«Օղակ» Մաս 2-րդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Օղակ» » «Օղակ» Մաս 2-րդ

«Օղակ» Մաս 2-րդ

Ազատամարտիկի բանտային հուշագրություն

/1-ին մասը՝ նախորդ համարում/

Հարսանիքից հետո անցնում ենք կարևոր գործի կազմակերպմանը: Մեր տղաներից Սաշան, Արայիկը եւ Արտեմը գնում են հետախուզման: Ամեն բան նորմալ էր ծրագիրն իրականացնելու համար: 12 հոգով եւ մեր ունեցած զենք-զինամթերքով նստում ենք Վրեժիկի  <<Զիլ>>-ն ու Ջիվոյի <<Վիլիս>>-ը եւ շարժվում դեպի նախապես պայմանավորված վայրը, որտեղ մեզ պետք է միանար հարևան գյուղի ջոկատը: Կամոյի ջոկատն էլ պիտի սպասեր հակառակ կողմում՝ ազդանշանի դեպքում օգնության հասնելու համար: Համախմբվեցինք եւ շարժվեցինք դեպի բարձունք: Ես, Նելսոնը, Ժորիկը եւ Ջիվոն <<Մաքսիմ>> գնդացիրով դիրքավորվեցինք բլրի վրա, իսկ մյուսները՝ ներքեւում:

Ստեփանակերտի տղաները պետք է Հաղորտի գյուղից կրակ բացեին ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղի ուղղությամբ, եւ դա մեզ համար պետք է լիներ հարձակման անցնելու ազդանշան: Կեսգիշերին լսվեց պայթուն եւ գնդացիրի ձայն: Ստեփանակերտցիները գործում էին վարպետորեն: Կրակում էին նաեւ <<Ալազան>> հրթիռներով: Դա մի անբացատրելի տեսարան էր: Գյուղը սկսեց կրակի լեզվակների տակ հայտնվել, բնակիչները գոռում-գոչում էին: Նելսոնը ռադիոկապով հաղորդեց, որ տղաներն անցնեն հարձակման: Մենք գնդացիրից կրակ բացեցինք ֆերմայի ուղղությամբ: Սկսվեց կրակոցների տարափ: Ե՛ւ մենք էինք կրակում, ե՛ւ նրանք: Որոշ ժամանակ անց Արմենը հրամայեց նռնակներ նետել:

Նկատում ենք՝ մեր նետած նռնակներից գազի մեծ տարա է պայթում եւ միանգամից հրդեհ է բռնկվում, ամեն բան այրվում է: Արմենը հրամայում է՝ քշել անասուներին: Անցնում ենք գործի: Ամեն բան անցնում է ըստ նախապես կազմված ծրագրի. միայն Արտեմն է անզգուշաբար վիրավորվում, ում տղաներից մի քանի հոգի, Կամոյի տղերքի հետ մեկտեղ, տանում են հիվանդանոց, իսկ մյուսներս անասունները քշում ենք դեպի անտառ, հետո իջնում դեպի ձորակը: Ձորակում խիստ պահակություն է նշանակվում:

Գործը գլուխ էր բերված, միայն թե Արտեմի հարցն էր մտահոգում, որովհետեւ  հիվանդանոցում ռուս եւ ադրբեջանցի քննիչներն իրար էին անցել:

Արտեմին հիվանդանոց տեղափոխելուց 3 օր անց, երբ նա համեմատաբար ավելի լավ էր իրեն զգում, Արմենը կազմակերպում է Արտեմի փոխուստը հիվանդանոցից: Թե որքան հմտորեն է այդ ամենը կազմակերպվում նրա կողմից, թե ինչպես են տղաներն անվրեպ անում առաջադրանքը, մի հետաքրքիր պատմվածքի նյութ է: Դրա մասին՝ կուզեի, որ գրողները մի օր գրեն, տղերքն էլ սիրով կպատմեն…

