Հարափոփոխ պաշտոններ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հարափոփոխ պաշտոններ Արցախում

Հարափոփոխ պաշտոններ Արցախում

Սկիզբը՝ այստեղ

44-օրյա պատերազմից հետո Արցախի ներքին քաղաքական կյանքը բավականին հեղհեղուկ էր. մի քանի անգամ լրիվությամբ փոխվել է կառավարության կազմը, նշանակվել են նոր պետական նախարարներ ու նախարարներ: «Ապառաժ»-ը հակիրճ ներկայացնում է նրանց պաշտոնավարման ժամկետները և մեջբերումներ հանրային խոսքից: Նախորդ համարում ներկայացրել էինք ԱՀ պետական նախարարների, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների մասին:

ԱՀ առողջապահության նախարարություն

Պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում պաշտոնավարել են առողջապահության 3 նախարարներ։ Միքայել Հայրիյանը առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է պատերազմից անմիջապես հետո՝  2020 դեկտեմբերի 22-ին, այն թողել 2022թ  նոյեմբերի 23-ին։

Նորանշանակ նախարարն իր առաջին ուղերձում մասնավորապես նշել է.  «Առողջապահական համակարգը հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձերբազատվի այն բոլոր արատավոր երևույթներից ու աշխատաոճ դարձած այն սովորույթներից, որոնք արժանացել ու շարունակում են արժանանալ հանրային պարսավանքի ու բժշկի աշխատանքի անգնահատելի նշանակությունը նվաստացնող վերաբերմունքի: Մենք պետք է լինենք հնարավորինս բաց, պատրաստ՝ հանրության հետ երկխոսության, խիզախ՝ լսելու առողջ քննադատություն, խոհեմ՝ շտկելու սխալներն ու վերացնելու բացերը, ճկուն՝ ունեցած հաջողություններն ամրապնդելու և դրանց հիմքի վրա նոր նշաձող կառուցելու համար»:

Միքայել Հայրիյանից հետո առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Օհանջանյանը:

2022թ. դեկտեմբերի 21-ին առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը։ Բժիշկը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն՝ 2023թ. մարտի 23-ին։

Սամվել Ավետիսյանը ոլորտում իր անելիքների, նոր ծրագրերի ու փոփոխությունների մասին հրապարակավ չի խոսել։ Իսկ հրաժարականի ուղերձում անդրադառնալով պաշտոնի ստանձնմանը՝ գրել է. «Ստանձնելով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի ղեկավարումը, առանց ավելորդ ցուցադրողականության, պոպուլիզմի, առանց համակարգում լուրջ կադրային վայրիվերումների, իսկույն սկսել ենք գործել՝ բացառապես ի շահ մեր ժողովրդի»։

Նա նաև հակիրճ ներկայացրել է պաշտոնավարման 70 օրվա ընթացքում կատարած աշխատանքը. «Շրջափակման պայմաններում շուրջ 70 օր ղեկավարելով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը՝ հրատապ լուծումներ ենք տվել բազմաթիվ կենսական հարցերի, որը, սակայն, չի խանգարել սկսել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ սեղմնաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր»։

2023թ. մարտի 15-ին առողջապահության նախարար է նշանակվել և մինչ օրս պաշտոնավորում է Վարդան Թադևոսյանը։

Պաշտոնավորման սկզբում նորանշանակ նախարարն այցելել է հանրապետության տարբեր բուժհաստատություններ, ծանոթացել առկա խնդիրներին ու շրջափակման հետևանքով առաջացած մարտահրավերներին։ Նախարար Թադևոսյանը իր պլանների և անելիքների մասին դեռևս հրապարակավ չի խոսել։

ԱՀ գյուղատնտեսության նախարարություն

Հետպատերազմյան շրջանում բավականին հաճախ են փոխվել նաև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները: 2020թ. դեկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար է նշանակվել Աշոտ Բախշիյանը: Մինչ այդ Բախշիյանը զբաղեցնում էր գյուղնախարարի պաշտոնը: Կառավարության կառուցվածքի փոփոխության համաձայն՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը միացավ գյուղատնտեսության նախարարությանը և դարձավ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն: Նախարարը 2021թ. փետրվարի 23-ին հայտարարել է զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին:

2020թ. օգոստոսի 19-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ նախարարը հայտարարել է. «Առաջին անգամ պետության կողմից որպես աջակցություն գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելու են աննախադեպ խոշոր միջոցներ: Դա ուղերձ է մեր հայրենակիցներին՝ ինչպես տեղի, այնպես էլ Սփյուռքի, հանդես գալ սեփական ներդրումներով գյուղատնտեսության ոլորտում՝ այդպիսով նպաստելով Արցախի տնտեսության բարգավաճմանն, ու հետևաբար, պարենային անվտանգության ապահովմանը, ինչը մեզ համար առաջնային ռազմավարական խնդիր է»: 

2021թ. մարտի 2-ին Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակվեց Արմեն Թովմասյանը:

«Այս դժվար ժամանակահատվածում դիմակայելով մեր երկրի առջև ծառացած բազում արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն անշեղորեն շարունակել է կյանքի կոչել բազմաթիվ զարգացման ծրագրեր և գրանցել որոշ դրական արդյունքներ. 2021 թվականին պետական աջակցությամբ Արցախում հիմնվել են 75 հա նոր պտղատու և հատապտղատու այգիներ, արձանագրվել է անասնագլխաքանակի աճ՝ 12-30 տոկոսով»,- գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին ուղղված իր ուղերձում 2021թ. հոկտեմբերի 10-ին նշել է նախարարը:

Արցախի նախագահի 2022 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Նորայր Մուսայելյանը:

«Մենք հետևում ենք պատերազմից հետո որդեգրած քաղաքական գծին. դա պատերազմի հետևանքների վերացումն է, ջերմատնային տնտեսությունների կառուցման և այգեգործության խթանումը և տեղական նախրի բարելավումը: Այս նպատակով կգործեն համապատասխան ծրագրեր և դրանցից բխող միջոցառումներ, ակտիվորեն կկիրարկվեն սուբսիդավորման մեխանիզմներ: Պարտաճանաչ և ոչ պարտաճանաչ շահառուների դասակարգման ու այլ զսպող մեխանիզմների կիրառման միջոցով կապահովվի պետական ֆինանսական միջոցների նպատակային ծախսումը»,-2022թ. մարտի 3-ին հարցազրույցում ասել է Ն. Մուսայելյանը:

Նախարարը պաշտոնից ազատվել է 2022թ. նոյեմբերի 22-ին: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին:

2022թ. դեկտեմբերի 29-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Հրանտ Սաֆարյանը: Ազատվել է 2023թ. մարտի 8-ին:

Մարտի 8-ին Հրանտ Սաֆարյանը հայտարարել է, որ աշխատանքի անցնելիս առաջնորդվել է միայն մեկ մղումով՝ անել իրենից կախված ամենը՝ օրհասական այս պահին մեր երկրին օգտակար լինելու հրամայականով. «Պաշտոնավարման առաջին իսկ րոպեից լծվել եմ Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում առկա բազմաթիվ ոլորտային խնդիրների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մշակմանը, ներդրմանը, առկա խնդիրների վերլուծության հիման վրա ընթացիկ ծրագրերի տեղայնացմանն ու նոր մեխանիզմների գործարկմանը, որից կցանկանայի կարևորել ցանքաշրջանառության իրականացումն ըստ գոտիականության, ինչի արդյունքում, վստահեցնում եմ, ոլորտային բարեփոխումներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Առանց խոսքիս ենթատեքստ հաղորդելու՝ ուղիղ կասեմ. նախարար նշանակելով ու հանելով չէ, որ պետք է լուծվեն մեր երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրները։ Համակարգային փոփոխությունների փոխարեն անհատներ տեղափոխելով չէ, որ պիտի բարելավվի Արցախի քաղաքացու կյանքը, այն էլ՝ այս ծայրաստիճան բարդ իրավիճակում, երբ Արցախն արդեն 3 ամիս է՝ շրջափակված է, իսկ ներսում հազարավոր չլուծված խնդիրներ ունենք»:

Հրանտ Սաֆարյանից հետո՝ 2023թ. մարտի 8-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը:

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու վերամշակման ենթակա բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը»,- 2023թ. ապրիլի 5-ին հարցազրույցում ասել է նորանշանակ նախարարը:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020թ. դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Հայկ Խանումյանը: Պաշտոնից ազատվել է 2022թ. նոյեմբերի 23-ին:

«3 տարվա ընթացքում առնվազն 6 հազար բնակարան կկառուցվի։ Հույս ունեմ՝ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում մի քանի 100 բնակարան՝ Ստեփանակերտում (դեռ պատերազմից առաջ էլ կառուցվում էին շենքերը), կավարտվեն, և հարյուրավոր ընտանիքներ կտեղավորվեն, ինչը մի քիչ կթեթևացնի հոգսը, և հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մոտ 2500 բնակարան, թե՛ գյուղերում հիմնանորոգվող բնակֆոնդին է վերաբերում, թե՛ Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 1000 հավաքովի տներին է վերաբերում, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 110 միլիարդ դրամի ծրագրին է վերաբերում այս տարվա չափաբաժիններին, կկարողանանք տեղավորել և մյուս տարիներին՝ հաշվի առնելով շինարարության տեմպերը, ընթացքը, քանի որ տենդերները հիմնադրամի կողմից նոր են սկսվել հայտարարվել, և հիմնական շինարարությունը դեռևս առջևում է, տեղի կունենան»,- 2021թ. մայիսի 1-ին տված հարցազրույցում ասել է Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հանձնումից մի քանի օր անց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակված, նախկինում ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար հայտնվում էր չարաշահումների, պետությանը հասցված վնասների գործերով տարբեր դատական գործընթացների առանցքում:

Հայկ Խանումյանին ազատելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին:

2022թ. դեկտեմբերի 29-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Սուրեն Գալստյանը։ Վերջինս դեռևս հրապարակային ելույթներ չի ունեցել:

Շարունակելի

Հոդվածը պատրաստել է Տաթևիկ Աղաջանյանը՝ ԱրՊՀ լրագրության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Ասպրամ Ավանեսյանի, Քրիստինե Ղահրամանյանի և Ինեսսա Մայիլյանի հետ համագործակցաբար

1