Գրական-մշակութային օրեր՝ Արցախում
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը տեղեկացնում է, որ ս. թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Ստեփանակերտում և շրջաններում կլինեն գրական օրեր, որոնք կուղեկցվեն մշակութային միջոցառումներով։ Նախաձեռնության շրջանակներում կկազմակերպվեն գրական մրցույթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցույթ, ցուցահանդեսներ ու համերգներ, Արցախի արդի գրականության վերաբերյալ զրույցներ, հանդիպումներ, դասախոսություններ։
Ինչպես «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, նախաձեռնության գաղափարը գրող Սերգեյ Սաֆարյանինն է, համագործակցում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀՀ և ԱՀ գրողների միությունների հետ:
Հավելենք, որ Համազգայինի Արցախի գրասենյակը գրական ստեղծագործական մրցույթ է հայտարարել, որի արդյունքները կամփոփվեն գրական-մշակութային օրերի ընթացքում։