Արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս Արսեն Աղասյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս Արսեն Աղասյան

Արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս Արսեն Աղասյան

Հոգեբան, գրող, Տիգրան Աբգարյան ՈՄԱ-ի իրադարձությունների մեկնաբան, Մերօրյա հերոսներ, նաև Հերոսը խմբերի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ Մատինա՝ Մարինե Մանուկյան

«Արսեն Գրիգորիի Աղասյան` արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս: Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 8-ին, Արցախի Մարտունի քաղաքում: 3 եղբայր ու 1 քույր էին: Ամենափոքրը քույրն է` դեռևս 10 տարեկան, իսկ Արսենը եղբայրներից կրտսերն էր: Բնավորությամբ ժիր էր, աշխույժ, չարաճճի և անչափ արդարամիտ: Երբեք չէր սիրում սուտն ու կեղծիքը:

Դպրոց գնացել է 2006թ.: Սովորել է Մարտունու Նելսոն ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Շատ էր սիրում մաթեմատիկան և ֆիզկուլտուրան: 9-րդ դասարանն ավարտելով` ընդունվել է Երևանի ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց, նույնն է, թե օլիմպիական հերթափոխի քոլեջ, որպես ապագա ըմբշամարտիկ: Սպորտի ասպարեզում արժանացել է բազմաթիվ մեդալների, պատվոգրերի և խրախուսագրերի։

4 տարի սովորելով ավարտել է և զորակոչվել բանակ: Զորակոչվել է 2019թ., Մատաղիս։ Հետախույզ էր, նվիրյալ ծառայող, աշխույժ, կատակասեր, բանիմաց և շատ սրամիտ: Ծառայել է պավով ու նվիրումով: Ծառայության ընթացքում արժանացել է «Լավագույն զինվոր-մարտիկ», ապա «Քաջարի մարտիկ» մեդալների:

Մայրը` հերոսածին տիկին Մարգարիտան հեծկլտոցի միջից, մի կերպ, շատ աննշմար ժպիտանման մի երևույթ գծագրելով դեմքին, ասում է. -Երեք եղբայրն էլ միասին մտերիմ էին, կապված, բայց փոքր տարիքում լինում էր, որ վիճում էին, իրար չէին հասկանում կարծես, հենց միջամտում էի` իրար պաշտպան էին դառնում, կարծես ես էի մեղավորը:

Երեք եղբայրն էլ իրենց քրոջը շատ էին սիրում ու թագուհու նման վերաբերվում: Իրենց փոքրիկ թագուհին էր, հետները տանում էին ուր ասես, ուրախացնում, կերակրում, հագցնում և հպարտանում նրանով: Մեր հզորը 2021թ. հունվարին պիտի զորացրվեր, ընդամենը 4 ամիս էր մնացել: Սակայն… 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական հակառակորդի կողմից սանձազերծված արցախյան քառասունչորսօրյա չարաբաստիկ երրորդ պատերազմը հավերժացրեց նրան ու հավերժ սահմանին պահեց:

Կրկին մայրը` վշտից վաղաժամ կուչ եկած տիկին Մարգարիտան արցունքները սրբելով ասում է. -Արսենս ամրակազմ ըմբշամարտիկ էր, չորս տարի սովորեց ու դիպլոմը թողեց ինձ` իր մամային հիշատակ,-ասաց ու ափով ծածկելով դեմքը նորից հեկեկաց,-ապա հանգստացավ, սրբեց աչքերը և հուզված նայելով դեմքիս` արտաբերեց,-տղայիս մեկ տարի չտեսա, վեց ամիս էլ ձայնը չլսեցի:

Իսկ վշտաբեկ հայրը լուռ ու մտախոհ հայացքը հառած մի կետի` բառ անգամ խոսել չէր կարող: Եթե խոսեր` նա ևս կհեծկլտար: Սահմռկել ու սառել էի տեղումս, արցունքներս հազիվ էի պահում կոպերիս, որ չծովանային այտերիս վրա, բառերս կարծես մոռացել էի, սփոփանքի գեթ մի բառ չէի գտնում: Իսկ մի՞թե հնարավոր է որդեկորույս ծնողին, թեկուզ մեկ բառով, սփոփել: Ո’չ, չի ստացվի: Մեր անվախը քաջաբար մարտնչելով դավանենգ հակառակորդի դեմ, հավերժի ճամփան է բռնել հոկտեմբերի 3-ին:

Եղբայրը` Աբրիկը, որ մի քանի ամսում դարձել էր առավել լռակյաց ու չխոսկան, մի կերպ արցունքները պահելով կոկորդում`ասաց. -Սովորությունս դեռ պահպանվում է` օրական երկու անգամ, առավոտյան ու երեկոյան զանգել եղբայրներիս, թեպետ գիտակցում եմ, որ անհասանելի են: Այո’, երկու եղբայր… Արթուրն էլ անհայտների թվում է, սակայն նրան բոլորս ենք սպասում, հույսով, անհուն հավատով:

Ի դեպ` Արթուր Աղասյանն ապրիլյան պատերազմի ողջ մնացած հերոս է, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր: Հակառակորդի 30 հոգանոց «Յաշմա» հատուկ դաժանություն ունեցող ջոկատայինների դիվերսիոն խմբին է հետ մղել:

Հպարտություն է այսպիսի հերոսի հետ շփվել, ավելին` լինել մտերիմ նրա հետ, բայց այսօր ցաված սրտով, սակայն մեծ հավատով սպասում ենք գեթ մեկ դրական լուրի:Իսկ մեր ըմբշամարտիկն ու հզոր հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նա ապրեց կարճ, բայց իմաստալից ու արժանավայել և թողեց այնպիսի հետք, որ հազարամյակներ հիշեն նրան»:

1