Շահումյանի շրջանի բնակիչների մոտ բարեկեցիկ ապագայի հավատ է արթնացել. Գագիկ Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շահումյանի շրջանի բնակիչների մոտ բարեկեցիկ ապագայի հավատ է արթնացել. Գագիկ Մարտիրոսյան

Շահումյանի շրջանի բնակիչների մոտ բարեկեցիկ ապագայի հավատ է արթնացել. Գագիկ Մարտիրոսյան

2018թ. հունիսի 23-ին ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակված դաշնակցական Գագիկ Մարտիրոսյանը 2020թ. հունիսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանակվելով ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: «Ապառաժ»-ի հետ զրուցում Շահումյանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը խոսել է իրականացրած ծրագրերի, շրջանում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին:

-Ինչպե՞ս կգնահատեիք անցած երկու տարվա Ձեր գործունեությունը: Արդյո՞ք երկու տարին բավարար էր նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:

-Անցած երկու տարվա ընթացքում շրջանում կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են: Իհարկե, երկու տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ բոլոր խնդիրները լուծելու համար, բայց բարելավման արդյունքները բնակիչներն արդեն զգում են:

Իմ պաշտոնավարման սկզբում շրջանի կապիտալ շինարարության ծավալը 110 մլն դրամ էր, այն հիմա դարձել է մոտ 2 մլրդ դրամ:  Սա հաջողվել է իրագործել ԱՀ նախագահի, ԱՀ կառավարության, Դաշնակցության հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Հիմնականում ուշադրություն ենք դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը: Բարեկարգվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհներ, կառուցվել է 5 կամուրջ, բացվել է 47 նոր աշխատատեղ:

ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի միջոցներով և «Միջնաբերդշին» ՓԲԸ-ի մասնակցությամբ հիմնովին վերանորոգվել է Քարվաճառ քաղաքի մշակույթի տունը: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մշակույթի տունը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և պատրաստ ցանկացած միջոցառման:

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով սկսվել են Քարվաճառ քաղաքի նոր հիվանդանոցի շենքի կառուցման աշխատանքները:

Մեկնարկել է պետական ծրագրով նախատեսված շրջանի 27 բազմազավակ ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքները: Իմ անձնական կապերի շնորհիվ հաջողվել է վերանորոգել Նոր Կարաչինար գյուղում և Քարվաճառ քաղաքում ապրող սոցիալապես անապահով երկու ընտանիքների բնակարանները:

Հատկացվող շինանյութերի քանակն ավելացել է՝ տարեկան 27 մլն դրամից հասնելով 100 մլն դրամի: Ըստ ծրագրի՝ այս տարի շրջանին հատկացվող շինանյութերի մեծամասնությունը կտրամադրվի նոր տուն կառուցող երիտասարդ ընտանիքներին:

Շրջանում կատարվել են դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման, կենտրոնացված ջեռուցման համակարգի տեղադրման, տեխնիկական համալրման աշխատանքներ: Այդ աշխատանքների մի մասը կատարվել է արտաբյուջետային միջոցների հաշվին: Սակայն պետք է նշեմ, որ  դպրոցների մեծամասնությունը սանհանգույց չունի, կամ էլ շատ անմխիթար վիճակում է:

Դպրոցաշինության ոլորտում կառուցվել է Քարվաճառ քաղաքի մանկապարտեզի կոյուղին, վերակառուցվել է Նոր Բրաջուր և Նոր Գետաշենի դպրոցների և Քարվաճարի բազմաբնակարան շենքի տանիքները: Քնարավանի դպրոցում կենտրոնացված ջեռուցման համակարգ է տեղադրվել, նաև պատուհանները փոխվել: Եղեգնուտի դպրոցում ջեռուցման համակարգը վերանորոգվել է, այս տարի նախատեսված է հիմնովին վերափոխել Եղեգնուտի մանկապարտեզի ջեռուցման համակարգը: Նախատեսված է նաև Նոր Էրքեջի, Նոր Գետաշենի դպրոցների կենտրոնացված ջեռուցման համակարգի կառուցումը: Ընթացքի մեջ է Չարեքտարի դպրոցի կառուցումը: Ակնաբերդի մանկապարտեզի տանիքը  փոխվել է անցած տարի, այս տարի ծրագրում ընդգրկված է նաև մանկապարտեզի վերանորոգումը: Կոսմետիկ վերանորոգվել է նաև  Զուարի դպրոցը:

