Այսօր էլ ի վիճակի ենք պայքարել ու պաշտպանել հազարավոր տղաների արյամբ սրբագործված հող-հայրենին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Անի Հովհաննիսյանի խոսքը՝ ապրիլի 23-ին կազմակերպված ջահերով երթին.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խնկարկում ենք 1915թ.-ին տեղի ունեցած Մեծ եղեռնին զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Դրան զուգահեռ Արցախն արդեն ավելի քան 4 ամիս է, ինչ գտնվում է շրջափակման մեջ։ Արցախի ժողովրդին ցեղասպանելու, Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և այն գրավելու պարզ ու հստակ քաղաքականություն է հետապնդում ադրբեջանա-թուրքական տանդեմը։
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը 1915թ․-ից առ այսօր չի դադարել։ Ադրբեջանն ու Թուրքիան գեթ մեկ օր չեն դադարել մտածել հայությանը ցեղասպանության ենթարկելու, աշխարհի երեսից վերացնելու մասին։ Այդ վտանգը բազմիցս իր մաշկի վրա զգացել է արցախահայությունը՝ Շուշիի, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի օրերին։
Չնայած 2020թ․ պատերազմում կրած տարածքային ու մարդկային անդառնալի կորուստներին, չնայած դաժան ցավին, որն այսօր զգում ենք, Արցախի ժողովուրդը ապրում է Արցախի բզկտված ու վիրավոր հողի վրա։ Թշնամու դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հայ մանուկը հայոց լեզու է սովորում՝ զգալով այն նույն վտանգը, ինչ 1915թ․ հայ մանուկները, երբ անապատի ավազների վրա էին հայոց այբուբենը սովորում։
Վտանգի տակ է Հայաստանի Հանրապետությունը, որին սպառնում է Ադրբեջանը՝ իր ամենօրյա սպանություններով ու տարածքային առաջխաղացումներով։ Վտանգված է սփյուռքի գոյությունը։ Հավատացած եղեք, որ Առանց Արցախ-Հայաստանի կկործանվի նաև սփյուռքը։
Գիտցեք, որ հայ ազգին թշնամին կարողացել է հաղթել, երբ պառակտվել է հայ ազգը, երբ չարն է բույն դրել մեր երկրում, երբ բարոյազրկել ու պատվազրկել են հայ մարդուն, երբ ոստիկանը սկսեց քաշքշել ու ձեռք բարձրացնել հայ հերոսների մայրերի վրա, երբ հայտնվել են մարդիկ, ովքեր սևի ու սպիտակի են բաժանել մեր ազգին, երբ սկսել են քայքայել սփյուռքի միասնությունը, սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև, ու մարդկանց համոզել, թե Տեղ գյուղից Այն կողմ Ադրբեջան է, սակայն ընդամենը 2 շաբաթ առաջ այդ նույն Տեղ գյուղում թշնամու կողմից սպանվել են ևս 4 հայորդիներ։
Շրջափակման պայմաններում սննդի, դեղորայքի ու ջեռուցման բացակայության պայմաններում հայ մարդն Արցախում պայքարում է ամբողջ հայության համար։ Համոզված եղեք՝ Արցախի վերջնական կորուստին հաջորդելու է Հայաստանի անկումը։
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար, եթե պայքարես, կհաղթես։ Այդ հաղթանակին մենք ականատես ենք եղել 1988թ.-ից սկիզբ առած մեր պայքարում, երբ մեր ժողովուրդը հավատաց իր ուժերին ու հասավ իր նպատակին՝ մեզ նվիրելով ազատ ու անկախ Արցախ։ Թեև բազմաթիվ կորուստներով, սակայն այսօր էլ մենք ի վիճակի ենք պայքարել ու պաշտպանել հազարավոր տղաների արյամբ սրբագործված հող-հայրենին։
Մենք վառ ենք պահելու պանթուրքիստական քաղաքականությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակը ու գլուխ խոնարհում այդ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ճամփին զոհված բոլոր հայորդիների նվիրական սխրանքի առջև և բոլորին միասնության ու պայքարի կոչ ուղղում՝ կանխելու ու կասեցնելու 21-րդ դարի նոր հայկական ցեղասպանության ու հայրենազրկման վտանգը»։