ՀԷԿ-եր. էկոլոգիական վնասի, էներգետիկ ապահովության եւ համակարգման բացակայության կանգառում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Բնապահպանությունը՝ օրախնդիր » ՀԷԿ-եր. էկոլոգիական վնասի, էներգետիկ ապահովության եւ համակարգման բացակայության կանգառում

ՀԷԿ-եր. էկոլոգիական վնասի, էներգետիկ ապահովության եւ համակարգման բացակայության կանգառում

«Ապառաժ»-ը բնապահպանական նյութերի նախագիծ-շարք է սկսում՝ պարզելու համար, թե որքանով է Արցախում պահպանվում բնություն-մարդ, էկոլոգիա-տնտեսություն հավասարակշռվածությունը:

Նախագիծ-շարքի առաջին թեման վերջին տարիներին մեծ թափով կառուցվող եւ զարգացման միտում ունեցող հիդրոէլեկտրոկայաններն են. ի՞նչ ազդեցություն ունեն ՀԷԿ-երը բնության վրա, որքանո՞վ են արդյունավետ կառավարվում Արցախի ջրային ռեսուրսները եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում ազգային ջրային պաշարի պահպանության համար: Այս ամենի մասին՝ ստորեւ.

Ինչպե՞ս են ՀԷԿ-երն ազդում ջրային պաշարների վրա

Խոշոր ՀԷԿ-երի դեպքում ջրային պաշարների վրա ազդեցությունը փոքր է. ամբարված ջուրը գոլորշիանում եւ ներ է ծծվում երկրի ստորոտը՝ պահպանելով ջրի մակարդակը:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա դրանք խողովակի մեջ են առնում գետերի գրեթե ամբողջ ջուրը՝ ինչի արդյունքում խողովակի միջով անցնող ջուրը չի գոլորշիանում եւ չի ներծծվում:  Արդյունքում՝ իջնում է գրունտային ջրերի մակարդակը եւ փոխվում է ավազանի միկրոկլիման:

Բացի այդ, գետերի ջրի օգտագործումը բերում է ջրի որակական փոփոխությանը, կենդանիների թթվածնային քաղցի ու ոչնչացման, նաեւ՝ տվալ հատվածում ծառերի ու բույսերի չորացման:

Ի՞նչ է անհրաժեշտ գետերի ջրային պաշարը պահպանելու համար

Գետերի ցամաքումից խուսափելու եւ ջրային պաշարների պահպանման համար անհրաժեշտ է պահպանել էկոլոգիական թողքը՝ գետի ջրի առնվազն 30 տոկոսը, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը եւ ինքնավերականգնումը:

ՀԷԿ-երի վիճակագրությունը Արցախում

Արցախում հիդրոէլեկտրոկայանների մեծամասնությունը կառուցվել է  2010 թվականից հետո: Այսօր Արցախում գործում է 27 հիդրոէլեկտրոկայան, որոնցից մեկը՝ «Սարսանգ» ՀԷԿ-ը, խոշոր է, 26-ը՝ փոքր.

Մարտակերտի շրջանում՝ 8

Քաշաթաղի շրջանում՝ 11

Շահումյանի շրջանում՝ 6

Հադրութի շրջանում՝ 1

Բացի այդ, Արցախում ընթացքի մեջ են նաեւ 16 նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները:

Որչա՞փ են Արցախում գործող ՀԷԿ-երը պահում էկոլոգիական թողքը

«Ցանկանալով ստանալ մեծ շահույթ, Արցախում գործող փոքր ՀԷԿ-երը խողովակի մեջ են մտցնում գետի ամբողջ ջուրը՝ չթողնելով էկոլոգիական թողք: Դա հատկապես վտանգավոր է ջրասակավ շրջանում՝ հունիսից-սեպտեմբեր ամիսներին: Գիշատիչ կերպով ջրային ռեսուրսների շահագործումով վերացնում ենք մեր գետերը»,- ասում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:

Հատկանշական է նշել նաեւ, որ ՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունը տրամադրելու ժամանակ հաշվի է առնվում գետերում առկա ջրի ծավալը՝ որոշելու համար էկոլոգիական թողքի պահպանման ծավալը: Այսօր սակայն էկոլոգիական թողքը որոշվում է 30 տարի առաջ կատարված գետերի ջրերի հաշվարկի արդյունքների հիման վրա:

