Քննարկվել են մշակութային քաղաքականության խնդիրներն ու անելիքները

Ապրիլի 28-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Լայթ Հաուս սրճարանում կայացավ հանդիպում ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Արցախում գործող տարբեր երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, երկրի մշակութային կյանքով հետաքրքրվող երիտասարդներ։
Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, ով նշեց. «Յուրաքանչյուր երկրի համար երիտասարդությունը շարժիչ ուժ է, ուստի այս հանդիպման նպատակն է խոսել երկրի՝ մշակութային ոլորտում առկա խնդիրների մասին, հաշվի առնել երիտասարդների կողմից հնչող առաջարկություններն ու ըստ այդմ ուղղորդել նաեւ Համազգայինի՝ մշակութային ոլորտի ծրագրերը»։
Հանդիպման թեման էր «Մշակութային քաղաքականություն. խնդիրներ եւ անելիքներ»։ Հենց այս թեմայի շուրջ էլ ծավալվեց հետաքրքիր զրույց՝ անմիջական մթնոլորտում, որի ընթացքում նախարարն անդրադարձավ երկրում տարվող մշակութային քաղաքականությանը, դրա տարբեր ոլորտների խնդիրներին եւ անելիք աշխատանքներին։ Նախարարը կարևորեց երիտասարդության մասնակցությունը երկրի մշակութային կյանքի կազմակերպմանը, լսեց երիտասարդների մտահոգություններն ու առաջարկները։ Նա շնորհակալություն հայտնեց Համազգայինի Արցախի գրասենյակին՝ հանդիպման կազմակերպման կապակցությամբ եւ կարևորեց նման հանդիպումների անհրաժեշտությունը։