Արցախն ապրում է նաև թատրոնով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախն ապրում է նաև թատրոնով

Արցախն ապրում է նաև թատրոնով

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնած «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակներում Արցախի տարբեր քաղաքներում բեմադրվեցին Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի «44 աստիճանի վրա», «Լոռեցի Սաքոն», «Գծավորը» ներկայացումները:

Հերթական ներկայացումը մայիսի 23-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի բեմում էր: «44 աստիճանի վրա» ներկայացումը դարձել էր Արցախում փառատոն կազմակերպելու գաղափարի հիմքը: Այն մեծ տպավորություն  էր թողել «Ջենեսիս Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Աննա Դադասյանի վրա:

Աննա Դադասյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է և ցանկացել է՝ Համազգային թատրոնի  ներկայացումներն անպայման Արցախի բոլոր շրջանները տեսնեն: «Հենց սա լավագույն միջոցն է հետպատերազմյան Արցախում մշակութային կյանքը ակտիվացնելու, վերելքի ու զարթոնքի մեր կրակը մշտավառ պահելու, պատերազմի ցավոտ վերքերը ապրելով ու արարելով ամոքելու, աշխարհին ասելու, որ Արցախն ապրում է, չի վհատվում, իր զակավներին մեծացնում ու դաստիարակում է հայրենիքը շենացնելու, ժամանակակից աշխարհին համընթաց քայլելու և իր խլված իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ»,- նախքան ներկայացումն ունեցած իր ելույթում նշել է Սամվել Վարդանյանը:

«Մեր մարտիրոսված տղաների նպատակները մենք իրականացնելու ենք, չկասկածեք, Արցախը լինելու է ամուր, անվտանգ, զարգացած, ժամանակին համընթաց քայլող, բարեկեցիկ պայմաններ առաջարկող պետություն, մենք դա անելու ենք միասին»,- շեշտել է «Ջենեսիս Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

«44 աստիճանի վրա» ներկայացումը պատմում է սփյուռքահայ հայրենադարձ զույգի մասին, ովքեր մնում են օրեցօր դատարկվող գյուղում, և նույնիսկ գյուղից վերջին բնակչի հեռացումը չի փոխում հայրենիքում ապրելու նրանց կամքը:

Համազգային թատրոնն Արցախում էր 2020թ. պատերազմից անմիջապես հետո, ու դերասան Արման Նավասարդյանի խոսքով՝ այն ժամանակ շատ պատճառաբանություններ էին հնչում, թե ով սիրտ ունի ներկայացում դիտելու, մարդ չի մասնակցելու, բայց նրանք 5000-ից ավելի հանդիսատես են ունեցել:

«Ճարտար, Ասկերան, Մարտակերտ, Ստեփանակերտ քաղաքներում ընդհանուր առմամբ 16 մանկական ներկայացում ենք խաղացել: Մեզ համար կարևոր էր, որ առաջին հերթին երեխաներին վերադարձնենք ժպիտը, աչքերի փայլը, նորից հեքիաթով զմայլվելու կարողությունը: Հասկանո՞ւմ եք՝ ինչ ապրումներ ենք ունենում, երբ տեսնում ենք, որ երեխաները ժպտում են, ծիծաղում են, իսկ ծնողները լալիս են»,- ասում է դերասանը:

Նրա խոսքով՝ ավելի շատ խմբեր պիտի գան Արցախ, որովհետև մենք պետք է մեր ողնաշարը շտկենք. ոչ ոք չի գալու մեզ օգնի:

Արման Նավասարդյանը հիշում է Սոս Սարգսյանի խոսքը, երբ տարեվերջին  ասում էր՝ այս տարի Արցախ չգնացինք, ու անմիջապես հյուրախաղեր էր կազմակերպում: «Մենք միշտ այստեղ ենք եղել, մեզ համար Արցախը մեր սրբազօծ օրրանն է»,- նշում է Ա. Նավասարդյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի կարծիքով էլ մշակույթը լավագույն ձևն է ցույց տալու, որ Արցախն ապրում է:  «Մեր պարտականությունն է ապրել ու ապրեցնել: Տվյալ մշակույթը քո նկարագիրն է, որով պետք է ամուր կառչես հողին ու քո տեսակը ցույց տաս, որ հասկանան՝ սա ապրելու արժանի ժողովուրդ է: Ինչո՞վ պիտի դրսի մարդը հասկանա, որ այս երկու ազգերը իրար հետ չեն կարող ապրել: Մենք միայն մշակութային տարբերությամբ կարող եք ցույց տալ, որ անհնար է այդ մարդկանց հետ ապրել»,- ասում է դերասանուհին:

Կազմակերպիչները տեղեկացրին, որ «Լոռեցի Սաքոն», «44 աստիճանի վրա» ներկայացումների տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը փոխանցվելու է Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին:

1