Բոլոր հիմքերը կան, որ փրկենք Արցախը. Դավիթ Բաբայան

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ելույթը՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին.
«Ի սրտե շնորհավորում եմ այսօրվա կարևորագույն տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության ծննդյան օրն է: Բնական է, որ վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում մենք կարծես թե միայն հիշում ենք այս օրը, չենք տոնում այնպես, ինչպես որ տոնում էինք մինչև 2020թ. այս սարսափելի Արցախյան երրորդ պատերազմը: Ինչ-որ տեղ սա բնական է, որովհետև այդքան անդառնալի կորուստները տոնակատարությունների համար տեղ չեն թողնում, սակայն մենք իսկապես պարտավոր ենք հիշել այս օրը, որովհետև Արցախի Հանրապետության համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ազգի սերուցքի հազարավոր ներկայացուցիչներ, երիտասարդներ, որոնք հանգչում են մեր հուշահամալիրում, Եռաբլուրում: Այս օրվա, Արցախի պայծառ, հուսալի ապագայի, Արցախի արժանապատիվ ապագայի համար իրենց կյանքն են զոհաբերել մեր լավագույն քույրերն ու եղբայրները:
Դուք յուրաքանչյուրդ, լինելով Արցախում, ապրելով այստեղ, պահպանում և պաշտպանում եք Արցախը, հետևաբար սա մեծ տոն է ողջ մեր հայ ժողովրդի համար, որովհետև սեպտեմբերի 2-ը հայոց պատմության շրջադարձային օրերից է: Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հայության զավակը, և բոլորս պետք է պահպանենք և պաշտպանենք Արցախի Հանրապետությունը:
Սիրելի՛ ժողովուրդ, բնական է, ձեզնից յուրաքանչյուրը հիմա մտահոգ է, մտածում եք՝ ի՞նչ է լինելու մեզ հետ, արդյո՞ք հնարավոր է լինելու փրկել, զարգացնել, զորացնել և պաշտպանել Արցախը: Իսկապես իրավիճակը բավականին բարդ է. սա ամենաբարդ իրավիճակն է մեր պատմության մեջ: Ես չեմ ուզում ամպագոռգոռ բառերով այստեղ ձեզ դիմել, չեմ սիրում ստել և մոլորության մեջ մտցնել ժողովրդին, որովհետև սա հավասար է հանցագործության և դավաճանության: Սակայն բոլոր հիմքերը կան, որ մենք փրկենք Արցախը, մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն, թե ամեն ինչ որոշված է, մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն՝ դուք որևէ հնարավորություն չունեք կանգնելու և փրկելու մեր երկիրը:
Քույրե՛ր և եղբայրնե՛ր, ամեն ինչ այստեղ բացառապես կախված է մեզանից: Որպեսզի մենք կարողանանք մեր ողնաշարը նորից ուղղել և հպարտ ու արժանապատիվ քայլել այս աշխարհում, անհրաժեշտ է մաքրել մեր հոգիներն ու սրտերը, սա է մեր հաղթանակների բանալին: Նաև կան աշխարհաքաղաքական հնարավորություններ, որովհետև Արցախի Հանրապետության գոյության, նրա զարգացման և ընդհանրապես ապագայի մեջ կա նաև աշխարհաքաղաքական շատ լուրջ ուժերի և կենտրոնների շահագրգռվածություն: Բայց շատ բան կախված է նաև մեզանից՝ ինչպե՞ս ենք մենք աշխատելու, ինչպե՞ս ենք կարողանալու մեր երկիրը շենացնել և զարգացնել, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք. և այստեղ որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել:
1988թ. վառ օրինակը թող բոլորի աչքերի առջև լինի. մենք դուրս ենք եկել ամբողջ աշխարհի դեմ և կարողացել ենք հասնել հաղթանակի, որովհետև մեր նպատակները մաքուր են եղել, և ժողովուրդը իսկապես արժեքների համար է պայքարել, ոչ թե ինչ-որ բարիքներ համար: Հետևաբար մաքուր լինենք, ուժեղ լինենք, հավատանք մեզ, հեռու լինենք դեմագոգներից, հեռու լինենք փողոցայիններից. սա է բանալին: Հավատացեք ձեզ, հավատացեք, որ ամեն ինչ կարող է լավ լինել, եթե լավ աշխատենք և այդտեղ մենք իրոք պետք է միասնական լինենք, երբեք չհուսահատվենք: Մենք այն ազգն ենք, որին հնարավոր չէ հաղթել դրսից, բայց հնարավոր է ներսից այլասերել և կործանել: սա է ուզում թշնամին, չի ստացվելու: Մենք պետք է միշտ ուժեղ լինենք, պարզապես լցվեք համբերությամբ և արցախցու, հայի ոգին հզոր պահեք:
Ես կրկին շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ բոլորիդ հետ միասին ասել կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե մայր Հայաստանը, կեցցե Սփյուռքը, իմաստություն, ուժ ու կորով մեր ժողովրդին»: