Հարափոփոխ պաշտոններ Արցախում
Գլխավոր » Լրահոս » Հարափոփոխ պաշտոններ Արցախում

Հարափոփոխ պաշտոններ Արցախում

հարափոփոխ պաշտոններ

44-օրյա պատերազմից հետո Արցախի ներքին քաղաքական կյանքը բավականին հեղհեղուկ էր. մի քանի անգամ լրիվությամբ փոխվել է կառավարության կազմը, նշանակվել են նոր պետական նախարարներ ու նախարարներ: «Ապառաժ»-ը հակիրճ ներկայացնում է նրանց պաշտոնավարման ժամկետները և մեջբերումներ հանրային խոսքից: Նախորդ համարներում ներկայացրել էինք ԱՀ պետական նախարարների, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սոցիալական զարգացման և միգրացիայի, առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունների մասին: Այս համարում կեզրափակենք թեման:

ԱՀ արդարադատության նախարարություն

ԱՀ նախագահի 2020 թվականի հունիսի 4-ի հրամանագրով ԱՀ արդարադատության նախարար է նշանակվել Սիրան Ավետիսյանը, ազատվել է 2020թ. նոյեմբերի 16-ին:

Իր հրաժարականի դիմումի մեջ Սիրան Ավետիսյանը նշել է. «Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը: Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս փորձել եմ նպաստել արդարադատության ոլորտի դրական փոփոխությունների իրականացմանը»:

 ԱՀ նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Դանիելյանը, ազատվել է 2021թ. մայիսի 5-ին:

«Համոզված եմ, որ Ժիրայր Միրզոյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար»,- պաշտոնից ազատվելուց հետո ասել է Կարեն Դանիելյանը:

2021թ. մայիսի 5-ին Ժիրայր Միրզոյանը նշանակվել է արդարադատության նախարար, պաշտոնավարել է մինչև 2022թ. դեկտեմբերի 13-ը: Մինչ այդ՝ 2022թ. նոյեմբերի 23-ին, նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: Ժիրայր Միրզոյանից հետո նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Քոչարյանին:

«Այսօր արդարադատության նախարարության համակարգը բնականոն աշխատանքային ընթացք ունի, սակայն մի շարք խնդիրներ կան, որոնք այս կամ այն ձևով ազդում են աշխատանքի արդյունավետության վրա: Խնդիրների մի մասը հնարավոր է լուծել, բայց կան հարցեր, որոնց համակարգային մոտեցում է անհրաժեշտ»,-2021թ. օգոստոսի 13-ին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է նախարարը:

Ժիրայր Միրզոյանից հետո նախարարի պաշտոնը 2023թ. հունվարի 10-ին ստանձնել է Սրբուհի Արզումանյանը:

Արտաքին գործերի նախարարություն

2020թ. մայիսի 29-ին ԱՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը:

«Խնդիրները պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար»,- ԱՀ ԱԳՆ հիմնադրման 27-ամյակի առթիվ 2020թ. հուլիսի 23-ին հղած ուղերձում նշել է Մասիս Մայիլյանը:

2021թ. հունվարի 4-ին Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում: 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2023թ. հունվարի 11-ը Դավիթ Բաբայանը նախարարի ժամանակավոր պաշտոնակատար էր:

«Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- 2022թ. հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դավիթ Բաբայանը:

Դ. Բաբայանից հետո 2023թ. հունվարի 11-ին ԱԳՆ ղեկավար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: «Հստակ պատասխանատվությունը գիտակցելով՝ կանենք մեզանից կախված առավելագույնը, որ պատվով հաղթահարենք այս դժվարությունները»,- 2023թ. հունվարի 11-ին ասել է նորանշանակ նախարարը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Հետպատերազմյան շրջանում Ֆինանսների ոլորտը համակարգել են Գրիգորի Մարտիրոսյանը և Վահրամ Բաղդասարյանը: Ընդ որում, Վ. Բաղդասարյանն այդ պաշտոնում մի քանի անգամ ազատվել ու վերանշանակվել է: Պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը  համատեղությամբ նաև ֆինանսների նախարար էր:

2021թ. հունիսի 1-ին ստանձնելով ֆինանսների նախարարի պաշտոնը, Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Կարվի առավելագույնը, ամեն ինչ, որպեսզի և՛ նախագահի նախընտրական ծրագրի, և՛ կառավարության գործունեության սպասվելիք ծրագրի բոլոր դրույթները պատվով իրականացնենք»:

2021թ. հունվարի 4-ին Վահրամ Բաղդասարյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից, Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար:

Վահրամ Բաղդասարյանը ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնել է նաև 2022 թվականի փետրվարի 10-ին: Նույն թվականի նոյեմբերի 23-ին նա ազատվել է պաշտոնից ու նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Այժմ նախարարի պաշտոնը կրկին նա է զբաղեցնում:

Քաղաքաշինության նախարարություն

2020թ. մայիսի 26-ից մինչև 2023թ. մարտի 8-ը ԱՀ քաղաքաշինության ոլորտը ղեկավարում էր Արամ Սարգսյանը, ընդ որում՝ 2022թ. նոյեմբերի 23-ից մինչև 2023թ. հունվարի 11-ը՝ որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Իր հարցազրույցներում քաղաքաշինության նախարարը հիմնականում խոսել է Արցախի տարբեր շրջաններում ընթացող շինաշխատանքների մասին, որոնց անհրաժեշտությունն առաջացել է պատերազմից հետո:

2023թ. մարտի 8-ից ԱՀ քաղաքաշինության  նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ  Համբարձումյանին:

Ներքին գործերի նախարարություն

Նախարարության կազմավորումից ի վեր՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը Կարեն Սարգսյանն է, նշանակվել է 2021 թ. հունվարի 26-ին:

«Հենց առաջին աշխատանքային օրը մեր առաջ խնդիր դրեցինք՝  ի՞նչն իրապես փոխենք հիմա և ի՞նչ պետք է անենք հետո, որպեսզի կարողանանք ընթանալ կայուն զարգացման ուղով։ Հարցերի պատասխանը շատ պարզ էր՝ արագ ոտքի կանգնել, լծվել աշխատանքի, ապահովել հասարակական կարգ ու կանոն, պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները»,- 2022թ. փետրվարի 16-ին «Ապառաժ»-ի հետ հարցազրույցում ասել է նախարարը:

ԱՀ պաշտպանության նախարարություն

Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է  նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Վերջինս պաշտոնից ազատվել է 2021թ.
սեպտեմբերի 11-ին:

2021 թ. սեպտեմբերի 11-ից առ այսօր պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարը Կամո Վարդանյանն է:

Մաս 1

մաս 2

 Տաթևիկ Աղաջանյան

1