Կայացել է «Պիցրանանք Շուշի» խորագրով ցուցահանդեսը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է «Պիցրանանք Շուշի» խորագրով ցուցահանդեսը

Կայացել է «Պիցրանանք Շուշի» խորագրով ցուցահանդեսը

Երևանում կայացել է արցախցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի Շուշի քաղաքի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը։ «Պիցրանանք Շուշի» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են պայծառ, խաղաղ, հայկական Շուշին պատկերող 45 լուսանկարներ։ Նախաձեռնությունը Հայազգային հայ կրթական և մշակութային միությանն է, աջակցել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ՀԱՍԵ Արցախի թեմը, ՀԲԸՄ-ը։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ ցուցահանդեսն այն մարդկանց համար է, ովքեր ամեն օր հոգով, մտքով, շարունակում են հասնել Արցախ ու բարձրանալ Շուշի։ «Արցախ տանող ամենակարճ ճանապարհը մեր սրտից մինչև Արցախ տանող ճանապարհն է, դա միակ ճանապարհն է, որը մենք այսօր ունենք, այն միակ ճանապարհը, որն այսօր ոչ ոք չի կարող շրջափակել, անցակետ դնել, մեզնից խլել, խաղաղապահներ կանգնեցնել, որովհետև ադ ճանապարհը սկսվում է մեր ներսից և դարձյալ վերադառնում է մեր ներսը։ Արցախն իր մեջ կրող յուրաքանչյուր ոք ամեն օր այդ ճանապարհով հասնում է Արցախ, Շուշի ու վերադառնում իրականություն»․- իր խոսքում ասել է նա։

Հերմինե Ավագյանը կոչ է արել երբեք չիջնել Շուշիի բարձունքից, շարունակել մնալ այնտեղ և վառ պահել Արցախ, Շուշի հասնելու հավատը։

2022թ․ մայիսի 18-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել էր Վլադիմիր Գևորգյանի «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Երևանում ներկայացվել է համալրված ցուցադրություն։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը հակիրճ ներկայացրել է Շուշիի պատմական անցյալը՝ հիմնավորել տարածաշրջանի մարգարիտ համարվող քաղաքի իշխող ու կարևոր դերը։ Նրա խոսքով՝ դեռևս վաղ միջնադարից սկսած իշխանները, կառավարիչները հասկացել են Շուշիի տեղն ու դերը և փորձել այնտեղ ամրանալ։

Լրագրող Միքայել Հաջյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները և լուսանկարիչը շառաչուն ապտակ են հասցրել բոլոր նրանց, ովքեր Շուշին համարում են «դժգույն ու դժբախտ» քաղաք։

«Այստեղ զուտ լուսանկարչական վավերագրություն չէ, Շուշիից և այլ վայրերից քո նկարներում վավերագրությունը սերտորեն միահյուսված է գեղարվեստականության հետ, յուրաքանչյուր նկար խորհելու տեղիք է տալիս։ Սա հիշեցում է առ այն, որ ունենք Շուշի, որտեղ անպայման պետք է վերադառնանք ու հայեցի դարձնենք»,- հեղինակին ուղղված խոսքում շեշտել է Միքայել Հաջյանը։

Ցուցահանդեսը կգործի նաև նոյեմբերի 14-ին, հասցե՝ Մելիք Ադամյան 2/2։

1