-Շրջանում տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր կար: Արդյո՞ք հնարավոր է եղել դրան լուծում տալ:

-Շահումյանն Արցախի ամենաջրառատ շրջանն է, ջրի պաշարները այստեղից են սկիզբ առնում, բայց համայնքներում խմելու մշտական ջուր չկար: Ոչ մի համայնք մշտական ջուր, նորմալ ջրագծեր չուներ, ամեն մարդ իր հաշվին էր ջուր ստանում: Բոլոր համայնքներում նախատեսվել է ջրագծերի անցկացում: Խոսքը խողովակներ հատկացնելու մասին չէ, այլ  հիմնովին ջրատար համակարգի կառուցման:

Վերանորոգվել է Քարվաճառ քաղաքի հին  ջրագիծը, քաղաքն արդեն ապահովված է շուրջօրյա ջրով: Նոր Վերինշեն գյուղի արտաքին ջրագիծն անցկացված է, ներքինն էլ այս տարի պետք է կառուցվի: Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր համայնքներում ավարտվել է ջրագծերի անցկացումը: Ավարտին է մոտենում Զուար համայնքի ջրագծի կառուցումը: Սկսված է Դադիվանք համայնքի ջրային համակարգի կառուցման աշխատանքները, որն իրականացվում է  Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Այս տարի նախատեսված է նաև Եղեգնուտ և Նոր Էրքէջ համայնքների ջրագծերի կառուցումը: Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ համայնքներում նորոգվել են ջրագծերը, բայց հաջորդ  տարի նախատեսված է հիմնովին փոխել դրանք: Մնացած համայնքներում ևս աշխատանքները կամ սկսված են, կամ էլ ծրագրված հաջորդիվ: Ի դեպ, Հավսաթաղ  համայնքի մեկ թաղամասի 4 տան ջրագծի խողովակները ձեռք են բերվել Դաշնակցության միջոցներով:

«Սիդնեյ» թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին հետևելիս

Ի՞նչպես են ընթանում «Սիդնեյ» թաղամասի կառուցման աշխատանքները, ո՞ւմ են հատկացվելու կառուցվող տները: Արդյո՞ք ՀՅԴ-ի միջոցով այլ ծրագրեր ևս իրագործվել են:

«Սիդնեյ» թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել են 2018-ից «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի կողմից, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այս պահի դրությամբ 15 տուն է կառուցվում: Տներից երկուսը կհատկացվի բազմազավակ ընտանիքի, մեկը կծառայի որպես հյուրատուն, մնացած տները կտրամադրվեն մասնագետների:  Շրջանում կա մասնագետների լուրջ  խնդիր: Մասնագետները  պետք է ապահովված լինեն  բավարար բնակարանային պայմաններով և  համապատասխան աշխատանքով:

Կարևորում եմ «Միջնաբերդշին» ՓԲԸ մեքենատրակտորային կայանի ստեղծումը: 2018թ. ԱՄՆ ՀՅԴ «Սիմոն Զավարյան» կոմիտեի նվիրատվությամբ վարչակազմի ղեկավարության կողմից ձեռք է բերվել կեղտամաքրման մեքենա:
Նախկինում կոյուղու խցանման պատճառով հաճախ հակահիգիենիկ իրավիճակ էր ստեղծվում քաղաքի բազմաբնակարան շենքում ու բակում, ինչպես նաև դպրոցում: Շրջանում մեքենայի առկայությունը բացառում է նման խնդիրների առաջացումը:

ՀՅԴ «Սիմոն Զավարյան» կոմիտեի տրամադրած 10000 ԱՄՆ դոլարից 8000-ով գնվել է հիշյալ մեքենան, իսկ 2000 ԱՄՆ դոլար ծախսվել է շրջվարչակազմի աշխատակազմի համար համակարգիչ, տպիչ սարք և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար:

Մոտ օրերս մեքենատրակտորային կայանը կհամալրվի աղբահանման նոր մեքենայով:

