Ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ. Ագրեսորը Բաքուն է, ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցություններում
Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում:
Հայտարարության մեջ նախ նշվում է Հարավային Կովկասում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացումը, ապա մատնացույց անելով ագրեսորին՝ հավելվում է, որ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձել է գրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվել է խախուտ հրադադարով։
Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին,պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց:
Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարել է բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար. միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխան, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ:
Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ուշարժվում է դեպի ապագա»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։
Նշվում է, որ Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնածընտանիքը:
Ընդգծվում է, որ «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակիցների ուշադրությունը շեղելու համար։
«Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում:
Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։
Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է:
Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար», — եզրափակվում է հայտարարության մեջ։