«Օղակ» մաս 5-րդ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Օղակ» » «Օղակ» մաս 5-րդ

«Օղակ» մաս 5-րդ

/4-րդ մասը՝ նախորդ համարում/

/մաս  վերջին/

<<Դեպի կյանք>>

Մեքենան կանգ առավ Բարդայի ոստիկանության շենքի մոտ: Մեզ լցրին մի մեծ խուց: Արդեն ամեն բան հասկանալի էր՝ փոխանակումը մոտ է: Սաշային հարց տվեցի՝ տեսնես մեզ ու՞մ հետ են փոխանակելու: Սաշան էլ ասաց՝ հալից ընկած մարդիկ ենք, ոչ մի բանի պիտանի չենք, փոխանակում են` ի՞նչ անեն: Այս վերջին նախադասության մեջ ցավ կար, բայց ես զգացի, որ նա էլ է ուզում ապրել՝ անկախ ամեն ինչից…

Միայն հետո, երբ մեզ արդեն փոխանակեցին, պարզ դարձավ, որ մեր գյուղի ջոկատի տղաները, Արաբոյի ջոկատի հետ, հարձակվել էին Ղարադաղլու գյուղի վրա եւ պատանդներ վերցրել մեզ հետ փոխանակելու համար: Միայն հետո իմացանք, թե Արմենը որքան էր թուրքերի հետ երկխոսության դուրս եկել, որքան էր չարչարվել՝ նրանց համոզելու եւ փոխանակման գործը գլուխ բերելու համար: Մենք երախտիքի խոսքեր չգտանք ասելու…

Ինչեւէ, դրա մասին հետո կպատմեմ, իսկ հիմա խոսեմ փոխանակման ընթացքի մասին: Մեզ մեկ օր պահեցին խցի մեջ, հետո նստեցրին <<Զիլ>> ավտոմեքենան ու տարան դեպի Աղդամ: Հասանք Աղդամի ոստիկանական բաժանմունք: Այնտեղ մեզ շտապ իջեցրին <<Զիլ>>-ից եւ նստեցրին <<Ժիգուլի>> մեքենան: Այնքան էինք հյուծված, որ մի կերպ էինք տեղաշարժվում, իսկ նրանք անընդհատ հրում էին ու շտապեցնում, մեկը նույնիսկ հասցրեց քարով հարվածել մեջքիս:

<<Ժիգուլին>> սլացավ դեպի Ժդանով քաղաքի խորքերը: Հասանք մի գյուղ, ուր վերաբնակեցվել էին Ղարադաղլուից փախած թուրքերը: Մեզ տարան ուղիղ գյուղի ակումբը: Կապկպած նստեցրին բեմի վրա, իսկ ակումբի դուռը բաց թողեցին: Ամբողջ գյուղը հերթով գալիս ու թքում էր մեզ վրա: Ոմանք էլ, ում բարեկամներն ու հարազատները զոհվել էին, պահանջում էին, որ մեզ հանկարծ բաց չթողեն, գոռում էին, անպատիվ խոսքեր ասում: Կային նաեւ այնպիսինները, որ եթե թողնեին, կմորթեին մեզ: Բայց մեր հսկիչները թույլ էին տալիս, որ միայն թքեն, անընդհատ գոռում էին, որ հեռու մնան մեզնից, որ մենք դեռ պետք ենք իրենց, որ մեզ պետք է փոխանակեն:

3 օր անընդմեջ մեզ տանում-բերում էին փոխանակման համար, բայց այդպես էլ չէին հասցնում փոխանակման վայրը. մենք հասկանում էինք, որ ինչ-որ բան են պահանջում մեր դիմաց: Այդ երեք օրն ավելին էր, քան երեք տարին…Կարծես ուզում էինք ոտք դնել դեպի կյանք, բայց մեզ անընդհատ խանգարում էին, հետ քաշում:

Վերջապես պարզ դարձավ, որ թուրքերը մերոնց հետ համաձայնության են եկել: Արմենը գործել էր հմտորեն, իսկական ընկերոջ ու իսկական հրամանատարի պես… Հետո ենք իմացել, թե որքան թուք ու մուր է կերել այդ ամենը գլուխ բերելու համար:

Տղերքը ինձ նորից ապացուցեցին, որ իսկական ընկերությունն ամեն ինչից վեր է:

Սկսվեց փոխանակումը: Տեսանք, որ մերոնք դագաղի մեջ դիակ էլ են բերել, երևի կարևոր մարդ էր: Կային նաեւ մի քանի թուրք գերիներ, որոնք մեզանից այնքանով էին տարբերվում, որ իրենք պարզապես մարդանման էին, իսկ մենք՝ ոչ: Նրանք գերու տեսք չունեին՝ ոչ խոշտանգված էին, ոչ սովալլուկ:

Սկսվեց երկխոսությունը: Հետո թուրք գերիներն առաջ եկան: Թուրքերից մեկն այնքան ուրախ էր, որ փորձեց ինձ գրկել: Ես, նայելով նրա առոք-փառոք տեսքին, հավաքեցի վերջին ուժերս ու մի կողմ հրեցի: Արցունքներս հոսում էին ու հոսում: Ուզում էի գրկել Արմենին, բայց չհամարձակվեցի: Նրա աչքերում այնքան բան կար, որ չեմ կարող բառերով ասել: Մարմինս մի կերպ քարշ էի տալիս: Տղաները բռնեցին, որ չընկնեմ, մեզ նստեցրին մեքենայի մեջ:

Մեքենան առաջ էր շարժվում հարազատ վայրերով: Մենք արդեն մեր հողի վրա էինք, մենք գնում էինք դեպի կյանքը եւ հասկանում էինք, թե ինչքան մեծ տարբերություն կա թուրքի ու հայի միջեւ: Մենք զգում էինք, որ հայ ենք եւ ուրախանում էինք դրա համար, Աստծոն փառք էինք տալիս, որ հայ ենք ծնվել…

Մեր տունը գյուղի առաջին փողոցում է: Երբ մտանք գյուղ, մանկությունս հիշեցի, լաց եղա: Ուզում էի զսպել ինձ, չէր ստացվում: Տղերքը ոչինչ չէին խոսում, նրանք զգում էին, թե ինչ է կատարվում մեր հոգիներում:

Ամբողջ գյուղը հավաքվել էր մեր տան բակում: Բազմությունը վերջ չուներ: Բոլորն ուզում էին մեզ տեսնել: Տեսնում էի ծանոթ դեմքեր, բայց չէի կարողանում խոսել: Մի պահ թվաց՝ ուրիշ մոլորակում եմ հայտնվել, լուսավոր մի մոլորակում, ուր բոլորի դեմքերը ծանոթ են, բայց չեմ կարողանում հետները շփվել:

Ամբոխի մեջ փնտրեցի մորս աչքերը, չգտա, նորից փնտրեցի: Ո՞ւր էր: Տղերքն ինձ առաջ տարան, եւ ես տեսա՝ մայրս ուշագնաց ընկած էր, կանայք նրան փորձում էին ուշքի բերել: Մայրս բացեց աչքերը եւ մի կերպ ճանաչեց որդու կմախքացած ու սեւացած կերպարանքը…

Մարդիկ ուզում էին մոտենալ, խոսել, բայց տղերքը խնդրեցին, որ ցրվեն բոլորը, թողնեն, որ մի քիչ հանգստանանք:

Ժողովուրդը սկսեց ցրվել: Ամեն մեկիս իր տուն տարան: Լողացա, շատ քիչ հաց կերա, որովհետեւ մի փոքր բան անգամ ուտելիս՝ ստամոքսս ահավոր ցավում էր: Հետո մայրս ինձ պառկեցրեց անկողնում: Փափուկ անկողինը երանություն թվաց:

Ես ու Սաշան գյուղում մնացինք 10 օր: Հետո մեզ տարան Ստեփանակերտ, որտեղից պետք է գնայինք Երևան: Երևանում սպասում էին հարազատներս՝ կինս, որդիս եւ դուստրս:

Հիշում եմ, երբ հասանք Երևան եւ մտա մեր տուն, զավակներիս հազիվ ճանաչեցի. կարգին մեծացել էին:

Ինձ ու Սաշային կանչեցին Գերագույն խորհուրդ՝ նկարահանելու: Այնուհետեւ Լարիսա Ասծատուրովնան, ով գերիների փոխանակման կոմիտեի նախագահն էր, մեզ ուղարկեց հանրապետական հիվանդանոց: Մեզ առաջարկեցին  հաշմանդամության կարգ տալ, բայց մենք հրաժարվեցինք, որովհետեւ դեռ կռվելու եւ վրեժ լուծելու պատրաստակամություն ունեինք:

Երբ գնացի աշխատանքի վայր, բոլորն ինձ գրկաբաց ընդունեցին, ավելին՝ իմ պատվին խնջույք կազմակերպվեց, մի լավ ուրախացանք:

Ես ու Սաշան պետք է նորից հետ վերադառնայինք, բայց իմ առողջական վիճակը կտրուկ վատացավ եւ ինձ պառկեցրին հիվանդանոցում: Սաշան մենակ վերադարձավ գյուղ: Ամբողջ կյանքում միշտ հիշել եմ այդ պահը եւ ափսոսանք ու ցավ եմ զգացել այդ պահի համար. ախր եթե վիճակս նորմալ լիներ ու գնայի Սաշայի հետ, գոնե կկարողանայի մի վերջին անգամ տեսնել Արմենին…Հիվանդանոցում պառկած էի, երբ հասավ լուրը՝ Արմենը զոհվել է Գյուլաբլու գյուղի մոտ: Ես հիշեցի հանկարծ՝ նա ինձ մի մարտական դանակ էր նվիրել, որի վրա փորագրություն կա: Խնդրեցի, որ բերեն դանակը: Դա իմ կյանքի ամենալավ նվերը մնաց…

Արմենի զոհվելուց հետո մեկնեցի գյուղ, նորից միացա ջոկատին, մասնակցեցի մի շարք ռազմական գործողությունների: Հիշում եմ Հորադիզի մարտերը, ահեղ մարտեր էին, բայց կարողացանք փախուստի մատնել թուրքերին: Ռուսաստանի կողմից, սակայն, որոշված էր՝ մենք չպիտի վերցնեինք Հորադիզը: Հորադիզը, ահագին զոհերի գնով,  թուրքերը հետ վերցրին:

Իմ կյանքի պատմության այս հատվածը, որ ներկայացրի ընթերցողին, կոչել եմ <<Օղակ>>: Այն կյանքիս այն հատվածն է, որը շատ բան սովորեցրեց ինձ, ստիպեց կանգնել դժոխքի ճանապարհին ու սեփական մաշկի վրա զգալ, թե ինչպիսի գազանային վարքագիծ կարող է դրսեւորել մարդը մարդու նկատմամբ: Ստիպեց հասկանալ, որ թուրքի ու հայի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա, եւ հազիվ թե մի օր նրանք կարողանան մեզ վերաբերել ինչպես մարդու:  Ես զգացի, թե որքան գթասիրտ ենք մենք՝ հայերս, երբ խնայում ու մարդավարի ենք վերաբերում իրենց գերիներին: <<Օղակ>>-ը ինձ շատ բան սովորեցրեց եւ դրանցից մեծագույնն այն է, որ ես բացահայտեցի իսկական ընկերության բանաձեւը…

Օրերից մի օր մտա Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատ եւ պետին ասացի, որ մասնակցել եմ Արցախի պատերազմական գործողություններին եւ  ունեմ վկայող փաստաթղթեր, խնդրեցի համապատասխան նշումներ անի զինգրքույկիս մեջ: Նա պատասխանեց. <<Մենք քեզ չենք ուղարկել ոչ մի տեղ եւ ոչինչ գրանցելու իրավունք չունենք>>…

Սա է իմ պատմությունը, որ մինչ այս ոչ մեկին չէի վստահել, բայց այս անգամ որոշեցի կիսվել Արմենի աղջկա՝ Հերմինեի հետ…Ախր, կան պատմություններ, որ շատ բան են ասում, ու մենք պարտավոր ենք կիսվել դրանցով…

Ցտեսություն:

Խաղաղ մնացեք:

Ազատամարտիկի բանտային հուշագրությունը

խմբագրեց Հերմինե Ավագյանը

1