Ցանկալի է, որ Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման գործում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ցանկալի է, որ Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման գործում

Ցանկալի է, որ Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման գործում

Լուսինե Ղարախանյան

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ սեպտեմբերի 15-ին կայացել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի մամուլի ասուլիսը:  Ասուլիսի ժամանակ «Ապառաժ»-ը նախարարին հարցեր է ուղղել կրթական նոր չափորոշիչների մասին:

Պատասխանելով կրթական չափորոշիչների մշակման գործընթացում Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին, Լուսինե Ղարախանյանը նշել է, որ ցանկալի է, որպեսզի Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման  գործում:

Նախարարի խոսքով՝ նախարարությունը փուլային ձևով անդրադաձել է չափորոշիչներին, որոնք ամփոփվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նրա ղեկավարած պատվիրակության հետ:

«Մենք նշել ենք մեր բոլոր նկատառումները՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները: Մենք դա արել ենք առանց էմոցիաների և գունավորումների: Այս պահին պատրաստ է և պետական և առարկայական չափորոշիչների մասին Արցախի տեսակետը»,- մասնավորապես նշել է ԱՀ ԿԳՄ նախարարը:

Լուսինե Ղարախանյանը հավելել է, որ նախարարության դիրքորոշումը բխում է ԱՀ նախագահի ծրագրից, որը ենթադրում է հայեցի, ազգային արժեհամակարգի պահպանում փոխանցում և հանրահռչակում՝ միջազգային մակարդակում:

Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին հարցին, նախարարը նշել է, որ կարևորում է առարկայի բարոյագիտական կողմը:

«Ոչ մի վտանգավոր բան չկա, եթե մենք պահենք առարկան և մատուցենք այնպիսի ձևով, որ չխանգարի պատմության նոր դասագրքին: Սա չի նշանակում հակադրվել, առճակատվել մեր գործընկերների հետ»,- նշել է նա:

Նախարարը չի բացառել նաև, որ հանձնաժողովը առարկայի բարոյագիտական կողմը տեղավորի այլ առարկայի մեջ:

1