-Մինչ վարչակազմի ղեկավար նշանակվելը դուք ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետն էիք: Ինչքանո՞վ է այդ փորձառությունը օգտակար եղել նոր պաշտոնում:

-Պետական գույքի կառավարման վարչությունում իմ ունեցած փորձը օգտակար եղավ  արդյունավետ իրականացնելու սեփականաշնորհման գործընթացը: Գույքային իրավունքների հետ կապված՝  շրջանում առկա էին  լուրջ խնդիրներ:

Իմ պաշտոնավորման ժամանակ շրջանի 507 տներից սեփականաշնորհվել է 360-ը, մնացածներն էլ ընթացքի մեջ են: Համայնքապետարանները գրանցվել են որպես համայնքների սեփականություն:

Ըստ գործող կարգի՝ վերաբնակչի կարգավիճակ ունեցող ընտանիքներին 10 տարին լրանալուց հետո պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է բնակելի տները: Առաջարկվել է ԱՀ  կառավարությանը՝ Արցախի այլ շրջաններից Շահումյանի շրջան տեղափոխված  բնակիչներին  10 տարին լրանալուց հետո անհատույց սեփականության իրավունքով տրամադրել  իրենց կողմից օգտագործվող բնակելի տները:

Մինչ այդ բանկերը Շահումյանի շրջանում գրավի առարկա չէին վերցնում: Ամենակարևորն այն է, որ այս պահին մարդիկ իրենց անշարժ գույքն արդեն կարող են գրավ դնել և օգտվել տարբեր վարկերից:  

-Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ լուծված խնդիր կառանձնացնեիք, ո՞րն է, Ձեր կարծիքով, կենսական նշանակություն ունեցել:

-Ամենաառաջնայինը, ինչպես նշեցի, խմելու ջրի մատակարարումն էր, դպրոցներում մասնագետների համալրումը, նաև ինտերնետ կապի որակի բարձրացումը:

Բայց ես կառանձնացնեի այն հանգամանքը, որ կատարված փոփոխությունների շնորհիվ բնակչության մոտ բարեկեցիկ ապագայի հավատ է արթնացել: Մարդկանց բացատրել եմ, որ երկիրը պետք է շենացնել աշխատանքով: Բացատրական աշխատանքների միջոցով համոզել եմ, որ հողը պետք է մշակել, հույսը չդնել օգնությունների ու պետական աջակցության վրա:

Նոր Մանաշիդի ջրագիծը

Մի օրինակ կբերեմ: Նոր Մանաշիդի բնակիչներին հորդորել եմ կորոնավիրուսով պայմանավորված բանջարաբոստանային կուլտուրաներ մշակել, պատասխանել են, որ ոռոգման ջուր չկա, բայց պատրաստակամություն են հայտնել աջակցելու դեպքում սարից իրենց ուժերով ջուրը հասցնել գյուղ: Մեծ սիրով աջակցել եմ, և այս պահին Նոր Մանաշիդը ոռոգման ջրով ապահովված է: Նաև նախատեսել ենք՝ Ակնաբերդ գյուղի որոգման ջրագծին հավելյալ աշխատանքով ավելացնել ջրի հոսքը:

-Շահումյանի շրջանում անցած տարի Մեղրի փառատոն է կազմակերպվել: Ծրագրի գաղափարը Ձերն էր: Ի՞նչ եք կարծում՝ այն կշարունակվի՞:

-Շրջանում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվել: Քարվաճառի մեղրի համբավը տարածված է Հայաստանում: Այստեղ, բնակլիմայական պայմաններից ելնելով, լավ մեղր է ստացվում: Կորոնավիրուսի պայմաններում, բնականաբար, այս տարի չի իրագործվելու, բայց այն մեծ նշանակություն ունի թե տուրիզմի, թե մեղվաբուծության զարգացման տեսանկյունից:

Առաջին անգամ միայն Արցախի մեղվաբույծներն էին մասնակցում, նախատեսված էր հաջորդ տարիներին այն համահայկական մասշտաբի հասցնել, ավելի մեծ շրջանակներ ընդգրկել: Քարվաճառում հյուրատների, սննդի օբյեկտների կարիք է զգացվում, բայց համոզված եմ, որ դրանք կլինեն, եթե դեպի շրջկենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատվի: Նշեմ նաև, որ շրջանի գյուղատնտեսության զարգացման համար մշակվել է  անասնապահության զարգացման և կաթի ընդունման ու վերամշակման ծրագրեր, որը ներդրումների շնորհիվ կարելի է կյանքի կոչել:

