մեզ մանրակրկիտ զննեցին եւ բաց թողեցին: Ստեփանակերտից բեռնատարով հասանք մեր գյուղ: Ես շատ մտերիմ էի գյուղի տղերքի հետ, ովքեր արդեն գործում էին ընդհատակյա, ջոկատ ունեին: Գյուղացիք այնքան բարի էին ու հյուրասեր, որ մեր տղաները ոչ մի վայրկյան սոված չէին մնում: Սկսած գյուղապետ   Բալայանից մինչեւ ամենավերջին գյուղացին՝ ամեն օր հյուր էին կանչում մեզ եւ տան եղած-չեղածից հյուրասիրում: Գյուղի ջոկատի հրամանատարն Արմենն էր: Հոյակապ անձնավորություն էր, իր գործի գիտակ, նաեւ զենքեր էր շինում, կազմակերպված էր ու քաղաքավարի, ամեն հարցի պատասխան ուներ: Նրա տեղակալը Դավիթն էր, ում հետ եւս մտերմացանք: Երկրորդ օրն արդեն գործի անցանք: Մեր հսկողության տակ պետք է պահեինք գյուղին մոտ գտնվող տարածքներից մեկը, որտեղ կոլտնտեսության պահեստներն էին եւ խոզաբուծական ֆերման: Գյուղին  մոտ գտնվող բարձունքներից  մեկի վրա կառուցեցինք գետնափոր տնակ, որն ուներ երկու դիտակետ: Հերթապահությունը անց էր կացվում խիստ կարգապահությամբ: Քանի որ զենքի պակաս կար, որոշեցինք Արտավազդին ու Վաչագանին ուղարկել Երևան, որ այնտեղից մի բան հայթայթեն: Մյուսներս զբաղվում էինք զենք շինելով: Սարքում էինք ինքնաշեն նռնակներ, ականներ, բեռնատար մեքենաների ղեկի ձողից սարքում էինք որսորդական հրացաններ:

Աղդամ-Մարտունի մայրուղին միակն էր, որ կապում էր գյուղը շրջկենտրոնի հետ: Ճանապարհը գտնվում էր ռուսների եւ ազերիների հսկողության ներքո, ուստի վարորդներն ամեն անգամ ռիսկի էին դիմում: Այդ օրերին ազերիները հարևան  գյուղից մի վարորդի առևանգեցին,իսկ հետո, դրան ի պատասխան, նույն գյուղի տղաներն ազերիներից մեկին գերեցին: Վերջինիս անունը Թելման էր: Որպեսզի հարևան գյուղի տղաներին չկասկածեն, մենք պատանդին տեղափոխեցինք  մեր գետնափոր տնակը եւ ստանձնեցինք նրան հսկողությունը ( իմիջիայլոց, հրամանատար Արմենը եւ մեր ամբողջ ջոկատը շատ լավ հարաբերություններ ունեին կողքի գյուղերի ջոկատների հետ եւ այդ միասնությունից էլ գործը շահում էր)…

Պատանդի աչքերը փակ էինք պահում, ձեռքերը՝ կապած, բայց միայն այդքանը: Ապրում էր <<արքայավայել>>, ուտում էր այն, ինչ մենք, օրը երեք անգամ սնվում էր, նույնիսկ՝գինի եւ թթի օղի էինք մտալիս: Մարդավարի պահում էինք, ոչ մի կտտանք: Այդ օրերին օմոնականները* շրջափակում եւ գերեվարում են մեր գյուղին հարակից  գյուղից 4 հոգու, ովքեր հսկում էին իրենց գյուղի տարածքները: Նրանց տանում են Աղդամի մոտ գտնվող <<Դաշբուլաղ>> բանտը: Քանի որ  առեւանգված հայ վարորդից ոչ մի լուր չէր հաջողվում ստանալ, մերոնք Թելմանին որոշում են փոխանակել նշածս 4 հայ գերիների հետ: Պատանդը, լսելով փոխանակման լուրը, աղաչում էր, որ իրեն չտանենք, ուզում էր մնալ մեզ մոտ, ասում էր, որ մեզ մոտ լավ է, որ շատ շնորհակալ է վերաբերմունքի համար: Փոխանակումը պետք է կատարվեր գիշերը: Տեղափոխման ժամանակ Թելմանը խնդրում է, որ թույլ տանք զուգարան գնա, եւ մերոնք արձակում են նրա ձեռքերը: Փորձում է փախչել, բայց չի հաջողվում, որովհետեւ տեղանքին ծանոթ չէր, իսկ մենք տաս մատի պես գիտեինք մեր քար ու քոլի տեղը: Նրան գտնում ենք մոշի թփի մեջ թաքնված: Տղերքը ծիծաղում են. <<Էդ ինչքա՜ն ենք քեզ լավ պահում, որ չես ուզում գնալ ձերոնց մոտ…>>: Նրան փոխանակելուց հետո պարզ է դառնում, որ նա օմոնական հետախույզ է եղել՝չոբանի շորերով…

Օմոնականների կողմից սկսվել էին գյուղերի խուզարկումները: Ռուս ու թուրք չէր ջոկվում, գալիս էին օմոնականի հագուստով, տները տակնուվրա էին անում, տղամարդ ու զենք էին փնտրում: Հրաման ստացանք՝ տեղափոխվել անտառները: Անտառում վրան խփեցինք,ամեն բան թաքցրինք անտառի խորքերում: Անձրևային օրեր էին, իսկ կրակ վառելը խիստ արգելվում էր: Ուտելիքը ստանում էինք գյուղից՝շատ գաղտնի: 10 օր մնացինք անտառում: Այնտեղ մեզ միացավ նաեւ Թուրքմենստանում ապրող մեր համագյուղացի Արմենը: Լսել էր, որ Ղարաբաղում անհանգիստ է եւ շտապել էր մասնակցելու գործին:

Այդ օրերին գյուղի կոլտնտեսության անասուները  արոտ չէին տանում, որովհետեւ  գյուղացիք վախենում էին, որ ազերիները կգան եւ կտանեն թե՛ անասուններին, թե՛ նախրապանին: Այդ վերահսկողությունը  մենք մեզ վրա վերցրինք:

Հունիսի 23-ին մեր գյուղի ոչխարների հոտը ազերիները գողացան, իսկ հովիվը մի կերպ փախավ:  Ազերիները զինված էին ու ձիերով:

Ջոկատում որոշում է կայացվում, որ պետք է ետ բերենք գողացվածը: Հունիսի 28-ին Արմենը մեզ հավաքում է եւ ծրագրում ենք , որ հաջորդ օրը պետք է հարձակվենք ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղի վրա: Այդ նույն օրը պետք է լիներ մեր ջոկատի տղաներից մեկի՝ Վրեժիկի հարսանիքը: Որոշվում է, որ հարսանիքից հետո ենք գործողությունն իրականացնելու …

Հարսանիք, ի՜նչ հարսանիք: Այնքան ենք պարում ու ուրախանում՝ասես դա մեր կյանքի վերջին քեֆ-ուրախությունը  լիներ: Մի բան միայն այն չէր. հարսը չգիտեր, որ իր առաջին ամուսնական գիշերը պետք է մենակ մնար, որովհետեւ ամուսինը կարևոր գործ ուներ անելու…Դե, ի՞նչ արած, հարս է, կների մի օր…

/Շարունակելի/

Մաս 2

Օրագրի հեղինակ՝ Ազատամարտիկ

Օրագիրը խմբագրեց՝ Հերմինե Ավագյանը

1