Աղբահանություն. էկոլոգիական վնասի, քաղաքականության մշակման եւ բիզնես-գաղափարների կանգառում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Բնապահպանությունը՝ օրախնդիր » Աղբահանություն. էկոլոգիական վնասի, քաղաքականության մշակման եւ բիզնես-գաղափարների կանգառում

Աղբահանություն. էկոլոգիական վնասի, քաղաքականության մշակման եւ բիզնես-գաղափարների կանգառում

«Ապառաժ»-ի նախորդ համարով մեկնարկ ենք տվել բնապահպանական նյութերի նախագիծ-շարքին՝ ներկայացնելով հիդրոէներգետիկայի ոլորտը:

Նախագիծ-շարքի երկրորդ հոդվածով ներկայացնում ենք աղբահանության խնդիրը` ինչպե՞ս է կազմակերպվում աղբահանությունը Արցախում, ինչպե՞ս է աղբն ազդում էկոլոգիայի վրա, ի՞նչ անվնաս տեխնոլոգիաներով է հնարավոր ազատվել աղբից: Այս ամենի մասին՝ ստորեւ:

Ինչպե՞ս է աղբն ազդում էկոլոգիայի վրա

Էկոլոգիայի եւ մարդու վրա աղբի ներգործությունը կատարվում է միանգամից մի քանի ուղղություններով.

Ջրի. աղբանոցներում տեղի ունեցող ներքին պրոցեսների ու տեղումների հետեւանքով  առաջանում են օրգանական եւ անօրգանական թունավոր միացություններ, նյութեր, որոնք ներթափանցելով ստորգետնյա աղբյուրների եւ մակերեսային ջրերի մեջ՝ թունավորում են ջրի շրջապտույտը:

Հողի. կոշտ թափոնների տարրալուծման աստիճանական գործընթացը բերում է վտանգավոր քիմիական եւ ախտածին նյութերի կուտակմանը, իսկ օրգանական եւ անօրգանական թունավոր միացություններով հարուստ հողը պիտանի չէ անվտանգ օգտագործման համար:

Օդի. արեւի ճառագայթների ազդեցության տակ հողը, աղբավայրերը տաքանում են, արդյունքում գոլորշիների հետ մեկտեղ մթնոլորտ են բաց թողնվում կուտակված աղբից առաջացած տարբեր տոքսիններ եւ գազեր: Գոլորշիներով արձակված տոքսինները տարածվում են քամու միջոցով եւ աղտոտում օդը:

Ի՞նչ ժամկետներում են քայքայվում աղբի տարբեր տեսակներ

Ինչպե՞ս է կազմակերպվում աղբահանությունը Արցախում

Ստեփանակերտում աղբահանությունը կատարվում է «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից, ամենօրյա ռեժիմով՝ բացառությամբ մի քանի մասնավոր թաղամասերի: Օրական հավաքվում է շուրջ 45, տարվա կտրվածքով՝ շուրջ 540 տոննա աղբ:

Հավաքված աղբը կուտակվում է Աջափնյակ կոչվող տարածքում 10 տարի առաջ հիմնադրված եւ 8 հեկտար տարածք ունեցող աղբանոցում, որտեղ աղբը շաբաթը 1-2 անգամ հարթեցվում եւ ծածկվում է 15-20 սմ հողով: Իսկ նախքան այդ աղբանոցը՝ մայրաքաղաքի աղբը կուտակվում էր Հասանաբադ կոչվող տարածքի աղբանոցում, որն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ծածկված է հողի շերտով եւ ունի 9-10 հեկտար մակերես:

Շրջկենտրոններում աղբահանությունն իրականացվում է համայնքին աղբահանության կամ սանիտարական մաքր­ման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով: Հավաքված աղբը կուտակվում է քաղաքապետարանների կողմից հաստատված աղբավայրերում:

Գյուղական համայնքներում աղբահանությունն իրականացվում է ինքնուրույն՝ որպես կանոն յուրաքանչյուր գյուղացու հողամերձերին հարող ձորերում աղբի կուտակման կամ փոսերում թափելու տարբերակով:

