Սուգը հավերժ է, եթե ցեղասպանող թշնամուցդ խաղաղություն ես մուրում և գթություն աղերսում

ԱՀ կրթությա,ն գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանի խոսքը՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր կրկին մեր նվիրական մտորումները 20-րդ դարասկզբին թուրքական յաթաղանից ողջակիզված մեր միլիոնավոր հայրենակիցների հետ են: Այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին իրենց գետնատարած խոնարհումը բերող ջահերթի մասնակից արցախցիներիս խանդավառ սրտերը տրոփում են աշխարհի չորս ծագերում ծվարած, եղեռնապուրծ հայության սերունդների սրտերի հետ համահունչ: Նրանց հետ, ովքեր իրենց հոգու խորքում շարունակում են կրել հայոց պատմության ընթացքում մեր իսկ հայրենիքում մեր դարավոր թշնամու անմեղ զոհը դարձած հայության վրիժառության կանչող խորհուրդը, և որին հաղորդակցվելու պատիվը տրվում է միայն ու միայն ընտրյալներին:
Նպատակ չհետապնդելով խորը վերլուծության ենթարկել մեր ազգի համար ճանակատագրական դարձած հայոց պատմության արյունոտ էջերը՝ եկեք այսօր և այսուհետ բոլոր ժամանակներում հայության դեմ գործած բոլոր ոճիրների հետևանքով ի հիշատակն անմեղ զոհերի սահմանված օրերը սկսած 19-րդ դարի վերջից մինչև հիմա, հռչակենք որպես ազգային վրիժառության և հատուցման օրեր, քանզի վաղուց, շատ վաղուց մենք պիտի հասկանայինք այն կենսաբարոյական ճշմարտության իմաստը, որ համազգային սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Սուգը հավերժ է, եթե ցեղասպանող թշնամուցդ խաղաղություն ես մուրում և գթություն աղերսում:
Եվ այժմ Հայոց Ցեղասպանության զոհերի անհանգիստ հոգիները, միաձուլված հանուն հայրենիքի նահատակված մեր հազարավոր զինակիցների լուսավոր հոգիներին, իրենց անշիրիմ վայրերից և սուրբ հանգստարաններից միաձայն աղաղակում են և մեզ հրամայում՝ վրեժ հանուն արդարության, վրեժ հանուն ազգային արժանապատվության, վրեժ հանուն կորուսյալ հայրենիքի, հանուն կյանքի, հանուն գալիք սերունդների:
Սիրելի՛ արցախցիներ, Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկելու համար բնավ առիթներ պետք չեն, և մենք այսօր ներկա ենք գտնվում այս միջոցառմանը ոչ թե պարտականությունից դրդված, այլ մեր վիրավոր, բայց չծնկած Արցախը ամեն գնով պաշտպանելու սրբազան ուխտը վերաիմաստավորելու և վերագնահատելու անխախտ համոզմունքով: Այդ սրբազան ուխտն է մեզ անշեղորեն առաջնորդում հայրենասիրությունից դեպի հայրենատիրություն, գոյապայքարից դեպի համազգային մաքառում, երկրային կյանքից դեպի հավերժություն: Ուրեմն՝ հավերժ փառք մեր բոլոր նահատակներին: Կեցցե պայքարող Արցախը»: