Շարունակվում են բյուջեի հաշվին գնված հյուրատան և Գետավանի ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները
Գլխավոր » Լրահոս » Շարունակվում են բյուջեի հաշվին գնված հյուրատան և Գետավանի ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները

Շարունակվում են բյուջեի հաշվին գնված հյուրատան և Գետավանի ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները

«Ապառաժ»-ը  սույն թվականի հունիսի 9-ին «aparaj.am» կայքում հրապարակել էր «Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին» վերտառությամբ հոդված, որում լուսաբանվել են ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամների հարցումները՝ ԱՀ կառավարության ներկայացուցիչներին՝ ԱՀ 2020թ. բյուջեի միջոցներով մասնավոր գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների և մասնավոր կազմակերպությանը դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքի վերաբերյալ:

Սույն թվականի հունիսի 11-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ վերոհիշյալ հրապարակման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարվում են ուսումնասիրություններ:

Նշված գործի ընթացքի և արդյունքների մասին հանրությանն իրազեկելու նպատակով «Ապառաժ»-ը  դիմել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Հուլիսի 26-ին խմբագրությունը ստացել է պատասխան նամակ՝ ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Գալստյանի ստորագրությամբ:

Նամակում նշվում է, որ «Ապառաժ»-ի հրապարակման կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազի հանձնարարականով պետական գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ ուսումնասիրություն է սկսվել, հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության նախարարին, ԱՀ ֆինանսների նախարարին:

Ըստ դատախազության ԱՀ ֆինանսների նախարարից ստացված պատասխանից հետևում է, որ ԱՀ 2020թ. բյուջեի կատարողականի մեջ նշված «Օգանես ստրոյ» ՍՊԸ-ին 22,94 մլն դրամ ֆինանսական աջակցության փոխարեն իրականում տրամադրվել է իրականում տրամադրվել է 2 940.000 ՀՀ դրամ որպես ֆինանսական աջակցություն՝ պատերազմի ընթացքում քաղաքացիական պաշտպանության շրջանակներում շահագործված տրանսպորտային միջոցի վերանորոգման նպատակներով, իսկ «Արցախկապ» ՓԲԸ-ին տրամադրվել է 20 000 000 ՀՀ դրամ՝ արբանյակային ընդունիչներ ձեոք բերելու նպատակով:

Դատախազությանը պարզաբանել են նաև 2020թ. 17 քաղաքացու անհատույց կանխավճարի տեսքով 60.2 մլն դրամի չափով և 23 քաղաքացու անտոկոս փոխառության տեսքով 45 մլն դրամի չափով բնակարան ձեռք բերելու նպատակով տրված հատկացումների մասին: Դատախազության տրամադրած տեղեկություններից հետևում է, որ վերհիշյալ քաղաքացիներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների որոշ խմբերին, ինչպես նաև առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկերի ստացման համար 2020 թվականին պետական ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել:

«17 քաղաքացու անհատույց կանխավճարի տեսքով՝ 60.20մլն ՀՀ դրամի չափով, որից

1. 2 շահառու երկրորդ խմբի անժամկետ զինվորական հաշմանդամի կարգավիճակով՝ 7.0 մլն ՀՀ դրամ,

2. 1 շահառու երրորդ խմբի անժամկտ զինվորական հաշմանդամի կարգավիճակով 6.8մլն ՀՀ դրամ:

3. 14 շահառու փախստականի կարգավիճակով` 46.4 մլն ՀՀ դրամ

23 քաղաքացու կանխավճարի անտոկոս փոխառության տեսքով՝ 45.0 մլն ՀՀ դրամի չափով, որից

1. 7 շահառու առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու նպատակով 19. 00մլն ՀՀ դրամ

2. 16 շահառու՝ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու նպատակով, այդ թվում՝ 9 շահառու զոհված զինծառայողի զավակի կարգավիճակով՝ 15.3 մլն ՀՀ դրամ 3 շահառու բազմազավակ ընտանիքի կարգավիճակով՝ 5.3 մլն ՀՀ դրամ, 4 շահառու միածնող ընտանիքի կարգավիճակով՝ 5.4 մլն ՀՀ դրամ»,- ասվում է նամակում:

Դատախազությունը իրավասու մարմինների կողմից հիշյալ գումարների` նպատակային նշանակությամբ ծախսերը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրությամբ տվյալ գործընթացի` օրինականության առերևույթ խախտման մասին վկայող տվյալներ չի հայտնաբերել:

Իսկ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 111 հասցեում պետության կողմից ձեռք բերված և սեփականության իրավունքով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը փոխանցված հյուրատան, Գետավանում 37 մլն դրամով գնված ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները շարունակվում են:

1