Հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ կկազմակերպի ամեն ինչ
Գլխավոր » Գաղափարական » Հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ կկազմակերպի ամեն ինչ

Հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ կկազմակերպի ամեն ինչ

Մարդիկ սովորաբար մինչև չափահաս դառնալը կամ դրանից հետո որոշ ժամանակ կայացման ժամանակաշրջան են անցնում, տարիներ շարունակ մտորում իրենց առաքելության ու ապագայի մասին, հետո արդեն ձևավորվում որպես մարդ, անհատ, հասարակության մաս, հանդես գալիս իրենց գաղափարներով ու գործերով, որով և հիշվում են: Իսկ եզակի անհատականությունները նույնիսկ իրենց կարճատև կյանքի ընթացքում հասցնում են կատարել անհնարինը, լինել իրադարձությունների կիզակետում, փոխել գործողությունների ընթացքը և այնպիսի կենսագրություն կերտել, որի մասին կերազեին մինչև խոր ծերություն ապրող շատ-շատերը:

Այդպիսի անհատականություն էր 23-ամյա Արթուր Աղասյանը, ով մինչև 18 տարին լրանալն առաջնորդի հատկությունների ու գաղափարական պատրաստվածության շնորհիվ համակարգում էր Մարտունու ՀՅԴ պատանեկան խմբերի աշխատանքը: Բանակ զորակոչվելուց հետո՝ 2016թ. ապրիլին, 19-ամյա հասակում գրագետորեն կազմակերպում է իր դիրքի պաշտպանությունը՝ արժանի հակահարված հասցնելով  «Յաշմա» հատուկ ջոկատայիններին և փրկելով զինվորների կյանքը: Ապրիլյան պատերազմից հետո նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ է ստանում «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, իսկ 2020թ. պատերազմի օրերին ԱՀ նախագահը նրան  «Արցախի հերոսի» կոչում է շնորհել, որը հուլիսի 17-ին ստացել են նրա ծնողները: Ինչպես բարձրագույն կոչմանն արժանանալուց հետո իրավացիորեն նշել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, կապիտան Աղասյանի «Արցախի հերոսի» հրամանագիրը այն եզակի հրամանագրերից է, որ վատ կոնտեքստում չքննարկվեց, ոչ մի տեղ այնպիսի մարդ չկար, որ չողջուներ այդ պարգևատրումը:

Գրիգորի և Մարգարիտա Աղասյանների ընտանիքում 4 զավակ էր մեծանում՝ երեք որդի և մեկ դուստր: Ավագ որդին՝ Արթուրը, 2020թ. սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ ԱՀ ՊԲ սպա էր, իսկ նրա կրտսեր եղբայր Արսենը՝ ժամկետային զինծառայող: Նրանք հերոսաբար մարտնչել են իրենց դիրքերում և նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, երկու ժամվա տարբերությամբ անմահացել, Արթուրը՝ Մատաղիսում, Արսենը՝ Թալիշում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլոր հարազատները, ընկերներն առանձնակի հպարտություն ապրեցին այն ժամանակ դեռևս ժամկետային զինծառայող Արթուրի քաջագործությունների մասին լսելով: Իր կյանքը զինվորական գործին նվիրած Արթուրը 2020թ. պատերազմի ընթացքում ևս աչքի ընկավ. զինվորներին ականապատ դաշտով անվնաս դուրս է բերել, համարյա 6 օր առանց զոհերի կռիվ տվել:

Արթուրը զոհվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, բայց պատերազմից ամիսներ անց էլ նրա մարմինը չէին գտնում: Շատերը հույս ունեին, որ Արթուրը ողջ կլինի, բայց նրան ճանաչողները համոզված էին, Արթուրը գերի  չէր կարող ընկնել. նա հանձնվող տեսակ չէր, ապացույցը՝ գրպանում պահված վերջին նռնակն է: Կապիտան Աղասյանը զոհվել է ինքնաթիռից նետված ռումբերից, մարմինը գտնվել է ամիսներ հետո՝ հուլիսի 14-ին: Հրամանատարի զոհվելու վայրը հուշել է նրա զինվոր Դավիթը: Արթուրի մոտ էին հեռախոսը, քարտեզները, ոսկյա շղթան, խաչը, զինվորական վկայականը:

Արթուրը մտերիմ հարաբերություններ ուներ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Նարեկ Հովհաննիսյանի հետ, ում որդու կնքահայրն էր: Ի դեպ, նա նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Վլադիմիր Նարինյանի եղբոր որդու կնքահայրն էր:

Մոր խոսքով՝ Արթուրը շատ շուտ է մեծացել, իրենից տարիքով մեծերի ու փոքրերի հետ կարողանում էր հեշտությամբ լեզու գտնել: Իսկ տատիկի՝ Աիդայի համար  Արթուրը միայն թոռ չէր, իր զավակներից մեկն էր. թե՛ Դաշնակցություն, թե՛ բանակ ուղեկցողն ինքն էր:

Արթուրն ուզում էր ճանապարհային ոստիկան դառնալ. ուսումը կիսատ է թողել, բանակ զորակոչվել: «Ասում էր՝ ինչպես դու էիր այդքան տարի ոստիկանությունում աշխատել, նույնն էլ ես եմ անելու: Ապրիլյան կռիվներից հետո ասաց՝ տատիկ չնեղվես, բայց ոստիկան չեմ դառնալու, ես երբեք չեմ կարող որևէ մեկին վատություն անել, որևէ մեկին պատժել»,- թոռան խոսքերը հիշում է տատիկը:

Տատիկի խոսքով՝ Արթուրի համար Դաշնակցությունն առաջին տեղում էր. ասում էր՝ Դաշնակցությունն իմ տունն է: «Հարցնում էի՝ դու դրանից ի՞նչ օգուտ ունես, ասում էր՝ լավ չես իմանում: Վերջին ընտրություններին զանգեց, թե՝ գիտես չէ՞՝ ում ես ընտրելու, ասացի՝ ում ասես, նրան ենք ընտրելու: Քո ասած խոսքը մեզ համար օրենք է»,- պատմում է տատիկը՝ ավելացնելով, որ մեծարանքով պահում է Արթուրի՝ ՀՅԴ երկու դրոշները: Իսկ ամառային ճամբարի օրերին ամեն օր նոր ընկերներին տուն էր տանում, հյուրասիրում, Մարտունու տեսարժան վայրերին ծանոթացնում: «Իմ բալաս հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ ամեն ինչ կկազմակերպի»,- համոզված է տիկին Աիդան:

Վերջին անգամ օգոստոսի 20-ին է Մարտունիում եղել Արթուրը: «Իմ առաջին թոռն է, երկու թոռներս համարյա մի տարիքի են: Արայիկը՝ մյուս թոռս, չաղ էր, բոյով, Արթուրը՝ փոքր, նիհար: Բայց ինձ համար առաջինը նա էր, թե որպես թոռ, թե որպես ամենալավ զավակ: Ասում էր, որ սեպտեմբերին պիտի գա, ծնունդս շնորհավորի, նաև նոր կոչումը՝ աստղերը նշեինք: Հիմա առանց նրա մութ է ինձ համար: Ես չեմ կարողանում հարմարվել նրա կորստին»,- ասում է տատիկը ու ցավով նայում հերոսացած թոռների նկարների կողքին շարված Արսենի բազմաթիվ մարզական մեդալներին, գովասանագրերին և Արթուրի զինվորական պարգևներին:

Ապրիլյանից հետո շքանշանի համար ստացված գումարը Արթուրը ձևակերպել էր տատիկի անունով, որ միշտ ինքը ստանա: «Բայց նրանից հետո ես էլ եմ մահացել, էլ չեմ կարող ձեռքս տանել դեպի այդ թղթերը: Մինչև կյանքներիս վերջը մեր սրտի խոցը դուրս չի գալու»,- արցունքների միջից մի կերպ ասում է տատիկը:

1