Մեր քաղաքականությունը հիմնված է ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու վրա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր քաղաքականությունը հիմնված է ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու վրա

Մեր քաղաքականությունը հիմնված է ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու վրա

Լուսինե Ղարախանյան

Կրթական նոր չափորոշիչների հետ կապված ՀՀ ԿԳՄՍՆ կողմից որևէ ճնշում չկա, չի բացառվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 5-7-րդ դասարաններում դասավանդելը, նախարարության գործունեությունը և քաղաքականությունը հիմնված է ազգային արժեքները պահպանելու, փոխանցելու, հանրահռչակելու վրա, նախարարությունն Անվտանգության Խորհրդի հետ համագործակցում է կրթական որոշ հարցերի հետ կապված:

Այս մասին «Ապառաժ»-ի հարցերին ի պատասխան նշել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Ինչպիսի՞ն է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության դիրքորոշումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկած կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ:

-Կրթական նոր չափորոշիչների հետ կապված՝ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը նախաձեռնել է փուլային քննարկումներ: Դրանք սկզբից կատարվել են դպրոցների մակարդակում, ապա՝ կրթության բաժինների և հետո քննարկումներ են ծավալվել կրթության, գիտության, մշակույթի նախարարությունում: Պետական և առարկայական չափորոշիչների քննարկման ամփոփիչ փուլը նախնական պայմանավորվածությամբ նախատեսվում է սեպտեմբերի 18-ին կամ 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի և հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

Մենք ունենք առաջարկությունների փաթեթ հիմնական կրթական չափորոշիչների, ժամաքանակի, առարկայական չափորոշիչների հետ կապված: Խոսքը մասնավորապես «Պատմություն» և «Գրականություն» առարկաների կրթական չափորոշիչների մասին է, որոնք կապված են «Պատմություն» առարկայի ժամանակագրական պատկերի, իսկ «Գրականություն»-ը՝ ծրագրային նյութերի, թեմատիկայի ընտրության հետ:

-Ինչո՞ւ են նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այդ չափորոշիչների նկատմամբ հիմնականում բացասական կարծիքներ հայտնած Արցախի տարբեր դպրոցների ուսուցիչների տեսակետների հղումները հեռացվել: Դա կարելի է արդյո՞ք համարել ԱՀ ԿԳՄ նախարարության՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումից տարբերվող կարծիքի արտահայտություն: Այս առումով նախարարության վրա ճնշումներ կա՞ն:

— ՀՀ ԿԳՄՆ կողմից որևէ ճնշում չի եղել, պարզապես, ավելի նպատակահարմար գտանք առանձին կարծիքները զետեղելու փոխարեն ամփոփել դրանք և ամբողջական դիրքորոշման ձևով տեղադրել ԱՀ ԿԳՄՆ Facebook-ի պաշտոնական էջում: Նախարարության կողմից ձևավորված հանձնախումբը հավաքագրում է այս ընթացքում հնչած բոլոր կարծիքները, գրառումները և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը կներկայացնի վերջնական ամփոփ դիրքորոշում:

Հնարավո՞ր է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված չափորոշիչներն Արցախում չկիրառվեն: Այդպիսի նախադեպ կա՞:

-Մենք պատմական, ժառանգական և առհասարակ յուրաքանչյուր ասպեկտով կապված ենք ՀՀ-ի հետ և նույն կրթական տարածքում ենք: Մենք պետք է գնանք դեպի միասնական հայկական գիտակրթական և մշակութային դաշտ:

Արցախում առկա են որոշ առանձնահատկություններ, որոնք մեզ թույլ են տալիս որոշ բաներ տեղայնացնել: Այս առումով վտանգավոր չեմ համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում դասավանդելը: Այն շատ կարևոր է հոգեմտավոր ժառանգության պահպանման, փոխանցման և հանրահռչակման առումով:

Եվ ընդհանրապես, նախարարության դիրքորոշումը խարսխված է ազգային, հայեցի կրթական հիմքի վրա: «Հայեցի» դաստիարակությունն ընդգծված է նաև ԱՀ նախագահի զարգացման հնգամյա ծրագրում:

Մեր գործունեությունը և քաղաքականությունը հիմնված է ազգային արժեքները, մնայուն հոգեմտավոր ժառանգությունը պահպանելու, փոխանցելու և հանրահռչակելու վրա:

-Դուք  հորդորել եք ուսուցիչներին ակտիվորեն մասնակցել նոր չափորոշիչների մասին քննարկումներին, կարծիքներ փոխանցել: Ինչպիսի՞ն են նախարարությանը փոխանցված ուսուցիչների կարծիքները:

-Ուսուցիչների կողմից ստացել ենք թույլ, միջին և բարձր մակարդակով ձևակերպված կարծիքներ: Մեր ուսուցչությունը հիմնականում բծախնդիր ու առաջադեմ է և ես սա անթաքույց հպարտությամբ եմ արտաբերում: Նրանք որքան պահպանողական, նույնքան առաջադեմ ու նորարարական են:

«Գրականություն» առարկայի թեմատիկան թարմացման խնդիր ունի: Աշխարհը փոխվում է և մենք պետք է աշխարհին համաքայլ ընթանանք: Բայց շատ զգույշ պետք է լինել թեմաների ընտրության հարցում, որովհետև ընտրած և մատուցված նյութը հաղորդագրություն է սերնդին, մենք մատուցած նյութերով մտնում ենք երեխայի հուզական, մտավոր, հոգեբանական նաև ֆիզիկական տարածք: Ծնողը մեզ թույլ է տալիս մտնել այնտեղ և կատարել դասավորումներ ու վերադասավորումներ: Ու այստեղ կարևոր հարց է, թե արժեքային կողմնորոշիչների առումով ինչ ենք հրամցնում:

-Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 1-ին Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Անվտանգության խորհրդի գրասենյակում մշակվում է կրթական ոլորտն ամբողջովին վերանայելու ծրագիր: Արդյո՞ք տեղյակ եք այդ ծրագրից:

-Ինչպես նշեցի, մենք ՀՀ-ի նույն կրթական դաշտում ենք, և կրթական ոլորտի մեր բոլոր որոշումները պետք է համադրվեն ՀՀ կրթական ծրագրերի հետ: Մենք Անվտանգության խորհրդի հետ համագործակցում ենք կրթական որոշ հարցերի հետ կապված, բայց կրթության ոլորտն ամբողջությամբ վերանայելու ծրագրին ես՝ որպես լիազոր մարմնի ղեկավար, դեռևս տեղյակ չեմ:

1