Ցանկալի է, որ Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման գործում
Պաշտոնավարման 100 օրվա առթիվ սեպտեմբերի 15-ին կայացել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ «Ապառաժ»-ը նախարարին հարցեր է ուղղել կրթական նոր չափորոշիչների մասին:
Պատասխանելով կրթական չափորոշիչների մշակման գործընթացում Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին, Լուսինե Ղարախանյանը նշել է, որ ցանկալի է, որպեսզի Արցախի ուսուցչությունը ևս ընդգրկվի չափորոշիչների մշակման գործում:
Նախարարի խոսքով՝ նախարարությունը փուլային ձևով անդրադաձել է չափորոշիչներին, որոնք ամփոփվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նրա ղեկավարած պատվիրակության հետ:
«Մենք նշել ենք մեր բոլոր նկատառումները՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները: Մենք դա արել ենք առանց էմոցիաների և գունավորումների: Այս պահին պատրաստ է և պետական և առարկայական չափորոշիչների մասին Արցախի տեսակետը»,- մասնավորապես նշել է ԱՀ ԿԳՄ նախարարը:
Լուսինե Ղարախանյանը հավելել է, որ նախարարության դիրքորոշումը բխում է ԱՀ նախագահի ծրագրից, որը ենթադրում է հայեցի, ազգային արժեհամակարգի պահպանում փոխանցում և հանրահռչակում՝ միջազգային մակարդակում:
Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին հարցին, նախարարը նշել է, որ կարևորում է առարկայի բարոյագիտական կողմը:
«Ոչ մի վտանգավոր բան չկա, եթե մենք պահենք առարկան և մատուցենք այնպիսի ձևով, որ չխանգարի պատմության նոր դասագրքին: Սա չի նշանակում հակադրվել, առճակատվել մեր գործընկերների հետ»,- նշել է նա:
Նախարարը չի բացառել նաև, որ հանձնաժողովը առարկայի բարոյագիտական կողմը տեղավորի այլ առարկայի մեջ: