Պետք է ապրենք, պայքարենք, հաղթենք և հաղթանակով սրբանանք
Գլխավոր » Լրահոս » Պետք է ապրենք, պայքարենք, հաղթենք և հաղթանակով սրբանանք

Պետք է ապրենք, պայքարենք, հաղթենք և հաղթանակով սրբանանք

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն տեր Վաչագան քահանա Գյուրջյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված ջահերթի ժամանակ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե ազգերը չեն հիշում իրենց անցյալը, ապա դատապարտված են այն վերապրելու վտանգին ենթարկվելու: Այսօր մեր միասնական երթը նպատակ ունի առաջին հերթին մեր մեջ թարմացնել այն հիշողությունը, թե ինչպիսի վայրագությունների ենթարկվեց մեր ժողովուրդը 100 և ավել տարիներ առաջ, որպեսզի սրանով իսկ կանխենք ապագա ցեղասպանությունները: Իդեալական աշխարհում իրավունքն է ծնում ուժ, բայց, ցավոք սրտի, մենք չենք ապրում իդեալական աշխարհում և պարտավոր ենք ուժով ստիպել, պարտադրել մեր իրավունքները: Ցավոք, մեզ բաժին են հասել այնպիսի ժողովուրդներ ու ազգեր, որոնք աշխարհին ներկայանում են «ժողովրդավար և մարդասեր», բայց մինչև այսօր էլ Ցեղասպանությունից սկսած չեն փոխել իրենց ձեռագիրը: Փոխվել է գործելաոճը, բայց նպատակը նույնն է՝ հայաթափել Արցախը:

Հայոց Ցեղասպանությունից հետո Արցախյան շարժումը այն առաջին լուրջ քայլն էր, որ օգնեց հայ ժողովրդին իր կորացած մեջքը ուղղելու և հասկանալու, որ ինքը կարող է նորից հաղթել ու երկիր ազատագրել: Թշնամին չի կարողանում մեզ ներել այս հաղթանակի համար, և մենք՝ որպես կոկորդում խրված ոսկոր, խանգարում ենք նրանց ծավալապաշտական ծրագրերին: Մենք պետք է իմանաք, որ քանի դեռ հավատում ենք մեր՝ այստեղ մնալուն, հավատում ենք, որ Աստծուց տրված Արցախը սրբազան մասունք է, այդքան ժամանակ Աստված թողնելու է մեզ այստեղ: Տեր կանգնենք մեր արդար պայքարին և երբեք չվհատվենք: Քրիստոնեությունը մեզ Քրիստոսի օրինակով լավագույնս սովորեցնում է, որ չարի հաղթանակը թվացյալ է, ինչպես որ չարը ուրախանում էր Քրիստոսին խաչելու ժամանակ, բայց չէր տեսնում նրա  ներսում հարություն առնելու ներուժը, նույնպես էլ այսօր մեր հակառակորդներն ուրախանում են մեզ ժամանակավոր ճնշելով, բայց չեն տեսնում մեր ներսի հարություն առնելու ուժը:

Մենք սրբացրել ենք Ցեղասպանության նահատակներին այն պատճառով, որ նրանք չուրացան իրենց կրոնը և ազգությունը: Այսօր կոչ չենք անում նույն ճանապարհով գնալ և սրբանալ մեր նահատակների նման: Մենք պետք է ապրենք, պայքարենք, հաղթենք և հաղթանակով սրբանանք: Աստված պահապան մեր ազգին, և սուրբ նահատակների բարեխոսությունը լինի Արցախյան պայքարի հետ»:

1