«․․․ Էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»: Իսկապե՞ս, լու՞րջ
Գլխավոր » Լրահոս » «․․․ Էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»: Իսկապե՞ս, լու՞րջ

«․․․ Էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»: Իսկապե՞ս, լու՞րջ

ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ ամբիոնից, 2025թ․ ապրիլի 16-ին հայտարարեց հետևյալը․ «Փաստ է, որ արցախահայության բռնի տեղահանությունից հետո և հատկապես և նաև իրենց ինքնալուծարման վերաբերյալ էդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ էն պարզ պատճառով, որ էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»:

Պատմական գիտությունների թեկնածու, ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններին ի պատասխան գրում է․

«Իսկապե՞ս, լու՞րջ։

Այսպե՞ս են լուծվում միթե տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերն ու վեճերն աշխարհում։ Եթե միրզոյանական այս ծանծաղ ու հիմար տրամաբանությամբ առաջնորդվեին մյուս պետությունները, արդեն վաղուց Պարսից Ծոցի անմարդաբնակ եռյակ կղզիները, կամ ընդամենը 37 բնակիչ ունեցող Դոկտո զույգ կղզիները Իրանի և Հարավային Կորեայի միջոցով նվիրաբերված կլինեին Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Ճապոնիային: Էլ չեմ խոսում հնդիկներից բռնի պարպված՝ «Ազատ Քաշմիր»-ի մասին․․․

Արարատ Միրզոյանը, որպես «գլխավոր դիվանագետ»-ի, իրապես հենց այսքան ծանծաղ ու հիմար եղանակով է տրամաբանում առհասարակ թե՞ մարդկանց է ծանծաղ ու հիմար պատկերացնում։

Հ․Գ․- Միրզոյանական սույն տրամաբանությունն արդարացնում և նվիրականացնում է տեղահանությունը և ցեղասպանական այլ գործողությունները, որպես տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերի ու վեճերի բռնի լուծման, ավելի ստոյգ՝ վերացման արդյունավետ մեթոդիկա»։

1