Համազգայինը Արցախի մանուկների կողքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համազգայինը Արցախի մանուկների կողքին

Համազգայինը Արցախի մանուկների կողքին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Համազգայինի հովանավորությամբ Արցախյան երրորդ պատերազմի օրերին կյանքի կոչվեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը:

«Ծրագիրը նպատակ ուներ պատերազմի ընթացքում Արցախի տարբեր վայրերից տարհանված, Երևանում ու շրջաններում ապաստանած մանուկներին հոգևոր-մշակութային ճանապարհով աջակցություն ցուցաբերել, կազմակերպել երեխաների կրթման ու դաստիարակման աշխատանքներ, որոնք պետք է նպաստեն մանուկների մոտ առկա ընկճախտի թոթափմանը եւ հոգևոր ուժերի վերականգնմանը»,- ասել է Հերմինե Ավագյանը։

Գաղափարն իրականացվում է արվեստի խմբակների տեսքով՝ շաբաթական հինգօրյա ընթացքով՝ օրական 2 ժամյա տևողությամբ։ Կյանքի են կոչվել՝ նկարչության, կավագործության, թատերական խմբակներ, ինչպես նաեւ շաբաթը մեկ անգամ մանկական հոգեբանի հետ հանդիպումներ, այցելություններ թանգարաններ ու թատրոններ։

Ռազմական գործողությունների ավարտից հետո ծրագիրը սկսել է գործել նաև Արցախում: Արցախում իրականացվող աշխատանքների շուրջ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ հետ: Պարապմունքների մի մասն էլ անց են կացվում ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում:

«Արվեստի բոլոր խմբակներում դասավանդում են Արցախի տարբեր գրավյալ տարածքներից արվեստագետներ։ Ծրագիրը կազմակերպվում է 7-13 տարեկան դպրոցականների համար։ Նոյեմբերի մեկից մինչեւ այսօր մոտ 150-170 երեխաներ մասնակցել ու մասնակցում են ծրագրին»,- ասել է Հերմինե Ավագյանը՝ ավելացնելով, որ երեխաների մի մասը հեռավորության պատճառով միայն էքսկուրսիաներին են մասնակցում։

Ընթացքում արվեստի խմբակներին միացան նաեւ դասապատրաստման խմբակները՝ երրորդից վեցերորդ դասարանցիների համար:

Հավելենք, որ Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերին Երևանի «Զանգակ» գրատան ցուցասրահում կայացավ արվեստի խմբակներին մասնակից երեխաների նկարների ու ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որը կրում էր «Անունս Արցախ է» խորագիրը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Համազգայինի ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։

Հերմինե Ավագյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի մեկից եւ ընթանում է մինչեւ այսօր՝ ընդլայնելով աշխարհագրությունը։

Արվեստի և դասապատրաստման խմբակներ են գործում Երևան, Դիլիջան, Աբովյան, Ստեփանակերտ քաղաքներում:

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուի խոսքով՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում ազգային երգի ու ազգային պարի խմբակներ են բացվել, առաջիկայում նպատակ ունեն ընդգրկելու նաեւ Արցախի այլ գյուղեր։

Ծախսերը հոգում են Համազգայինի կողմից պարբերաբար կազմակերպվող առցանց հանգանակությունների միջոցով:

«Ծրագրի նպատակն է օգտագործել Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության ներուժը՝ ի նպաստ Արցախի մանուկների հայեցի կրթման ու դաստիարակման գործին, քանզի յուրաքանչյուր մանուկ մեր ապագայի կրողն ու մեր ապագան կերտողն է»,- նշել է Հերմինե Ավագյանը։

1