«Թևանիկ» խումբն Արցախում ձեռագործ աշխատանքների դասընթացներ է կազմակերպում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Թևանիկ» խումբն Արցախում ձեռագործ աշխատանքների դասընթացներ է կազմակերպում

«Թևանիկ» խումբն Արցախում ձեռագործ աշխատանքների դասընթացներ է կազմակերպում

Այս օրերին Արցախում են «Թևանիկ» խմբի մի շարք անդամներ: Խմբի հերթական նախաձեռնության մասին «Ապառաժ»-ին տված հարցազրույցում որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էր «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը: Ժամանած խմբի 5 անդամները 6 օրում ձեռագործ աշխատանքների պատրաստման իրենց հմտություններն են փոխանցում Արցախի կանանց և աղջիկներին: «Աշխատանք ենք տանում ի նպաստ Արցախի ժողովրդի, մանավանդ զոհված ազատամարտիկների երեխաներին և նեղության մեջ գտնվողներին օգնելու համար: Մեր ծրագրերից մեկն էլ Արցախում պատրաստված արվեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում վաճառքի հանելն ու հասույթը նեղության մեջ գտնվողներին փոխանցելն է»,- նշում է Հերմինե Բեգլարյանը և ավելացնում, որ այդ հանգրվանում հանդիպեցին գույների ընտրության, նախասիրությունների հետ կապված մի շարք դժվարությունների: Եվ որպեսզի կարողանան ավելի արագ վաճառել աշխատանքները, որոշեցին գալ և աշխատանքները համապատասխանեցնել պահանջարկին:

Արսինե Ստեփանյանը, ով ուլունքագործության դասընթացն է անցկացնում, գոհ է մասնակցել ցանկացողների թվից և նրանց խանդավառությունից: «Մասնակիցներին բաժանել ենք երկու խմբի, որովհետև մի մասն ընդհանրապես ոչինչ չի իմանում, մյուս մասը մի քիչ տեղյակ էր ուլունքագործությունից: Երևում է, որ բոլորը  սիրով են եկել և շուտ էլ ըմբռնում են»,- ասում է Արսինեն:

«Իրանում հնարավորությունները մի քիչ ավելի շատ են  հումքի առումով: Եթե կարողանանք այդ առումով օգնել, ավելի մեծ արդյունք կլինի»,- նշում է Անի Զաքարյանը, ով կտորից տարբեր հետաքրքիր իրեր պատրաստել է սովորեցում:

Մոր հետ Արցախ է ժամանել նաև 14-ամյա Անին, ով ևս մեծ սիրով ասեղնագործության մեջ իր սովորածը փոխանցում է տեղացի կանանց ու աղջիկներին:

«Այս ծրագիրը նպատակ ունի մասամբ լուծելու գործազրկության, կանանց զբաղվածության հարցերը: Շատ հետաքրքիր և ուսանելի ծրագիր է, 5 կին են ժամանել, որոնք աշխատում են 3 ուղղություններով՝ ասեղծագործություն, ուլունքագործություն և կտորից տարբեր աշխատանքների պատրաստում: Մտավախություն կար, որ ամառային շրջանում մասնակիցները քիչ կլինեն: Բայց արձագանքները շատ-շատ են և մասնակցել ցանկացողների թիվն էլ ամեն օր ավելանում է»,- ասում է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը:

Բացի ձեռագործ աշխատանքների պատրաստումից, «Թևանիկ» խումբը աջակցում է Իրանում դրանց իրացմանը:

6 օր տևողությամբ դասընթացի 3 օրն անցկացվում է Ստեփանակերտում, 3 օրն էլ՝ Շուշիում: Ուսուցման աշխատանքները կտևեն մինչև օգոստոսի 4-ը:

 Տաթևիկ Աղաջանյան

1