«Այսօր մենք չունենք գետերում առկա ջրերի հստակ ծավալի ուսումնասիրություն: Մենք հիմնվում ենք հին տվյալների վրա, որոնք կլիմայական փոփոխվող այս ժամանակահատվածում չեն կարող հիմնավոր լինել»,- ասում է ԱՀ բնապահպանության փոխնախարար Ալեքսանդր Գասպարյանը:

Ի՞նչ մեխանիզմով են գործունեություն ծավալում ՀԷԿ-երը

Պատերազմական իրավիճակում գտնվող Արցախում էներգետիկ անվտանգությունն ապահովող ՀԷԿ-երի աշխատանքն անցած տարիներին մշտապես խրախուսվել է Արցախի իշխանությունների կողմից: Ավելին: Կառավարության էներգետիկ ինքնաբավության նպատակադրումը շատ հաճախ ընդունած օրենքների կյանքի կոչումը հետաձգելու պատճառ է հանդիսացել:

Այդպես, օրինակ, 2003 թվականի նոյեմբերի 26-ին ընդունված  Ջրային օրենսգրքի՝ Ջրի ազգային  խորհուրդ ստեղծելու հոդվածը կյանքի է կոչվել օրենքի ընդունումից 16 տարի անց՝ սույն թվականի հոկտեմբերի 3-ին անդրանիկ նիստի գումարմամբ:

Ջրի ազգային խորհրդի ստեղծումը հրամայական էր էներգետիկայի ոլորտի պատկան մարմինների ու մասնավոր ընկերությունների աշխատանքը համակարգելու եւ օրինականացնելու տեսանկյունից:

Այդպես, օրինակ, բնապահպանության նախարարությունը, խորհրդի ընդունած՝ ջրի ազգային ծրագրի եւ բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի հիման վրա օրինական կերպով պետք է տրամադրի ջրօգտագործման թույլտվություններ եւ իրականացնի վերահսկողական գործառույթներ:

Էկոնոմիկայի նախարարությունը վերջապես պետք է մշակի ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ջրի ազգային քաղաքականություն:

Պետք է ստեղծվեն մասնագիտական խմբեր գետերի ջրի պոտենցիալն ուսումնասիրելու եւ ՀԷԿ կառուցելու պայմաններն ուսումնասիրելու համար՝ ջրի ազգային պաշարի պահպանումը երաշխավորելու նպատակով:

Հիդրոէլեկտրոկայանները վերջիվերջո պետք է դադարեն էլեկտրաէներգիա արտադրել էկոլոգիայի սպառման հաշվին  եւ սկսեն գործունեություն ծավալել օրենսդրությանը եւ պահանջված պայմաններին համապատասխան՝ կառավարության վերահսկողության ներքո:

Պետք է նշել նաեւ, որ օրենսդրական բացառություններին զուգահեռ այս տարիների ընթացքում էկոլոգիան եւ բնությունը եւս ստորադասվել են. ՀԷԿ-երից բնօգտագործման եւ ջրօգտագործման հարկեր չեն գանձվել՝ կառավարության համապատասխան որոշումների բացակայության պատճառով: Բացի այդ, ՀԷԿ-երի գործունեությունը խրախուսելու եւ ներդրումների ներգրավման նպատակով ՀԷԿ-երի գործունեության առաջին տարիներին որոշ այլ հարկատեսակներ եւս արտոնվել են: Կառավարությունը վերջապես պետք է լուծի նաեւ ՀԷԿ-երից գանձվող հարկերի հարցը:

«Կարգավիճակից ելնելով՝ սահմանված արտոնությունները չպետք է հակասեն մեր իսկ մշակած օրենքներին: Ներդրումների համար լավ պայմանների ստեղծումը չի նշանակում հասցնել բարձիթողի վիճակի: Կարելի է որոշակի արտոնություններ սահմանել, բայց օրենքը շրջանցելով հնարավոր չէ հարց լուծել: Բնության հասցրած վնասը պետք է փոխատուցվի, օգտագործած ջրի գումարը պետք է գանձվի»,- ասում է ԱՀ բնապահպանության փոխնախարար, Ջրի ազգային խորհրդի քարտուղար Ալեքսանդր Գասպարյանը:

Որո՞նք են կառավարության հաջորդ քայլերը

Ջրի ազգային խորհրդում ընդգրկված միջբնագավառային պատասխանատուները  վստահեցնում են, որ ձեռնամուխ են եղել ջրային պաշարների պահպանության գործառույթն իրականացնելու գործին եւ որ ընթացքի մեջ է հատուկ համակարգի ներդնումը, որի օգնությամբ ՀԷԿ-երի գործունեությունը վերահսկելի կդառնա: ՀԷԿ-երում ջրաչափերի ու մակարդակաչափերի տեղադրման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

«Մակարդակաչափերի տեղադրման արդյունքում մենք կհասկանանք, թե ինչքան ջուր կա գետերում, իսկ ջրաչափերի միջոցով կվերահսկենք ՀԷԿ-երի կողմից գործածված ջրի ծավալը»,- ասում է Ալեքսանդր Գասպարյանը եւ նշում, որ բացի ջրաչափերի ու մակարդակաչափերի տեղադրումից՝ ձկնուղիների կառուցումը եւս ՀԷԿ-երին ներկայացված պարտադիր պահանջ է:

ԱՀ բնապահպանության փոխնախարար Ալեքսանդր Գասպարյան

Ներդրվող համակարգի միջոցով շուրջօրյա վերահսկվելու է գետի ջրի ծավալը, եւ կլիմայական անբարենպաստ ժամանակահատվածում կառավարելի կդարձնի ՀԵԿ-երի ջրօգտագործումը կամ ընդհանրապես աշխատանքի դադարումը:

«Փոքր ՀԷԿ-երը հատուկ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար, սակայն ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած եւ ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները վերականգնելու հարցը դարձել է հրատապ»,- ԱՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ հրավիրված՝ Արցախում շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը թեմայով քննարկմանն ասել է բնապահպանության նախարար Ֆելիքս Գաբրիելյանը:

Փետրվար ամսից մեկնարկած նոր համակարգի ներդնումը, սակայն, ձգձգվում է ՀԷԿ-երի սեփականատերերի հակառակման պատճառով: ՀԷԿ-երի գործունեությունը օրենսդրությանն ու սահմանված կարգերին համապատասխանեցնելու՝ նախարարության որոշումը ձեռնտու չէ ՀԷԿ-երի սեփականատերերին: Օրենսդրական համապատասխանեցումները շահույթի նվազման վտանգ են: Վարչական տուգանքներով ուղեկցված գործընթացը դեռեւս ընթանում է:

Իսկ մինչ այդ, հարցը նաեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ուշադրությանն է արժանացել: Սեպտեմբերի 26-ին կայացած Ազգային ժողովի նիստի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը բարձրացրել է ՀԷԿ-երի՝ բնությանը հասցնող վնասի հարցը եւ հայտարարել, որ ՀԷԿ-երի գործունեությունը օրենսդրական դաշտ բերելու կառավարության որոշմանը չեն ենթակվել ոչ թե կառավարության մատնանշած 6 ՀԷԿ-երը, այլեւ մյուսները:

Արցախում կա՞ն արդյոք առանձնահատուկ արտոնություններ վայելող ՀԷԿ-եր:

Էկոլոգիան՝ կշեռքին

Այն, որ ջրային պաշարների հարցը օրենսդրական կարգավորումներով լուծելն ուշացել է, ակնհայտ է: Բայց հատկանշական է նաեւ, որ վերջին շրջանում հարցն Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է. ստեղծվել է Ջրի ազգային խորհուրդ, ներ են դրվում ՀԷԿ-երի աշխատանքը վերահսկող համակարգեր, իրականացվում են հանրապետության ստորերկրյա ջրերի հայտնաբերման եւ տարածական բաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ, նախաձեռնվում են տարբեր մակարդակների քննարկումներ, իսկ 2020 թվականի պետական բյուջեն ուղղվում է ջրամատակարարման խնդիրների լուծմանը:

Էներգետիկ անկախության ապահովման համար տրված արտոնությունների վերացման, ոլորտի համակարգման եւ բնությանը հասցված վնասների վերականգնման հնարավորություները ստեղծված են: Արդյո՞ք կառավարությունն ունակ կլինի պատշաճորեն օգտագործել այդ հնարավորությունները եւ վերջապես  կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը: Եվ արդյո՞ք օրենքի լիակատար կիրառումը կբերի  էլեկտրաէներգիայի սակագնի նվազման:

Այս կանգառում թերեւս անհրաժեշտ է վերհիշել Ջրային օրենսգրքի հետեւյալ մասը՝ բավարարել ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքները եւ պահպանել ու ավելացնել ազգային ջրային պաշարի ծավալները, նաեւ պատասխանել մեկ հարցի՝ պատասխանատո՞ւ ենք գալիք սերունդների առաջ:

Լուսինե Թեւոսյան

1