Ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և լուռ մարտահրավեր

Արցախի պետական համալսարանի ուսանող Լիա Մանասյանի ելույթը՝ ջահերթի ժամանակ.
«Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի հավերժ լույսին ձգտող հզոր հոգին: 1915թ. սկիզբ առան այն սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Հայ ժողովրդի ողբերգությունը աննախադեպ իրադարձություն է մարդկության պատմության մեջ: Արևմտահայերի բռնագաղթն այլ բան չէր, քան քողարկված սպանդ: Թուրքական իշխանություններն այդ տեղահանությունների ծրագիրը կարգադրելիս տալիս են սոսկ ամբողջ ազգի մահվան հրամանագիր, նրանք դա լավ էին հասկանում և իրենց խոսակցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերն ու հալածանքները գրեթե ոչինչ են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ: Համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը: 108 տարի հայ ժողովուրդը պայքարում է արդարության վերականգնման համար: 108 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների հետ: Այսօր ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լինի մոլորակից:
Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև ինքը գոյություն ունի, ծաղկում է, ունի իր պետականությունը, իր Սփյուռքը, ինքը հաջողած է: Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և լուռ մարտահրավեր: Այդ առումով հայ ժողովուրդը իր միասնականության մեջ շարունակելու է պայքարել:
Պետք է գիտակցենք, որ մեր հերոսներն իրենց կյանքով ոչ թե մեզ նվիրել են ազատ ու անկախ Արցախում ապրելու իրավունք, այլ դատապարտել են դրան: Մենք չենք կարող մոռանալ այդ ամենը, երկիրը թողնել ու հեռանալ: Մենք չունենք դրա իրավունքը, մենք պետք է ապրենք ու արարենք Արցախում և մենք ապրում ենք Արցախում, մնում ենք՝ տեր կանգնելու մեր հողին ու ջրին: Մենք մնում ենք մեր սրբագործված Արցախում»: