Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Արցախի տարածքային ամբողջականության խախտման գործով
ԱՀ դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված է քրեական գործ, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականությունը, Արցախի ինքնիշխանությունը խախտելու դեպքին և քննարկում է Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև նախագահի կողմից Արցախի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելուն ուղղված աշխատանքի բավարարության կամ անբավարարության հարցը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ հարցազրույցում նշել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով դատախազության կողմից ԱՀ նախագահի հարցաքննության մասին հարցին:
Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2021թ. դեկտեմբերի 16-ի ուղերձի, ստեղծված իրավիճակի մեղավորների ու պատասխանատուների մասին հարցին՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ նման դեպքերի առնչությամբ պետք է իրականցնել քրեական վարույթ, որը և իրենց կողմից իրականացվում է:
«Հիմա ո՞վ է մեղավոր, ովքե՞ր են պատասխանատու, ովքե՞ր են՝ պատասխանատու լինելով՝ կատարել դիտավորյալ հանցավոր արարք կամ անզգույշ արարք: Կարող է լինել նաև, որ անձն իրենից կախված և իր վրա դրված պարտականությունները պատշաճորեն կատարել է, սակայն որևէ կերպ չի կարողացել կանխել հետևանքները: Սրանք հարցեր են, որոնց հնարավոր է միայն բազմակողմանի քննություն անելուց հետո պատասխանել: Նման ինֆորմացիա ունենալու դեպքում պատասխանուն որպես մեղադրյալ ներգրավված կլիներ:
Չեմ կարող մեկնաբանել նախագահի նման հայտարարությունը և չեմ կարող ասել, թե նախագահն ինչ նկատի ուներ, բայց բոլոր դեպքերում մենք ունենք հարուցված քրեական գործ,, որի առնչությամբ էլ կատարվում է նախաքննություն»,- նշել է ԱՀ գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ իր հայտնի ուղերձում ԱՀ նախագահն ասել էր, որ Սահմանադրությամբ ինքն ԱՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, բայց բավարար ներքին ու արտաքին լծակներ չի ունեցել իր գործառույթներն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացում արձակված սխալ հրամանների, թերացումների հարցով դատական գործեր հարուցելուն, ապա ԱՀ դատախազի խոսքով՝ նման քրեական գործերը հարուցվել ու քննվում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից, և նրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ դատախազության կողմից:
«Այն բոլոր խնդիրները, հարցերը, որոնք առաջանում են պատերազմը վարելու, այսինքն՝ ռազմական գործողություններին ներգրավված անձանց գործողություններին, Արցախի դատախազության և իրավապահ մարմինների կողմից քննության չեն առնվում, քանզի դրանք գտնվում են ՀՀ դատախազության իրավազորության տիրույթում: Մենք հաղորդումներ ենք ունեցել, որոնք վերաբերում էին պատերազմի ընթացքում հրամաննեը չկատարելու կամ սխալ հրաման արձակելու դեպքերին, որոնք ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին և քննության են առնվում կա՛մ արդեն իսկ հարուցված քրեական գրծերի շրջանակում, կա՛մ հարուցվել են նոր քրեական գործեր»,- մասնավորապես նշել է Գուրգեն Ներսիսյանը: