Քարոզչական կրակոցներ Բաքվից՝ հրետանու համազարկից առաջ
Գլխավոր » Լրահոս » Քարոզչական կրակոցներ Բաքվից՝ հրետանու համազարկից առաջ

Քարոզչական կրակոցներ Բաքվից՝ հրետանու համազարկից առաջ

Ըստ ամենայնի, դատելով ադրբեջանական լրահոսի տեղեկատվությունից, Բաքուն որոշել է դիմել նոր լայնածավալ արկածախնդրության։ Եվ ինչպես սովորաբար տեղի է ունենում պատերազմների նախաշեմին, երբ նախաձեռնող կողմի ռազմական հրետանու համազարկերից առաջ սկսում է նախապատրաստական կրակ տեղալ քարոզչական հրետանին, նույն կերպ այս օրերին վարվում է Բաքուն՝ առավել քան սաստկացնելով մինչ այդ կարծես թե ձանձրալի հունով ընթացող, եւ որպես այդպիսին, հարձակման թիրախ ընտրված կողմի, տվյալ պարագայում մեզ՝ հայերիս համար յուրօրինակ թմբիր պարունակող տեղեկատվական պատերազմը։

Իսկ որ մենք մերթ ընդ մերթ ընկնում ենք այդ թմբիրի մեջ, կարծում եմ, իրողություն է։ Ընդ որում՝ կամա, թե ակամա։ Այո, ինքնահանգստացնում ենք մեզ՝ մի կողմից՝ այն գիտակցությամբ ու հավատով, թե մեր բանակը Հայաստանում եւ Արցախում այն աստիճան հզոր ու մարտունակ է, որ ի զորու է իսկույն եւէթ ջախջախիչ հարվածներով ծնկի բերել նախահարձակ թշնամուն, մյուս կողմից՝ այն վստահությամբ, թե աշխարհի հզորները, այդ թվում, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, երբեք թույլ չեն տա Բաքվին դիմել նման ծայրահեղ քայլի, ինչը ոչ միայն էլ ավելի կսրի առանց այն էլ անկայուն իրավիճակը, այլեւ, մանավանդ, մեծապես կվտանգի նրանցից յուրաքանչյուրի ռազմաքաղաքական ու տնտեսական շահերը տարածաշրջանում։ Դա, անշուշտ, այդպես է։ Ինչպես ավելի քան քառորդ դար առաջ էր՝ Արցախյան ազատամարտում, եւ ինչպես երկու տարի առաջ ապրիլին էր՝ ողջ հայ ժողովուրդը, անշուշտ, վերստին կբռունցքվի ագրեսորի դեմ։ Ավելին՝ ներկայիս հայկական բանակը, դասեր քաղած լինելով ապրիլյան քառօրյայից ու երկու տարի ի վեր բոլոր առումներով ենթարկված լինելով որոշակի բարեփոխումների, առավել քան պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին, ինչու՞ չէ՝ նաեւ մարտական գործողությունները տեղափոխել նրա խոր թիկունքը։

Ես ինքս, թեկուզ ոչ անվերապահ, հավատում եմ տարբեր ամբիոններից հնչող այդ հավաստիացումներին։ Բայց ահա, երբ թեկուզ հպանցիկ հետադարձ հայացքով դիտարկում եմ բառացիորեն մեկ ամիս առաջ՝ մայիսի 2-27-ը Հայաստան-Նախիջեւան սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կատարած դիրքային փոփոխություններին, ակամա հանգում եմ այն եզրակացության, որ լիարժեք հավատի համար ներկայացվող հիմքերը միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ հաստատուն են։ Պատկերացնել է պետք՝ մեր կարծես թե զգոն ու սթափ աչքի առաջ Նախիջեւանի տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը դիրքային տեղաշարժեր են կատարել, իսկ ահա հայկական զինուժը «տեղյակ չէր» այդ շարժին ու ոչինչ չի ձեռնարկել գործընթացի դեմն առնելու համար։ Ի դեպ, երկու տարի առաջ նույն կերպ, անհասկանալի պատճառներով, մեզ համար «անտեսանելի էին» ադրբեջանական զինուժի, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի վիթխարի կուտակումներն արցախա-ադրբեջանական շփման գծի մերձակայքում։ Եվ ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդն անսպասելի անցավ լայնածավալ հարձակման։ Վտանգն առավել քան սպառնալի էր, եւ մեր ժողովուրդն այն ժամանակ, ստիպված լինելով կուլ տալ ադրբեջանաան հարձակման անսպասելիության վարկածը, միահամուռ համախմբվեց շարքային զինվորների ու կամավորականների, նրանց հրամանատարների շուրջը եւ, համատեղ ուժերով, հերոսաբար մարտի նետվելով,  ետ շպրտեց թշնամուն։

Իսկ ահա Նախիջեւանի հատվածում առաջացած իրողության միակ արդարացումը, որ բարձրաձայնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այն էր, թե հակառակորդն այդ տեղաշարժերը կատարել է, այսպես կոչված, չեզոք գոտում, ընդ որում՝ ընդամենը հորիզոնական կտրվածքով, այլ ոչ դիրքային առաջխաղացմամբ, ինչպես դա ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այո, այդպես է։ Նույնը հաստատել են Երեւանից սահմանային այդ հատված մեկնած լրագրողներն ու բլոգերները եւս։ Բայց, այնուամենայնիվ, ինչու՞ բացառենք, որ գործողությունը, նախ եւ առաջ, առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելու զուտ մարտավարական խնդիր էր պարունակում։

Հայաստան-Նախիջեւան սահմանի նույն հատվածում երկրորդ արտառոց դեպքը, որ տեղի ունեցավ դարձյալ անցած մայիսին, ադրբեջանցի բնակիչների, այսպես ասած, «ուխտագնացությունն» էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ Գյուննութ կամ Հունուտ լքյալ, ավերակ գյուղի գերեզմանատուն, համաձայն՝ Բաքվի խնդրանքի եւ Երեւանի մարդասիրական մղումներից բխած թույլտվության։  Հետաքրքիր է, իսկ գուցե որպես պատասխան մարդասիրական քայլ Բաքուն թույլատրի՞ այդ հանրապետությունից 28-30 տարի առաջ բռնատեղահանված շուրջ կես միլիոն հայերին եւ կամ, ավելի մոտ կտրվածքով, մերձճակատային Մարաղա, Կարմիրավան, Չայլու եւ այլ գերյալ գյուղերի  բնակիչներին նույն կերպ ազատ մուտք գործել  ադրբեջանական զինուժի զավթած  տարածք եւ նույնպես ծաղիկներ խոնարհել հարազատների գերեզմանաքարերին։ Ավաղ, հազիվ թե։ Քանզի նման անհոգություն միայն մենք՝ հայերս կարող ենք թույլ տալ, քանզի, ի տարբերություն ադրբեջանցիների, առաջնորդվում ենք զուտ միջազգայնորեն համընդունելի մարդասիրական սկզբունքներներով։ Իհարկե, չսպասելով, չկռահելով, որ ադրբեջանական կողմն իր այդ, այսպես ասած, ուխտագնացությունը կարող են վերածել քարոզչական շոուի՝ ներկայացնելով ոխերիմ թշնամու՝ հայերիս նկատմամբ իբրեւ հերթական հաղթանակի տոնահանդես։  Զավեշտալի է, եթե այդքան տխուր չլիներ։

Պարզապես, եկեք չմոռանանք՝ ի տարբերություն ապրիլյան պատերազմի, որի թատերաբեմը բացարձակապես ադրբեջանա-արցախյան հակադիր զորքերի շփման գիծն էր, այս անգամ չի բացառվում, որ հարձակման թիրախ կարող են դառնալ թե Արցախի եւ թե Հայաստանի սահմանները միաժամանակ։ Արցախի պարագայում՝ պաշտպանական դիրքերի ամբողջ երկայնքով՝ հարավից մինչեւ հյուսիս, Հայաստանի պարագայում՝ Նախիջեւանի հատվածում։ Բաքվի գերխնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչն ապրիլյան պատերազմը սանձազերծելու պահին էր. Արցախի հետ միասին ռազմական վերահսկողության տակ առնել նաեւ Հայաստանի տարածքի մի զգալի հատվածը՝ առավելագույն դեպքում, Սևանի ավազանից, նվազագույնի դեպքում՝  Վայքից մինչեւ Արաքս սահմանային գետ, այդպիսով իսկ՝ բացված ընդարձակ միջանցքով ապահովել Թուրքիա-Ադրբեջան տարածքային անմիջական կապը եւ կյանքի կոչել Մեծ Թուրանի ստեղծման թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը։ Եվ եթե այն ձախողվեց 2016-ի ապրիլին, ապա Բաքվի համար փորձը փորձանք չէ ներկայանում 2018-ին նույնը կրկնելու համար։ Դժվար չէ ենթադրել, որ գերխնդրի լուծման գործում կարեւոր դերակատարում է  նախատեսված նաեւ Նախիջեւանի համար, որտեղ տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի առանձին համաբանակային կորպուսը։ Իզուր չէ, որ վերջին շրջանում Բաքուն շարունակաբար թմբկահարում է այն միտքը, թե նախիջեւանյան զորախումբը նույնպես հագեցած է հարձակողական գործողությունների համար բավարար քանակությամբ արդիական զինատեսակներով։ Իսկ դրանց զորական անձնակազմերի մարտական պատրաստությունը, ամենեւին գաղտնիք չէ, ի լրումն ադրբեջանցի սպաների, շարունակաբար իրականացնում են հարեւան Թուրքիայից գործուղված զինվորական մասնագետներն ու խորհրդականները։ Որպես ասվածի եւս մեկ եւ անհամեմատ թարմ վկայություն՝ ահա թե օրերս ինչ է ասել թուրք քաղաքագետ Էնգին Օզերը Բաքվի իշխանամետ haqqin.az էլեկտրոնային լրատվական գործակալությանը. «Եթե Հայաստանը ճանաչեց ԼՂՀ-ն, ապա անհապաղ սկսվելու է պատերազմը, եւ Թուրքիան ներգրավված է լինելու նրա մեջ։ Թեկուզ եւ նրա համար, որ թուրք զինվորականները վաղուց արդեն ուսուցանում են ադրբեջանական սպաներին»։

Այնպես որ՝ ներկայումս առավել քան մեծ է երկճակատ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը, որն առայժմ քարոզչական նախապատրաստության փուլում է։ Բացեք համացանցի ցանկացած ադրբեջանական կայք եւ անմիջապես կզգաք հավանական պատերազմի սպառնալի շունչը։ Ընդ որում՝ Բաքվից արձակվող քարոզչական կրակահերթերը, միանշանակ հակահայկական լինելով հանդերձ, դատելով դրանց լուսածիր հետքերից, բազմաթիրախ են՝ ուղղված՝ նախ ներքին լսարանին, ապա միջազգային հանրությանը, իսկ  դրանց հանրագումարում՝ հայերիս։

Ներքին լսարանի պարագայում՝ նախ լրացուցիչ ջանքեր են գործադրվում, որպեսզի ադրբեջանական հանրությունն իսպառ մոռացության տա ապրիլյան պատերազմի ծանր հետեւանքները՝ նյութական ու մարդկային մեծ կորուստները, որոնք անհամաչափելի են հայկականի հետ։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանում ոչ ոք կամ գրեթե ոչ ոք այլեւս չի բարձրաձայնում ընդամենը մի քանի մարտական օրերի ընթացքում կրած մեծաթիվ զոհերի մասին։ Անգամ նրանց հարազատներն են լռում։ Միեւնույն ժամանակ, անհամեմատ ուռճացվում են  ադրբեջանական զորքերի հաջողությունները. շփման գծի հյուսիսում եւ հարավում մի քանի գրավյալ դիրքերը,  ընդհանուր առմամբ, ներկայացվում են որպես ադրբեջանական զինուժի վերջին տասնամյակների պատմական հաղթանակ, որպես այդպիսին՝ նաեւ ոգեւորության աղբյուր ադրբեջանական բնակչության համար, այդ հաղթանակները բազմապատկելու, Ղարաբաղը եւ հարակից շրջաններն ազատագրելու, Սեւանա ավազանը, Սյունիք-Զանգեզուրը, Երեւանն իբր թե իրական տիրոջը վերադարձնելու, միով բանիվ՝ հայերի դեմ նոր պատերազմի  անհրաժեշտության հիմնավորում։ Այդ մասին նախագահ Ալիեւի եւ նրա թիմակիցների քանիցս կատարած հայտարարությունները հենց այդ խնդրին են ծառայում, այսինքն՝ ներքին սպառման նպատակ են հետապնդում։

Ապա, Բաքուն շարունակում է պատերազմի վերսկսման հավանականությամբ ահաբեկել միջազգային հանրությանը՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղը եւ հարակից յոթ շրջանը բանակցային սկուտեղի վրա չմատուցելու պարագայում։ Ընդ որում՝ սպառնում են, որ պատերազմը անշրջելի վնասներ կարող է պատճառել միջազգային գործարար շրջանների կողմից կատարված բազմամիլիարդ ներդրումներին։ Միեւնույն ժամանակ, գտնելով, որ դա քիչ է, Բաքուն «ադրբեջանական լվացքատան» միջոցներով հակահայկական քարոզչության մեջ է ներգրավում արտերկրի հայտնի, թե անհայտ՝ էական չէ, քաղաքագետների, վերլուծաբանների, ովքեր ամենատարբեր մտածածին հիմնավորումներով պնդում են, թե Ադրբեջանն այլ ուղի չունի, քան պատերազմի վերսկսումն է եւ կամ, հակառակը, «ապացուցում են», թե պատերազմը վերսկսելու է ոչ այլ ոք, քան Երեւանը, իսկ Բաքուն ստիպված պիտի լինի հակադարձել նրան՝ պատերազմելով։ Այսինքն՝ եթե այն վերսկսվի, ապա՝ բացառապես Հայաստանի մեղքով, իսկ Ադրբեջանը հազիվ թե մեղավոր համարվի դրանում։

Ահա նման տիպական մի տեսակետ։ «Այսօր հայ-ադրբեջանական դիմակայության մեջ մարտական գործողություններ սկսելու սպառնալիքը մեծապես բխում է առավելապես Երեւանից, քան Բաքվից»։ Այս մասին օրերս հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովը՝ վերը նշածս haqqin.az լրատվական կայքին տված իր հարցազրույցում։ Շարունակենք հետեւել ամենայն հավանականությամբ, նախկին բաքվեցի հրեայի քաղաքագիտական մտքի փայլատակմանը. «Ես վստահ չեմ, որ հենց հիմա Ադրբեջանը պետք է սանձազերծի պատերազմը։ Դա նրան ձեռնտու չէ: Մինչդեռ չպետք է մոռանալ, որ մյուս կողմը կորցնելու ոչինչ չունի, իսկ ահա Բաքուն ունի։ Ավելի շուտ՝ պատերազմը սադրելու է հակառակ կողմը, չէ՞ որ սկզբունքորեն դա այսօր միակ տարբերակն է, որպեսզի թուլացնի կրքերի շիկացումը»։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանին պարզապես մնում է միայն ցանկացած սադրանքի դիմել եւ ապա, եթե Հայաստանը հակադարձի դրան, հարձակման անցնել՝ նրան մեղադրելով պատերազմի վերսկսման մեջ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման պարագային միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նույնիսկ Հայաստանի անդամակցած ՀԱՊԿ հնարավոր արձագանքին, ապա եկեք չկասկածենք, որ այս անգամ եւս այն կրկնելու է դատապարտման կրավորական արտահայտության նախորդ թղթային տարբերակը։ Փառք Աստծո՝ Եվրոպայում լինի, Ամերիկայում, թե Ռուսաստանում, այսպես ասած՝ «սայա թուղթ» ինչքան ուզես, իսկ այդ թղթին հայտարարություն գրող պատասխանատու անձինք՝ միանգամայն ուսյալ են ու փորձառու, նաեւ՝ հաշվենկատ։ Գիտեն, թե ում շահերն են իրենց համար գերադասելի, ում կարելի է ապտակ տալ, ում վրա՝ պարզապես մատ թափ տալ։ Ահա սա է աշխարհի բանը։ Եղունգ ունես՝ գլուխդ քորի՝ ասում է ժողովրդական  իմաստությունը։ Ասել է թե՝ ինքդ քո հույսին մնա եւ ինքդ լուծիր քո հարցերը։

Միքայել Հաջյան

1