Արցախում մեր գործունեության ոլորտներին վերջին շաբաթվա ընթացքում գումարվեց նաև մշակույթը
Գլխավոր » Լրահոս » Արցախում մեր գործունեության ոլորտներին վերջին շաբաթվա ընթացքում գումարվեց նաև մշակույթը

Արցախում մեր գործունեության ոլորտներին վերջին շաբաթվա ընթացքում գումարվեց նաև մշակույթը

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ 2022թ. մայիսի 19-ից Արցախում ընթանում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենում թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ: «Արցախն ապրում է» խորագրով փառատոնի անմիջական հովանավորն է «Genesis Armenia»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը՝ տիկնոջ՝ Աննա Դադասյանի հետ։ Մշակութային փառատոնը կայանում է Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանավորությամբ։

««Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնած 10-օրյա փառատոնն իր մասշտաբով առաջինն է հետպատերազմական Արցախում: Հովանավորները, դիտելով Համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումը, շատ հավանել էին, ազդվել ու մտածել, որ կարելի է այդ ներկայացումը բեմադրել ամբողջ Արցախում: Ու հենց այդ ներկայացումից էլ ծնվեց Արցախում մշակութային փառատոն կազմակերպելու միտքը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է «Ջենեսիս Արմենիա»-ի  PR պատասխանատու Գառնի Մութաֆյանը:

Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնը Արցախում հանդես է եկել «Լոռեցի Սաքոն», «44 աստիճանի վրա» և «Գծավորը» մանկական ներկայացմամբ: «Եղել ենք Ճարտարում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում, Աղավնոյում: Բացի ներկայացումներից՝ նաև դերասանների հետ փակ հանդիպում է կայացել, եղել են ազգային պարերի բացօթյա դասեր, ֆիլմի դիտում: Մայիսի 26-ին դերասան Արա Գևորգյանը հանդես կգա ծխելու վնասակարության մասին մոնոներկայացմամբ, իսկ ամբողջ փառատոնը կեզրափակենք ռազմահայրենասիրական բացօթյա համերգով, որի փակագծերը կբացենք առաջիկա օրերին»:

Քանի որ պատերազմի վերքերը թարմ են, փառատոնի կազմակերպիչները որոշ մտավախություն ունեին, բայց հանդիսատեսը շատ դրական է արձագանքել միջոցառումներին: «Երբ դեռ սկզբնական կազմակերպչական փուլն էր, ու փառատոնի մասին շշուկներն արդնե տարածվել էին, շատ զանգեր, նամակներ էինք ստանում, թե երբ են լինելու ներկայացումները: Արձագանքը շատ մեծ էր, ու ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, հատկապես մանկական ներկայացումները բավական ինտերակտիվ էին: Իսկ երեխաների ուրախությունը, ժպիտը դրական էներգետիկա է տալիս և ևս մեկ անգամ համոզում, որ պետք է նման միջոցառումներ անել: Մարդիկ ներկայացումներից, միջոցառումներից հետո մոտենում ու ասում էին՝ լավ է, որ նման միջոցառումներ եք կազմակերպում: Հետպատերազմական Արցախում մշակույթը կարևորագույն ոլորտներից է, որը չպիտի աչքաթող արվի»,- տպավորություններով կիսվում է Գառնին:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ նա նշում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: «Տարբեր ֆորմատներով, տարբեր միջոցառումներով «Ջենեսիս Արմենիան» միշտ Արցախում է, մենք ամիսը երկուսից երեք անգամ Արցախում ենք, մեր ծրագրերի մեծամասնությունն Արցախում է: Մեր գործունեության ոլորտներին այս վերջին շաբաթվա ընթացքում գումարվեց նաև մշակույթը»,- ասում է հիմնադրամի PR պատասխանատուն:

«Արցախում «Ջենեսիս Արմենիայի» կողմից անցած ամսվա ընթացքում տրվեց մի քանի ծրագրերի մեկնարկ. Մարտունիում բացվեց հավաբուծարան, որը լուծում է 4-5 մարդու զբաղվածության խնդիր, բացվեց կարի աշխատարան, որը շուտով կդառնա կարի ֆաբրիկա, Աղավնոյում հացի փուռ բացվեց, շարունակվում է ադրբեջանագիտության կենտրոնի ուսանողների դասընթացը, որի առաջին փուլը կավարտվի հուլիսին: Բավականին ակտիվ աշխատանքային շրջան է մեզ մոտ»,- ասում է Գառնի Մութաֆյանը՝ ավելացնելով, որ աշխատում են բոլոր ճակատներում, բոլոր ոլորտներում:

Տաթևիկ Աղաջանյան

1