Մենք մշակութային տարբերությամբ կարող ենք ցույց տալ, որ անհնար է այդ մարդկանց հետ ապրել
Գլխավոր » Լրահոս » Մենք մշակութային տարբերությամբ կարող ենք ցույց տալ, որ անհնար է այդ մարդկանց հետ ապրել

Մենք մշակութային տարբերությամբ կարող ենք ցույց տալ, որ անհնար է այդ մարդկանց հետ ապրել

Սրա անհրաժեշտությունը կար, ահագին ոգի տվեց, հատկապես երեխաների առումով կարող եմ ասել, որ անսահման ուրախացան և կտրվեցին մշտական առօրյայից: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը՝ խոսելով «Արցախն ապրում է» փառատոնի մասին:

«Ես ինքս ապրել եմ գյուղում և հիշում եմ, որ երբ ներկայացումներ էին լինում, դա ինձ համար կես տարի ապրելու մոտիվացիա էր տալիս»,- ասում է դերասանուհին: Խոսելով Արցախում բեմադրված «44 աստիճանի վրա» և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումների մասին՝ Նարինե Գրիգորյանը նշում է, որ դրանք հանդիսատեսին ցույց տվեցին, որ թատրոնում նոր խոսք կա. «Եթե ուրիշ թատրոն ես տեսնում, այլ կերպ ապրելու ջիղ ես ստանում: Մշակույթը նորովի ներկայացնելու կարևորությունն ունի: Մարտակերտում ինձ դա էին ասում, որն ինձ անսահման ուրախացնում էր»:

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ մարդիկ զգացին, որ մենակ չեն. ««Ջենեսիս Արմենիայի» «Արցախն ապրում է» փառատոնի առաքելությունը շատ հստակ է. մենք համարձակորեն բարձրաձայնում ենք, որ ձեզ հետ ենք»:

Համազգային թատրոնը մոտ երկու տարի առաջ էլ է եկել Արցախ, պատերազմից անմիջապես հետո Արցախի մի շարք համայնքերում էին ամանորյա ներկայացումներով: «Այն ժամանակ հիշում եմ, թե ինչ վիճակում էր երկիրը. թևաթափություն կար, բոլորը ջղայնացած էին: Այստեղ բացի իրենց զինվորներին փնտրող ծնողներից՝ ոչ ոք չէր գալիս: Բայց մենք այն ժամանակ պետք է այստեղ լինեինք, որ առաջին հերթին երեխաները իրենց հեքիաթը չկորցնեին: Հիմա տեսնում ենք, որ ահագին վերականգնվել է»,- ասում է դերասանուհին:

Նա մի կարևոր հանգամանք ևս առանձնացրեց, մշակույթի միջոցով մեր յուրահատկությունը ցույց տալը. «Ինչո՞վ պիտի դրսի մարդը հասկանա, որ այս երկու ազգերը իրար հետ չեն կարող ապրել՝ միայն մշակույթով: Եթե մեր նիստուկացը, կերակուրները նույնն են, ասելու են՝ լավ երկու իրար նման ազգ են, կարող են ապրել իրար հետ: Մենք միայն մշակութային տարբերությամբ կարող եք ցույց տալ, որ անհնար է այդ մարդկանց հետ ապրել, որովհետև մենք քրիստոնյա ենք, մեր մշակույթն ուրիշ է»: Խոսելով Արցախի հետ կապված նոր ծրագրերի մասին՝ Համազգայինի թատրոնի գեղարվեստական ղեկավարը շեշտում է, որ եթե իրենից կախված լիներ, ապա ավելի շատ ներկայացումներով կգային, բայց թատրոնի կազմը մեծ է, և այցերը մեծ ծախսերի հետ են կապված. «Եթե այդ խնդիրները լուծվեն, աշնանը կգանք «Գարուն» ներկայացմամբ, որն անսահման ապրեցնող ներկայացում է, հիշեցնում է մարդկային բարձր որակների՝ անձնազոհության, սիրո, մարդկային հոգու նրբության մասին: Ուզում եմ, որ նորից գանք, և դա արցախցիների սրտներին նորից գարուն բերի»:

1