Հավելենք նաեւ, որ աղբահանությունը մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում կատարվում է համայնքային բյուջեներով: Եվ եթե Ստեփանակերտի քաղաքացիներից աղբահանության դիմաց գումար է գանձվում, ապա որոշ շրջաններում օրենքով սահմանված աղբահանության վճարները դեռեւս չեն սահմանվել:

Նշենք նաեւ, որ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղն այն եզակի գյուղերից է, որտեղ աղբահանությունն իրականացվում է գյուղի տարբեր մասերում աղբի տարաների տեղադրման միջոցով:

Պետական քաղաքականությունը՝ մշակման փուլում

Արցախի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված օրենքով: Մեկ տարի մեկ ամիս առաջ ընդունված օրենքի դրույթները, սակայն, ամբողջությամբ չեն կատարվել: Այդպես, օրինակ՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականությունը դեռեւս մշակման փուլում է. «Մենք ուսումնասիրություններ ենք կատարում հանրապետության ողջ տարածքում՝ պարզելու, թե ինչպիսի հնարավորություններ կան ավելի խելամիտ ձեւով աղբահանությունը կարգավորելու, քանի որ հատկապես փոքր համայնքներում աղբահանությունը կատարվում է այսօրվա զարգացած դարաշրջանին չհամապատասխանող տարբերակով: Ժամանակակից աշխարհի պահանջները նոր պահանջներ են դրել նաեւ մեր առջեւ՝ աղբահանության ոլորտում մեր մոտեցումները վերանայելու տեսանկյունից»,-ասել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանը եւ նշել, որ ուսումնասիրություններն ավարտվելու են տարեվերջին եւ կամփոփվեն համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմամբ:

Բժշկական հայեցակետ

Հիգիենայի եւ համաճարակաբանության կենտրոնի գործադիր տնօրեն, համաճարակաբան Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախում աղբանոցներից ծագած հիվանդությունների բռնկման դեպքեր չեն արձանագրվել, ինչը, սակայն, պատճառ չէ թափոնները մեկ վայրում կուտակելու քաղաքականությունը շարունակելու:

«Աղբանոցները բազմաթիվ մարսողական, մակաբուծական հիվանդությունների բռնկման աղբյուր կարող են հանդիսանալ, նաեւ հողի կազմության փոփոխման պատճառ: Այդ իսկ առումով՝ կարեւոր է, որպեսզի գյուղական աղբանոցների համար ընտրվեն համեմատաբար չօգտագործվող տարածքներ եւ ժամանակ առ ժամանակ կատարվեն հողածածկի աշխատանքներ՝ հեռանկարում ունենալով Արցախում աղբի վերամշակման գործարան հիմնելու հստակ նպատակադրումը,- ասում է
Օֆելյա  Գրիգորյանը:

«Էկո Սթեյթ» ՍՊԸ. պլաստիկի վերամշակումը՝ բիզնես ծրագիր

Օրեցօր ավելացող աղբի դեմ պայքար այսօր ծավալում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետությունները: Հիմնվում են աղբի վերամշակման գործարաններ, աշխատանքներ են տարվում հասարակության մեջ աղբի տեսակավորման մշակույթը ձեւավորելու ուղղությամբ, իսկ դժվար քայքայվող իրերը փոխարինվում են ավելի արագ քայքայվող նյութերով:

Վաչագան Ավանեսյանն ու Արամ Ասլանյանը եւս ձեռնոց են նետում աղբին՝ Արցախին եւս ներգրավելով համաշխարհային ընդհանուր թշնամու դեմ պայքարին:

Պլաստիկի վերամշակմամբ զբաղվող «Էկո Սթեյթ» ՍՊԸ-ն հիմնադրելու՝ տղաների գաղափարը մտահղացել է, երբ 2018 թվականին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության երիտասարդական բաժինը կազմակերպեց «Համայնքի զարգացում՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում Վաչագանն ու Արամը այցելել են Գորիսում գործող պլաստիկի վերամշակմամբ զբաղվող «Մաքուր Գորիս» ՀԿ եւ տեղում որոշել՝ սեփական բիզնես սկսելու լավագույն տարբերակն է:

Տղաների ֆինանսական ու շինարարական կրթությունը եւ համացանցից ստացված՝ աղբի վերամշակման վերաբերյալ ուսումնասիրություններն ամփոփվել են սոցիալական ձեռնարկատիրության բիզնես ծրագրում, որն իրագործելու են երեք փուլերով՝

1-ին փուլ. պլաստիկի հավաքագրում

Հավաքագրումը կատարում են երկու ձեւով՝ Հեքիմյան 3 հասցեում պլաստիկի ընդունման կետ բացելու միջոցով եւ «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում՝ աշխատողների կողմից Ստեփանակերտի կենտրոնական աղբանոցից պլաստիկ իրերի՝ պոլիէթիլային տոպրակների, շշերի եւ ցանկացած տեսակի ճկուն պլաստիկի հավաքման եւ հանձման միջոցով:

Պլաստիկն ընդունում են՝ 1 կգ դիմաց՝ 50-150 դրամ վճարով:

Այսօրվա դրությամբ՝ 1 ամսվա ընթացքում հավաքագրված պլաստիկի ծավալը շուրջ 3 տոննա է: Աշխատանքների ընդլայնման արդյունքում ակնկալում են մեկ ամսվա կտրվածքով միայն Ստեփանակերտ քաղաքից հավաքել 20-30 տոննա պլաստիկ նյութեր:

2-րդ փուլ. գրանուլացիա

Ստեփանակերտի Աջափնյակի տարածքի կենտրոնական աղբանոցի մոտակայքում տարածք վարձակալելու եւ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու շնորհիվ տղաները տեսակավորում են հավաքված պլաստիկը եւ գրանուլացնում՝ ստանալով նոր իրերի պատրաստման համար հումք:

3-րդ փուլ. նոր իրեր

Փետրվարից-ապրիլ ընկած ժամանակահատվածում տղաները ծրագրում են նոր սարքավորումներ ձեռք բերել պլաստիկի վերամշակման արդյունքում ստացված գրանուլներից սալիկներ պատրաստելու նպատակով: Գրանուլներից ստացված սալիկներն ավելի ամուր են լինելու, չեն ջարդվելու, կունենան 150 տարվա կյանք եւ, որ ամենակարեւորն է, կլինեն ավելի մատչելի:

«Այսօրվա դրությամբ՝ մենք աշխատանք ենք տանում մեր քաղաքացիների մեջ աղբի, պլաստիկի տեսակավորման մշակույթը ձեւավորելու ուղղությամբ: Պատրաստվում ենք դասընթացներ անցկացնել մայրաքաղաքի եւ շրջանների տարբեր ուսումնական հաստատություններում»,- ասում է Արամը եւ նշում, որ իրենց էկո-բիզնես ծրագրի հաջողությունը կախված է լինելու հասարակության մտածելակերպի փոփոխությունից:

«Մենք պատրաստվում ենք համագործակցել տարբեր սրճարանների, հիմնարկների հետ, ծրագրում ենք պլաստիկ հավաքագրել նաեւ շրջաններից՝ այդպիսով ձերբազատելով Արցախը վնասակար այդ նյութից: Վստահ ենք, որ էկոլոգիանպաստ բիզնեսը չի կարող անհաջողություն ունենալ»,- ասում է Վաչագանը եւ նշում, որ աղբի հավաքարման շահույթի մի մասն ուղղվելու է համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:

Էկոլոգիան՝ կշեռքին

Մենք առիթ կունենանք անդրադառնալու տարեվերջին բնապահպանության նախարարության կողմից հրապարակած ուսումնասիրությունների արդյունքներին: Բայց մինչ այդ ուսումնասիրությունների ավարտը պետք է վերհիշել Աղբահանության, սանիտարակաn մաքրման մասին օրենքի հետեւյալ մասը՝ պետք է ներդրվեն աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաները, թափոնների հավաք­ման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման եւ անվտանգ հեռացման մեխանիզմները: Արդյո՞ք պատասխանատու ենք գալիք սերունդների առաջ…

Լուսինե Թեւոսյան

1