Հնարավոր է կարճ ժամկետում օրենքի գերակայության բավարար մակարդակ սահմանել և շեմը պահպանել
Գլխավոր » Լրահոս » Հնարավոր է կարճ ժամկետում օրենքի գերակայության բավարար մակարդակ սահմանել և շեմը պահպանել

Հնարավոր է կարճ ժամկետում օրենքի գերակայության բավարար մակարդակ սահմանել և շեմը պահպանել

Հանրությանը հուզող մի շարք հարցերի և Արցախում օրինականության, օրենքի գերակայության խնդիրների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Պատերազմից առաջ հեռացել էիք դատախազական բնագավառից, իսկ 2021 թ. փետրվարին ընտրվել ԱՀ դատախազ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վերադարձը դատախազական համակարգ:

-Ես մոտ 13 տարի աշխատել եմ  դատախազության համակարգում, և այնպես չէ, որ դատախազության համակարգից հեռացել եմ աշխատանքից հոգնած լինելու կամ այլ պատճառներով: Փորձել եմ նաև իրավապաշտպան գործունեության մեջ իմ հնարավորություններն ու գիտելիքներն օգտագործել: Ընդամենը 2 ամսվա գործունեություն եմ իրականացրել այդ ոլորտում, և, դժբախտաբար, ամեն ինչ խախտվեց սեպտեմբերյան պատերազմն սկսվելուց հետո: Պատերազմի ողջ ընթացքում ևս իրականացրել եմ իրավապաշտպան գործունեություն և աջակցություն ցուցաբերել ՀՀ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, նաև՝ փաստահավաք առաքելություն իրականացրել: Պատերազմից հետո, ստանալով դատախազության բնագավառում իմ գործունեությունը շարունակելու առաջարկ և հաշվի առնելով, որ կարող եմ կարևոր ներդրում ունենալ այդ համակարգի զարգացման և դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, ընդունել եմ առաջարկը: Թեև դատախազության համակարգից դուրս գալուց հետո ընդհանրապես չէի մտածում, որ նորից կվերադառնամ:

Ձեր պաշտոնավարումից հետո նկատելիորեն ակտիվացել է դատախազության գործունեությունը, գործեր են հարուցվում հատկապես բյուջեի չարաշահումների հետ կապված: Բայց հարուցված գործերը դեռևս  դատարան չեն հասել: Չե՞ք կարծում, որ դրանով նվազում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ:

-Չգիտեմ որտեղի՞ց եք եզրակացնում հասարակական այդպիսի կարծիքի մասին: Իրականում ես ունեմ հակառակ կարծիք. հանրությունը բավականին լավ արձագանքում է: Նման ազդակներ մենք ստանում ենք և քաղաքացիների ընդունելության ժամանակ, և տարբեր այլ հանդիպումների ու քննարկումների ժամանակ: Հանրությունը շատ լավ տեղյակ է, որ մեծածավալ աշխատանք է կատարվում կոռուպցիայի դեմ, պաշտոնական լիազորությունների չարաշահման, հափշտակությունների դեմ պայքարում: Այս պահի դրությամբ իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված է: Վերջին ամիսների գործերի ծավալը համեմատելի է նախորդ մի քանի տարվա աշխատանքի ծավալին: Նման պայմաններում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ինչ-որ քրեական գործերով դատարաններում վճիռներ ակնկալելը կամ իրավաչափ այդպիսի ակնկալիք ունենալն այնքան էլ հիմնավոր չէ: Վստահ եմ, որ հանրությունը ևս գիտակցում է, որ քննության ողջամտության սահմաններում և ողջամիտ ժամկետներում քրեական գործերը բնականաբար կուղարկվեն նաև դատարան:

Ողջամիտ ժամկետն ինչքա՞ն է:

-Մենք քրեական գործեր ունենք, որոնք քննվել են մեկ-երկու տարի: Երբ խոսքը վերաբերում է տնտեսական կամ պաշտոնեական հանցագործություններին, որոնք քննության հատուկ մեթոդներ և որոշակի տևական փորձաքննություններ են ենթադրում, դրանց պատճառով ձգձգվում են: Մենք գրեթե բոլոր տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների վերաբերյալ գործերով նշանակում ենք և պարտավոր ենք նշանակել դատահաշվապահական փորձաքննություն՝ այն դեպքում, երբ Արցախում դատահաշվապահական փորձաքննություն կատարող փորձագետ չկա: Մենք ստիպված ենք մասնագետ ներգրավել ՀՀ-ից, իսկ շատ հաճախ ՀՀ փորձագիտական հիմնարկներում մեզ տեղեկացնում են, որ ուղարկված փորձաքննությունը կարող են սկսել 6 ամիս հետո: Ունենք հարուցված քրեական գործ, որը վերաբերում է տասնյակ միլիոններով հարկերից խուսափելու ենթադրյալ հանցավոր դեպքի, որի կապակցությամբ ամիսներ շարունակ որևէ կերպ չենք կարողանում դատահաշվապահական փորձաքննություն ստանալ:

Ցանկացած քրեական գործով, որով հնարավոր է քննության ընթացքն ապահովել առանց փորձագիտական հետազոտությունների, շատ արագ կազմակերպվում է: Թող տպավորություն չստեղծվի, որ ես այդ կերպ փորձում եմ հետագա ձգձգումներն արդարացնել: Իրականում՝ ոչ: Մենք նաև պետական նախարարի հետ քննարկել ենք փորձագիտական հիմնարկի հնարավորությունների ընդլայնման հարցը:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ունենք պետությանը վնաս պատճառելու տեսքով արտահայտված հանցագործությունների դեպքեր ու քրեական գործեր, որոնցով արդեն մի մասով վերականգնվել են պատճառված վնասները, մյուս մասով առաջիկայում կվերականգնվի: Խոսքը վերաբերում է տասնյակ միլիոնների մասին: Հիմնական առաջնահերթությունը դնում ենք արդյունքի վրա՝ հաշվի առնելով, որ հետագա քննությունը կարող է տարբեր պատճառներով ձգձգվել կամ ուշանալ, բայց գոնե վնասները հատուցվեն և վերականգնվեն պետական բյուջե:

Իսկ հարուցված քրեական գործերից քանիս՞ն են դատարան ուղարկվել, և արդյո՞ք արդարացման դեպքեր կան:

-Ընդամենը վեց ամիս է, ինչ զբաղեցնում եմ գլխավոր դատախազի պաշտոնը, և առաջին մոտ երկու-երեք ամսվա ընթացքում հիմնականում դատախազության համակարգի կադրային քաղաքականությանը, կառուցվածքին ու գործունեության ուղղություններին եմ ուշադրություն դարձել: Վերջին չորս ամիսների ընթացքում է ակտիվ գործունեություն սկսվել իրականացվել այդ ուղղությամբ: Հարուցված բոլոր քրեական գործերով դեռևս նախաքննություն է իրականացվում, դատարան քրեական գործերը չեն ուղարկվել ու, բնականաբար, դրանցով արդարացման դեպքեր չեն եղել:

Վերջին շրջանում շատ է խոսվում պետական պաշտոնյաների դիրքի չարաշահման, առանձին անհատների գույք նվիրելու մասին: Դատախազությունն ինչոր լծակ ունի՞ հակազդելու կամ կանխելու նման դեպքերը:

-Ընդհանրապես ընկալումն այնպիսին է, որ դատախազությունը պետության ներսում համընդհանուր վերահսկողական գործառույթ ունեցող մարմին է, և այն, ինչ խոսվում է, դատախազությունը պետք է վերահսկի: Բայց իրականում դատախազության սահմանադրական թիվ մեկ գործառույթը միջդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելն է: Իհարկե, դատախազությունն ունի նաև պետության գույքային շահերի պաշտպանության գործառույթ, թեև այն բացառիկ բնույթ է կրում: Բայց, բոլոր դեպքերում, դատախազությունն ունի այդ գործառույթը: Օրենքով նախատեսված և թույլատրելի առիթների առկայության դեպքում, երբ լրատվամիջոցներով են այդպիսի հրապարակումներ լինում (ընդ որում՝ կոնկրետացված, ոչ թե վերացական) կամ նման հաղորդումներ են ներկայացվում դատախազությանը, մենք պետության շահերի գույքային պաշտպանության գործառույթը կիրառում և գործադրում ենք, կատարում ենք ուսումնասիրություններ: Լինում են դեպքեր, որ տվյալ հրապարակումը կամ ներկայացված հաղորդումը, իրավախախտումը իր հաստատումը չի գտնում, և լինում են դեպքեր, երբ հաստատվում են, և դատախազության կողմից հարուցվում են քրեական գործեր:

«Ապառաժ»-ում հրապարակված տեղեկությունների հիման վրա ևս դատախազությունն ունի պետական շահերի պաշտպանության ուղղությամբ սկսված ստուգումներ և դրանցով արդեն կատարվել են փորձաքննություններ: Բավարար տվյալներ են հավաքագրվել, որոնցով ամենայն հավականականությամբ առաջիկայում համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական գործեր կհարուցվեն: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ դատախազությունն օժված չէ Խորհրդային Միության տարիներից հայտնի ընդհանուր վերահսկողության գործառույթով: Մարդիկ խոսում են, որ կառավարությունն ինչ-որ մեկին տուն կամ այլ գույք է նվիրել, բայց կառավարությունն ունի գույք նվիրելու իրավունք և այստեղ դատախազությունը չի կարող որևէ կերպ միջամտել գործադիր իշխանության լիազորությունների իրականացմանը: Դատախազությունը կարող է արձագանքել միայն այն դեպքերում, երբ կա դատախազության միջամտությունը թույլատրելի ճանաչող օրինական առիթ և կա իրավախախտման վերաբերյալ տեղեկություն: Իսկ հանրության շրջանում տարածվող լուրերն ու քննարկումները կարող են այնքան շատ լինել, որ ոչ միայն դատախազության, այլև ողջ իրավապահ համակարգի հնարավորություններն ուղղակի բավարար չլինեն այդ ամենի հետևից գնալու և ստուգելու համար: Դրա համար, ամենակարևորն այն է, որ հանրային ակտիվություն լինի և նման երևույթները դրվեն իրավական ճանապարհի և իրավական ուղու վրա:

-Իսկ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու և Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու առումով դատախազությունը իրավասություն ունի՞ գործ հարուցելու, կամ՝ դա ինչպե՞ս պետք է արվի:

-Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված դեպքերով դատախազության կողմից հարուցվում են քրեական գործեր կամ ոստիկանության կողմից են նման դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ստանալուց հետո կատարվում քննություն, հարուցվում քրեական գործեր, բնականաբար՝ դատախազության հսկողության ներքո: Այդ ուղղությամբ առաջնահերթն ապացույցների հավաքագրումն է և դեպքի հանգամանքների պարզումը: Սեպտեմբերի 27-ից սկսած հարուցված են քրեական գործեր Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմի, տարածքային ամբողջականությունը խախտելու, քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու և խոցելու, քաղաքացիական բնակչությանը սպանելու, խոշտանգելու դեպքերի առնչությամբ, և բավականին մեծ ապացուցողական բազա ունենք:

Դրանց մի մասն ուղարկվել է ՀՀ, և, օրինակ՝ վարձկանության դեպքով մեզ մոտ հարուցված քրեական գործի նյութերը ՀՀ ուղարկելուց հետո, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ուղարկվել են դատարան: Կան Հայաստանում դատապարտված վարձկաններ, ինչպես նաև միջազգային բնույթ կրող, ադրբեջանցի զինվորականների կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործեր:

-ԱՀ ԱԺ-ում հանձնաժողովային նիստի ժամանակ բարձրացվել է բնակիչների կողմից ապօրինի զենք պահելու մասին հարցը: ԱՀ ոստիկանապետը հստակ պատասխան չի տվել: Այս առումով՝ դատախազությունը անելիք ունի՞:

-Պատերազմից հետո բնակչության մոտ մնացած ապօրինի զենքի ու զինամթերքի առնչությամբ հիմնական կատարվելիք աշխատանքը քարոզչական բնույթի է: Բնակչության մոտ պետք է զարգացնել զենքի կամավոր հանձնման ցանկություն, որպեսզի պետությանը վերադարձվի անօրինական զենքը: Այս ուղղությամբ ձեռք ենք բերել կորած զենքի և զինամթերքի վերաբերյալ անհատական տեղեկություն, որը տրամադրել ենք ՀՀ իրավապահ մարմիներին: Պետք է արձանագրել՝ դատախազությունը ինչ-որ հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն չունի:

— Ձեր կարծիքով՝ Արցախում օրենքի գերակայություն կա՞:

-Ցանկացած երկրում, երբ խոսում են օրենքի գերակայության, սահմանադրականության մասին, միշտ ուշադրությունը դարձվում է դրանց բացակայության աստիճանին, այսինքն՝ սահմանադրական կամ օրենսդրական այն նորմերին, որոնք ոչ պատշաճ են կիրառվում: Մենք կարող ենք ունենալ ոլորտներ, որտեղ լիարժեքորեն կիրառվում է օրենսդրությունը, և կարող ենք ունենալ սահմանադրական նորմեր, որոնք չեն կիրառվում: Միշտ ուշադրություն է գրավում  ոչ թե այն մասը, որը պատշաճ կիրառվում է, այլ այն մասը, որը չի կիրառվում: Սահմանադրականության և օրենքի գերակայության առումով մենք լուրջ խնդիրներ ունենք, որոնք գործում են և՛ հասարակության մեջ, և՛ պետական կառավարման համակարգում: Մշտապես կարող ենք գնահատականներ լսել, օրինակ, պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պետական բյուջեի միջոցների հափշտակման մասին: Պետության, հայրենասիրության, հայրենիքի անվտանգության կարևորության մասին ճառեր ասող քաղաքացիները բազմաթիվ են, բայց երբ պետական բյուջեի միջոցներից հափշտակություն կատարելու հարմար պահ է լինում, իրար հերթ չեն տալիս: Ուստի, իրավական նիհիլիզմի մասին խոսելիս չպետք է քաղաքացուն տարբերակել պետական պաշտոնյայից:

Համատարած անպատասխանատվության, արհեստավարժության բացակայության հետևանքով նաև պետական համակարգում ունենք օրենքի գերակայության և սահմանադրականության դեֆիցիտ: Դատախազությունը ջանք ու եռանդ չի խնայում երկրի ներսում օրենքի գերակայությունը, սահմանադրականությունն ապահովելու համար: Ընդամենը 4-5 ամիսների ընթացքում մեր ցուցաբերած վարքագիծը և տարբեր երևույթների նկատմամբ մեր հրապարակային վերաբերմունքն ուղղակի փաստում է, որ օրինականությունը և օրենքի գերակայությունն ապահովելու գործում մենք հետադարձ քայլ անելու նպատակ կամ մոտեցում չունենք: Չի կարելի համարել, որ օրենքի գերակայության բավարար մակարդակ ունենք, բայց հնարավոր եմ համարում օրենքի գերակայության բավարար մակարդակը գոնե կարճ ժամկետում սահմանելը և շեմը պահպանելը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1