Արցախի երիտասարդների զբաղվածության խնդիրը՝ ՀՅԴ Բյուրոյի ԵԳ և ՀՅԴ ԱԵՄ ուշադրության կենտրոնում
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ 2020թ. մարտ ամսին մեկնարկած Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման դասընթացները և «Վերելք» բիզնես ճամբարը եզրափակիչ փուլ են մտել: Դասընթացներից, բիզնեսի նրբություններին երիտասարդներին ծանոթացնելուց հետո եզրափակիչ փուլ անցած լավագույն 13 թիմերը ժյուրիին են ներկայացրել իրենց բիզնես-նախագծերը, որոնց մշակման համար շուրջ 4 ամիս մասնակիցները մասնակցել են տարաբնույթ դասընթացների։
Հունիսի 18-ին այդ նախագծերից երեքն արժանացել էին ժյուրիի հավանությանը, իսկ երեքը որոշակի շտկումներից հետո էին էին հաստատվել: Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում էին հավաքվել կազմակերպիչները և հաղթող նախագծերի հեղինակները: Նպատակը կողմերի միջև պայմանագրերի կնքումն է:
Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցների հետ աշխատած «Riviera Capital» ընկերության ավագ վերլուծաբան Հրայր Բարսումյանն այժմ մասնակցելու է մշտադիտարման փուլին: Նա սկզբում որպես դասախոս մասնակիցներին ֆինանսական հմտություններ է փոխանցել, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը կառուցել ճիշտ հիմքերի վրա, ծախսերը, ներդրումային ակնկալիք գումարները հաշվարկել, նաև հասկանալ ծրագրի եկամտաբերությունն ու իրատեսությունը: «Մշտադիտարկման փուլը ևս կարևոր է, որովհետև անհատ ձեռներեցները երիտասարդներ են և հնարավոր է, որ սա բիզնեսի իրենց առաջին փորձն է: Մենք նրանց հետ զուգահեռ քայլելու ենք ամբողջ գործընթացի ընթացքում, հարցը միայն ֆինանսավորումը չէ: Պայմանագրի ստորագումից անմիջապես հետո սկսվելու է իրագործումը: Ֆինանսական միջոցները տրամադրվելու են փուլային տարբերակով՝ ըստ նախագծերի»,- նշել է Հրայր Բարսումյանը:
«Վերելք» ծրագրի համակարգող, «REvolve consulting» գործակալության հիմնադիր Տաթև Պետրոսյանի խոսքով ծրագրի երրորդ փուլում ներառված խորհրդատվական ընկերությունները նախաձեռնող թիմի հետ պետք է օգնեն մասնակիցներին հասնել շուկա: Իսկ Արցախում ամիսներ առաջ սկսված ծրագիրը հիմա նախատեսում են իրագործել նաև Սյունիքում: «Երեք օր առաջ Սյունիքում մեկնարկեց առաջին թրեյնինգը: Այնտեղ ծրագիրը խտացված է, հինգ շաբաթվա ընթացքում թրեյնինգներ կլինեն և լավագույնները կզտվեն բիզնես ծրագրերի միջոցով»,- ասել է Տաթև Պետրոսյանը՝ հավելելով, որ նախատեսում են այս տարվա ընթացքում իրագործել նաև Սյունիքի ծրագիրը:
Լավագույն նախագծերի ընտրությանը մասնակցած «Riviera Capital» ներդրումային հիմնարկի հիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով մշտադիտարկումն անհրաժեշտ է, որպեսզի ծրագրերը ֆինանսական ճիշտ ձևով ընթանան, եռամսյակային, տարեկան հաշվետվությունները կազմվեն, նաև խորհրդատվական կամ մասնագիտական օգնության ցուցաբերեն: «Մշտական կապի մեջ ենք լինելու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և «Արցախֆոնդ»-ի ներկայացուցիչների հետ: Մշտադիտարկումը կարող է 2-5 տարի տևել տևել, իսկ ֆինանսավորումներն անտոկոս փոխատվության հիմքով են: Հետ վերադարձվելուց հետո դրանք կուղղվեն այլ ծրագրերի»,- ասել է նա:
Կարեն Մկրտչյանի կարծիքով ֆինանսավորման համար ընտրված բոլոր նախագծերն էլ հետաքրքիր ու խոստումնալից են, իսկ թիմերը սովորելու և աշխատելու ցանկություն ունեն: «Եթե մենք ճիշտ ձևով մոտենանք ներդրումային նախագծերին, ընտրենք նրանք, որոնք իրական պոտենցիալ ունեն և ուժեղ թիմեր են, հնարավորություն կունենանք Արցախի արտադրանքները ներկայացնել հայաստանյան և արտերկրի շուկաներ»,- նշել է նա:
Ժյուրիի հավանության են արժանացել ազնվամորու, մոմերի, հագուստի արտադրության, մեղվաբուծության, թեյարանի հիմնման, Արցախյան արտադրանքներով նվեր-տուփերի ստեղծման նախագծերը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի Ագրոբիզնես բաժնի առաջին կուրսի ուսանող Վահե Մարտիրոսյանի բիզնես-նախագիծը ազնամորու այգու հիմնումն է: Նա ազնամորու մշակությամբ է զբաղվում Մարտակերտի շրջանի Գառնաքար համայքնում և նպատակ ունի ընդլայնել այն:
«Ծրագրի մասին լսել եմ ընկերներից, մասնակցել եմ բոլոր փուլերին: Շատ նորություններ եմ իմացել այս ծրագրի ընթացքում: Տարբեր ոլորտներ եմ ուսումնասիրել ու քանի որ ազնամորի շատ եմ սիրում ու Արցախում մեծ այգիներ չկան, որոշեցի դրա մշակությամբ զբաղվել: Հիմա փոքր տարածությունների վրա եմ մշակում, գիտեմ նրբությունները և ցանկանում եմ ընդլայնել տարածքը: Նոր սորտեր եմ բերել ու կախված վաճառքից նպատակ ունեմ ընդլայնել արտադրությունը»,- նշել է հաղթող նախագծի հեղինակներից մեկը:
Պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Դադամյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի անդամ Ցողիկ Աշըգեանը, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներ, «Վերելք» ծրագրի դասընթացավարներ: