Հակասությո՞ւն, թե՞ վրիպում

Արցախի Հանրապետության անկախության ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքները սակարկելի չեն։ Այս մասին հայտարարել են Արցախի Հանրապետության նախագահն ու իշխանության տարբեր ճյուղեր, որն ընդունվել և պաշտպանվել է Արցախի ժողովրդի կողմից 2022թ. ընթացքում տեղի ունեցած մի քանի բազմահազարանոց և աննախադեպ հանրահավաքների ժամանակ։
Այդ հանրահավաքների ժամանակ ժողովուրդը, գիտակցելով խաղաղության գինը, վերահաստատել է՝ տեր լինել 1988-ին սկսված Արցախյան ազատագրական պայքարին ու շարժմանը և շարունակել, քանի որ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեք է, որ ձեռք է բերվել շատ թանկ գնով և սակարկման ենթակա չէ։ Տեղի ունեցած հանրահավաքները ևս մեկ անգամ փաստեցին Արցախի ժողովրդի միակամության ու միասնականության մասին, սակայն պատերազմից հետո, երբ Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի մեծ մասը և ունեցավ մարդկային կորուստներ, երբ Արցախն արդեն շուրջ 100 օր է՝ գտնվում է պաշարման մեջ, կտրված արտաքին աշխարհից, ենթարկվում է տարաբնույթ ճնշումների, որոնց նպատակը մեկն է՝ կոտրել ժողովրդի կամքը, հյուծել ու հոգեբանորեն ճնշել, որպեսզի նա հրաժարվի իր ընտրած ուղուց։
Այն, որ ՀՀ օրվա իշխանությունները փորձում են հրաժարվել Արցախից՝ նրա անվտանգության ապահովման պատասխանատվությունն ամբողջությամբ բարդելով ռուսական կողմի վրա, դա ակներև է: Սակայն ԱՀ իշխանությունները բազմիցս դատապարտել են ՀՀ իշխանությունների պարտվողական ու զիջողական վարքագիծը՝ պահանջելով նրանցից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նախանշել «կարմիր գծերը», որոնց հատումն անընդունելի է ԱՀ-ի և նրա ժողովրդի համար։
Մեզ համար անսպասելի ու զարմանալի էր ԱՀ նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի կողմից մարտի 7-ին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հնչեցված արտահայտությունները։ Հարցազրույցի ժամանակ նա մասնավորապես ասել է.
«Ես չեմ պատկերացնում, թե երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Ճշտող հարցին՝ «Մոտեցումների տարբերություններ այս պահին չկա՞ն այսինքն», պետնախարարը պատասխանել է՝ «Որևէ կերպ»։
Պետք է ընդգծել, որ նրա արտահայտությունները հակասում են արցախյան հարցի լուծման վերաբերյալ պետական մակարդակով և հատկապես ԱՀ Ազգային ժողովի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Արցախի ժողովրդի կողմից 2022թ. հոկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 25-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքների ընթացքում որդեգրված պայքարի սկզբունքներին։
Մասնավորապես, 2022թ. ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծվել է այն փաստը, որ «Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը», և պահանջել ՀՀ իշխանություններից՝ հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից, որովհետև «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»: Այս հայտարարությունը, փաստորեն, ի ցույց է դնում Արցախի հարցի հանգուցալուծման վերաբերյալ ՀՀ և ԱՀ իշխանությունների մոտեցումների տարբերությունը։
ԱՀ Անվտանգության խորհրդի կողմից տարածված հայտարարությունները ևս ուղղված էին ՀՀ իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մատնանշմանը։ 2022թ. հոկտեմբերի 3-ին ԱՀ ԱԽ նիստում Արցախի հարցի վերաբերյալ միաձայն հայտարարություն էր ընդունվել, որտեղ վերահաստատվել է ԱՀ օրենսդիր և գործադիր թևերի միասնական դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ, ընդգծվել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա։ «Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ:
Հակադարձելով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը բացառապես ռուս խաղաղապահներն են, ԱՀ ԱԽ-ն Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովումը հնարավոր է համարել թե՛ սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի փոխկապվածության պարագայում։
Հայտարարության մեջ անընդունելի է համարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այնպիսի պայմանագրի հնարավոր ստորագրումը, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կանտեսի ղարաբաղյան հարցի գոյությունը. «Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով»:
Մեկ այլ հայտարարություն ԱՀ ԱԽ-ի կողմից ընդունվել է 2023թ. հունվարի 11-ին, երբ Արցախն արդեն գտնվում էր շրջափակման մեջ ու ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանել ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
«ՀՀ իշխանություններին հորդորել են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»,-ասվել է հայտարարության մեջ: Այս երկու հայտարարությունները ևս փաստում են ՀՀ և ԱՀ իշխանությունների դիրքորոշումների տարբերությունը։
Վերը բերված փաստարկները ցույց են տալիս, որ նորանշանակ պետնախարարի հնչեցրած միտքը հակասում է առկա իրողությանը, որի առիթով մարտի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել են ներկայանալ ԱՀ Աժ՝ իր կողմից հնչեցված արտահայտությունների համար բացատրություններ տալու պահանջով։
Մարտի 10-ին, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ընդառաջելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պահանջին, ներկայացել է Ազգային ժողով, և ի պատասխան ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հարցադրմանը՝ նորանշանակ պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում։
Նշենք, որ մինչ օրենսդիրների հետ հանդիպումը պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «Պետական նախարարի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել» վերտառությամբ պարզաբանում էր տարածել։
Այսքանով հանդերձ, կարծես թե իրավացի էր ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, այժմ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, թե «պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում»։