Քարվաճառում կազմակերպված Մեղրի փառատոնը

-Շահումյանի շրջանում մի քանի տասնյակ կոնորավիրուսի վարակակիրներ կան: Ինչո՞վ եք բացատրում այդ հանգամանքը, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել վարակի տարածումը կանխելու համար, արդյո՞ք դրանք արդյունավետ էին:

-Շրջանը սահմանակից է ՀՀ-ին, բնակիչները սերտ կապեր ունեն Վարդենիս քաղաքի հետ: Հենց այդ հանգամանքն է վարակի բռնկման պատճառ հանդիսացել:

Վարակի հայտնաբերումից հետո մի շարք անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց շնորհիվ հնարավոր է եղել մարել օջախները: Շրջանի որոշ վայրերում 8 պահակակետեր են դրվել, վարչակազմի ղեկավարի գրությամբ էին տեղաշարժվում բնակիչները: Բայց քանի որ արդեն նոր դեպքեր չկան, ներքին պահակակետերը հանվել են:

Համաճարակն ազդել է մի շարք աշխատանքների վրա: Պիտի Նոր Վերինշենի ջրագծի շինարարությունը սկսվեր, բայց քանի որ համայնքը ռիսկային գոտում է, աշխատանքները չեն սկսվել: Գյուղատնտեսական աշխատանքները ևս դանդաղել են: Համաճարակն, իհարկե, բացասական ազդեցություն է ունեցել, բայց լուրջ վնասներ չկան:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի շրջանը, որոնք դեռևս լուծում չեն ստացել:

-Շատ կարևոր է Լև գետի խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած միջհամայնքային 20 կմ ճանապարհի ասֆալտապատումը, որից օգտվում է Քարվաճառ, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն, Նոր Մանաշիդ, Ծար համայնքների բնակչությունը, այսինքն՝ շրջանի բնակչության մոտ 40%-ը:

Բացի դրանից, այդ ճանապարհից օգտվում են նաև ՀԷԿ-երի աշխատողները և զբոսաշրջիկները:

Անհրաժեշտ է բոլոր համայնքներում դպրոցներին կից կառուցել խաղահրապարակներ:

Բացի դրանից, շրջանում առկա է մանկավարժի 24 թափուր հաստիք: Կացարանների բացակայության պատճառով հնարավորություն չունենք համալրել հաստիքները:

Սակայն շրջանի թիվ մեկ խնդիրը մարդկային ռեսուրսն է, ուստի անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագրերում ներառել մասնագետներին և տեղաբնակ երիտասարդ ընտանիքներին (որոնք տուն չունենալու պատճառով ստիպված լքում են շրջանը) ապահովել համապատասխան պայմաններով: Անհրաժեշտ է տարեցտարի կառուցել բնակարաններ, քանի որ պահանջարկը կա:

Քարվաճառի քաղաքային համայնքի մանկապարտեզը գտնվում է նկուղային հարկում, չի բավարարում երեխաների թվաքանակին, և անհրաժեշտություն կա կառուցել նոր մանկապարտեզի շենք՝ նախատեսված 100 երեխայի համար:

Մնացած համայնքներում ևս տարբեր խնդիրներ կան, բայց ես թվարկեցի ավելի մեծածավալները:

-Որպես Ասկերանում ծնված և մեծամասամբ Ստեփանակերտում բնակված անձ՝ ինչպե՞ս եք կարողացել հարմարվել նոր վայրին:

-Ես ամբողջ Հայաստանը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը իմ հայրենիքն  եմ համարում: Ես հայկական ոչ մի հողի վրա ինձ օտար չեմ զգում, մանավանդ՝ Շահումյանի շրջանում, որի ազատագրմանը մասնակցել եմ: Հույս ունեմ, որ շրջանում սկսված դրական փոփոխությունները շարունակական կլինեն և ես էլ իմ հնարավորության սահմաններում կաջակցեմ դրանց:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1