Ա. Հարությունյանի հանրահավաքը՝ «դավաճան» վանկարկումների ներքո
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց:
Քաղաքացիներին վրդովեցրել էր Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ցույցի մասնակիցները որոշել էին Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքը շարունակել հունիսի 22-ին ժամը 19:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ, ըստ Արտակ Բեգլարյանի հավաստիացումների, ներկայանալու էր նաև Արայիկ Հարությունյանը:
Այսօր, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունից պարզ դարձավ, որ նա սույն թվականի հունիսի 22-ին ժամը 18:00-ին ժողովրդին կոչ էր արել հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ պատրաստվում է հանդես գալ ուղերձով:
Մինչ այդ տարբեր քաղաքացիներ ահազանգել են, որ իշխանությունները, վարչական ռեսուրսներ կիրառելով, պետական համակարգի աշխատողներին, գյուղական համայնքների բնակիչներին ուղղորդում են դեպի հրապարակ: Ըստ տեղեկությունների՝ նախարարները անձամբ են աշխատողներին պարտադրում մասնակցել հավաքին:
Հավաքի մեկնարկին և ամբողջ ընթացքում հավաքի տարբեր մասերից քաղաքացիները բացականչում էին՝ «Արայիկ դավաճա՛ն», «հեռացի՛ր», իսկ ոստիկանները փորձում էին չեզոքացնել այդ քաղաքացիներին:
Արցախյան բարբառով չխոսող և քաղաքացիական հագուստով անձինք խլել են «ո՛չ դավաճան իշխանությանը» գրությամբ պաստառներ մի քանի քաղաքացիների ձեռքից, որի արդյունքում առաջացավ քաշքշուկ. ոստիկանները, ծեծելով քաղաքացիներից մեկին, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Հավաքին ակնհայտորեն ներկա էին պետական համակարգի աշխատողներ, ինչպես նաև արցախյան բարբառով չխոսող, ամրակազմ քաղաքացիներ (հավանաբար ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ):
Հավաքի ավարտին քաղաքացիների մեծ մասը չհետևեց Ա. Հարությունյանի կոչին՝ երթով շարժվել դեպի Եղբայրական հուշահամալիր, այլ մնացին հրապարակում՝ մասնակցելու ժամը 19:00 կայանալիք Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին: