Դատախազության գործունեության հետ կապված մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները
Գլխավոր » Լրահոս » Դատախազության գործունեության հետ կապված մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները

Դատախազության գործունեության հետ կապված մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները

Մարտի 15-ին կայացել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի մամուլի ասուլիսը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է դատախազության գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:

Պատասխանելով ԱՀ նախագահի հարցաքննության կանչելու և հասարակական հնչեղություն ստացած այլ գործերի հետագա ընթացքի մասին «Ապառաժ»-ի հարցին՝  Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ քննության արդյունքները և ընթացքը հնարավոր չէ ու պետք չէ հրապարակել: «Այդ գործի շրջանակում մենք պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկությունների ենք առնչվում, որը երբեք լիարժեքորեն հանրությանը չի ներկայացվելու: Օրեր առաջ դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այդ նույն քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարը, անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, ԱԱԾ նախկին տնօրենը: Հայաստանյան մեր գործընկերների միջոցով իրավական պահանջ է ուղարկվել հայաստանյան նախկին ու ներկա պաշտոնատար անձանց՝ հարցաքննելու և մեր քննության տեսանկյունից քննության առարկա հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար, որոնց մեծամասնությունն առնչվում են պետական գաղտնիքի հետ»,- նշել է դատախազը:

Անդրադառնալով դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնող ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառման մասին հարցին, նշել է, որ այդ առումով քրեական վարույթ էր նախաձեռնվել: «Միշտ չէ, որ պատասխանատվությունը պետք է լինի քրեկաան, կա նաև կարգապահական, վարչական պատասխանատվություն և այլն: Կոնկրետ այս դեպքում բարձրագույն դատական խորհրդի կողմից միջնորդություն էր ներկայացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ գրառման հետ կապված վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար: Ենթադրյալ հանցագործության դեպքի շուրջ ՏԿԵ նախարարը հրավիրվել է դատախազություն և առաջարկվել է ներկայացնել նման հայտարարություն անելու հիմք ծառայած փաստական տվյալները, որի շրջանակում նախարարի կողմից հայտնվել է, որը ինքը նման փաստական տվյալների չի տիրապետում, ընդամենը ենթադրություն է արել»,- գործի մասին մանրամասներ է ներկայացնում դատախազը:

Խոսելով Մարտունու շրջանում աշխատանքից ազատված և դատարանի որոշմամբ աշխատանքի վերականգնված անձանց գործով դատական ակտերը չիրագործելու մասին հարցին, Գ. Ներսիսյանը, նշել է, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերը: «Դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության կողմից ընդունված ակտերի կատարման պարտադիրությունը ապահովելու համար պահանջներ նախատեսված են ոչ միայն դատական օրենսգրքով, այլև սահմանադրությամբ: Մարտունու շրջանում ունեցել ենք այդպիսի դեպքեր և տարբեր իրադարձություններով պայմանավորված խնդիր է առաջացել դատական ակտերը կատարելու հետ կապված: Բայց դատական ակտերը, այդ թվում նաև դատախազության կողմից  քրեական գործեր հարուցվելուց հետո, կատարվել են: Բոլորը վերականգնվել են աշխատանքի, բայց որքանով ես տեղյակ եմ, հանրային համերաշխություն ապահովելու համար փոխհամաձայնության են եկել և դատական ակտերը կատարելուց հետո այդ պաշտոնատար անձինք սեփական դիմումի հիման վրա ազատվել են աշխատանքից»,- տեղեկացրել է դատախազը:

Պատասխանելով Գետավանում ավտոտեխսպասարկման կայանի կառուցման գործով հարուցված քրեական գործի մասին, Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ  դատախազության հասարակայնության հետ բաժինը մշտադիտարկում է իրականացնում զանգվածային լրատվամիջոցների հրապարակված տեղեկությունների պարզման և դատախազական ուշադրություն կամ արձագանք պահանջող տեղեկություններն իրեն փոխանցելու նպատակով: «Ապառաժում հրապարակված դեպքի վերաբերյալ կատարվել են ստուգումներ և հարուցվել է քրեական գործ: Այն ներկայումս գտնվում է նախաքննության փուլում: Գույքի արժեքի գնահատման փորձաքննություն է կազմակերպվել և ներկայումս ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ: Դատախազության գործունեության հետ կապված մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Գերծանրաբեռնվածություն կա և դատախազական համակարգի համար և հատկապես նախաքննական մարմինների համար: Սրանով է պայմանավորված, որ մի շարք դեպքերում ունենում ենք նախաքննության ժամկետների ողջամտության խախտում: Առաջիկայում քննչական մարմնում հաստիքային փոփոխությունների և վերանայումից հետո ծանրաբեռնվածության նվազում ենք ունենալու և հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասով մենք ավելի ակտիվ և արագ արդյունք ենք ապահովելու»,- ասել է նա:

1