Այս դեպքերից հետո մեր գործը բարդացել էր: Քննիչներն ամենուր տվյալներ էին փնտրում, մեր անուններն էին ուզում բացահայտել: Այդ օրերին ես եւ Սաշան պետք է գնայինք Երևան: Գիտեինք, որ ռուսական զինվորական մի ուղղաթիռ կա, որը 400 ռուբլիով գաղտնի տեղափոխում է մարդկանց Ստեփանակերտից Գորիս: Տեղեկացանք, որ այդ ուղղաթիռը վնասված է եւ չի գործում: Մնում էր Երևան գնալու մեկ ելք՝ ինքնաթիռով, որն էլ, սակայն, գտնվում էր ազերիների հսկողության ներքո: Որոշում ենք ռիսկի դիմել. գնում ենք Ստեփանակերտի կենտրոնական փոստ եւ կատարում ենք այն բանվորների դերը, ովքեր փոստը տեղափոխում են օդանավակայան: Նախօրոք պայմանավորվում ենք ռուս զինվորների հետ, ովքեր փոստը տեղափոխող բանվորներին պետք է ուղեկցեին: Ես եւ Սաշան պիտի ծանրոցները դատարկեինք ինքնաթիռի մեջ եւ մտնեինք օդաչուների խցիկը: Բայց կատարվեց անսպասելին: Մեր մեքենան արդեն հասել էր իքնաթիռին, երբ օմոնականները շրջապատեցին, ինձ ու Սաշային իջեցրեին մեքենայից, կապկպեցին ու տարան: Մեզ մատնել էին…

Քննիչը ներս մտավ եւ սկսեց հարցեր տալ՝ ովքե՞ր եք, ինչու՞ եք առանց տոմսի, ինչու՞ եք եկել Ղարաբաղ: Մենք ոչինչ չասացինք: Այդ ժամանակ քննիչը կարգադրեց, որ մեր գրապանները դատարկեն եւ եղած-չեղածը վերցնեն: Որքան գումար ունեինք՝ վերցրին: <<Միայն թաշկինակը թողեք սրանց գրպաններում, դեռ շատ է պետք գալու>>,-ասաց քամահրանքով: Այդպես էլ արեցին: Մեզ կապկպած վիճակում նստեցրին հատակին ու մինչեւ գիշեր ադրբեջանցի աշխատողները հերթով ներս էին մտնում, ոտքով ու ավտոմատի կոթով  հարվածներ հասցնում մեզ ու դուրս գալիս: Հետո մեզ քարշ տվեցին դեպի ինչ-որ <<Ուազ>> ավտոմեքենա: Գլուխներս կախ էին պահում, ու չէինք կարողանում կողմնորոշվել, թե դեպի ուր են տանում: Մի կերպ կարողացա գլուխս մի քանի վայրկյանով բարձրացնել եւ հասկանալ, որ դեպի Շուշի են տանում…

Ծեծելով ու քարշ տալով տարան դատախազություն: Հերթապահի սենյակում նորից սկսեցին ծեծել: Դրսի մարդիկ հերթապահին փող էին տալիս, որ վերջինս թողնի, որպեսզի մեզ մոտ մտնեն եւ ուզածի չափով երկու կապկպված հայի  ծեծեն …

Հունիսին արդեն մեծ թափով սկսել էին հայ տղամարդկանց ձերբակալությունները: Ղարադաղլուի դեպքից հետո ավելի էին կատաղել: Նրանց արդեն հայտնի էր, որ մեր գյուղի տղերքի <<մատը խառն է>> Ղարադաղլուի գործին /հայերի կողմից մատնողներ կային/: Մեզ բռնելուց հետո հասկացանք, որ մեզ էլ են կասկածում այդ գործով եւ ուզում են տեղեկություններ կորզել:

Երկու ազերիներ, ձեռքները վեր քշտած, մտան ու ինձ քարշ տվին դեպի քննիչների սենյակը: Այդ սենյակն ինձ հիշեցրեց <<Գարնան 17 ակնթարթներ>> ֆիլմը եւ Շտիրլեցի սենյակը. նույն տիպի բազկաթոռ էր եւ սեղանին դրված էին տարբեր գործիքներ… Քննիչը նստած էր իմ դիմաց, իսկ նրա երկու օգնականները կանգնել էին իմ գլխավերևում:

— Ինչու՞ ես եկել Ղարաբաղ,-հարցնում է:

-Որովհետեւ ղարաբաղցի եմ, եկել եմ իմ պապական տունը,- պատասխանում եմ:

-Դուք պապական հող չունեք, դուք քոչվոր եք, դուք մեր հացն եք ուտում,- գոռում է:

Այդ պահին մեկը դագանակով հարվածում է մեջքիս: Ինձ թվում է՝ ոսկորներս ջարդվեցին: Նորից է հարվածում, նորից…

-Քանի՞ հոգով եք հարձակվել Ղարադաղլուի վրա:

-Ես չգիտեմ, ես այդ գիշեր քնած էի:

Նորից հարվածներ, ընկնում եմ աթոռից, նորից են բարձրացնում:

-Ասա, ո՞վ է ձեր հրամանատարը, ո՞վ է կազմակերպել: Անունն ասա, դե՛:

-Ես ոչ մեկին չգիտեմ, ես գյուղից վաղուց եմ դուրս եկել:

-Շատ լավ էլ գիտես…

Գլխիս հարվածից հետո ուշաթափվեցի, իսկ երբ ուշքի եկա, դարձյալ հերթապահի սենյակում էի, բայց Սաշան չկար: Նրան էլ էին տարել տանջելու:

Հետո Սաշային բերեցին: Չկարողացա երկրորդ անգամ նայել, տանջել էին անմարդկային ձեւերով: Համոզված եմ, նա էլ ոչինչ չէր ասել, դրա համար էր այդ վիճակում…Մեզ չէին թողնում իրար հետ շփվենք: Ուզում էինք խոսել, լռեցնում էին հարվածներով:

Որոշ ժամանակ անց երկուսիս դուրս տարան: Մեր կապերը արձակեցին, մի քիչ ջուր տվեցին, որ խմենք: Ռուս զինվորներ էին՝ կարմիր գլխարկներով: Փորձեցին մի քանի կտոր հաց տալ, որ ուտենք, բայց մենք ի վիճակի չէինք գլուխներս բարձրացնելու եւ որևէ բան ծամելու, ուստի հրաժարվեցինք: Միայն ջուր խմեցինք:

Նորից տարան քննչական սենյակը: Քննիչը փոխվել էր:

-Հը՞, ձեզ կերակրեցի՞ն,-հարցրեց քամահրական ժպիտով,- տեսնու՞մ եք, թե մենք ինչ մարդասեր ենք:

-Հա, տեսնում ենք,- մի կերպ ասացի:

-Դե՛, ուրեմն անցնենք հարցերին: Ասա՝ ո՞վ է ձեր հրամանատարը, քանի՞ հոգով եք հարձակվել:

-Ես չգիտեմ, արդեն ասել եմ մյուս քննիչին:

Հարվածների տարափ….Բերում են երկաթե մի օղակ եւ հագցնում գլխիս, սկսում են երկու կողմից պնդօղակներով ձգել: Կարծես գլուխս սկսում է փոքրանալ անբացատրելի ցավից: Ուզում եմ պատասխանել հարցերին, արդեն չեմ դիմանում: Ուզում եմ բացել բերանս, մեկ էլ աչքիս առաջ են գալիս տղերքի դեմքերը: Ահա Արմենը ժպտում է, կարծես թե ասում է՝ դիմացիր: Ահա Կամոն, մյուս տղերքը…Սկսում եմ կասկածել՝ տղերքը իրակա՞ն են, թե՞ ոչ: Ցավից աչքերս մշուշվում են. հարցերը չեմ լսում, միայն պատասխանում եմ՝ այո: Քննիչը ջղայնանում է: Հրամայում է տանել: Տանում են սենյակ: Որոշ ժամանակ անց մի թուղթ են բերում, թե պետք է ստորագրես: Ձեռքս չեմ կարողանում բարձրացնել, որ թուղթը վերցնեմ ու կարդամ: Նա ձեռքիցս բռնում է եւ ստորագրում: Թե ինչ է լինում գրված, չգիտեմ…

Ավելի լավ է ինքնասպան լինեմ՝ մտածում եմ եւ որոշում իրագործել…

/շարունակելի/

Մաս 3

Ազատամարտիկի բանտային հուշագրություն

խմբագրեց Հերմինե Ավագյանը

1