Փնտրվում է Հայաստանի Հանրապետությունը
Այս պատմությունը ո’չ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ո’չ Սերժ Սարգսյանի, ո’չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո’չ Արմեն Սարգսյանի, ո’չ էլ Նիկոլ Փաշինյանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թե որովհետեւ ամենաչսիրվածն է, այլ քանի որ մյուսները նախագահ են: Ի դեպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին դիմում է՝ պարո’ն նախագահ, պետք չէ գունատվել, կատաղությունից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթե մարդը գոնե մեկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրվել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պես, որոնք նույնպես նախկին չեն լինում:
Վտանգ չե՞ք զգում: Չէ, ես հասկանում եմ, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ անունից ու նախկին կամ ներկա կարգավիճակից, բայց, այնուամենայնիվ, դուք համարում եք, որ Մարտի 1-ի գործը, Քոչարյանին կալանավորելով, բացահայտվե՞ց: Լավ, իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ին, նա ընտրված նախագահը չէ՞ր, ՀՀԿ-ն արդեն ողջ իշխանությունն իրենով չէ՞ր արել, մանավանդ` ուժային կառույցներում: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, նա ի՞նչ էր անում այդ թվականի այդ օրը ու նախքան այդ օրը: Եթե Քոչարյանը կալանավորվում է, մյուս երկուսը գոնե հարցաքննության պե՞տք է հրավիրվեն: Ընդ որում` եթե Քոչարյանը գլխավոր մեղավորն է, ապա նրա ենթադրյալ հանցանքը կոծկելու համար Սերժ Սարգսյանն իր նախագահության 10 տարիներով ավելի մեղավոր չէ՞: Բայց թողնենք այս ամենը դատարանին, որն ասում են` այլեւս թավշյա է, ներողություն, անկախ է: Բացի այդ՝ այս պատմությունը Մարտի 1-ի մասին էլ չէ, սա պետականության մասին պատմություն է:
Երբ պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն, առանց Քոչարյանին տեղյակ պահելու, մինչ նա կժամաներ հարցաքննության, հիշեցնեմ՝ վկայի կարգավիճակով, փոխել է երկրորդ նախագահի կարգավիճակը՝ վկայից դարձնելով մեղադրյալ, ես անհամբեր սպասում էի մեկ հայտարարության, որի տակ կլինեին` Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան ստորագրությունները: Ընդ որում` այդ հայտարարությունը ոչ թե պետք է պաշտպաներ Քոչարյանին, ոչ թե պետք է մեղադրեր ՀՔԾ-ին, ոչ թե պետք է ուղղորդեր դատական գործընթացը, այլ պետք է մտահոգություն լիներ ՀՀ նախագահի ինստիտուտից: Իսկ ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին կետի, անձեռնմխելի է: Ես մինչեւ հիմա սպասում եմ այդ համատեղ հայտարարությանը, թեև հասկանում եմ, որ մենք Միացյալ Նահանգները չենք, որտեղ նախագահները միմյանց ինչ ասես ասում են, բայց առիթի դեպքում իրար կողքի կանգնում, ժպտում ու լուսանկարվում, պետք եղած դեպքում էլ համատեղ հայտարարություններ անում կամ ուղերձներ հղում:
Մենք սիրո հեղափոխություն ենք արել՝ ատելության պաշարով: Մեզանից որեւէ մեկին սերը պետք չէ, մեր մեջ ատելությունն այնքան է կուտակված, որ մարմինն արդեն չի կարողանում պահել ու հորդում է դուրս: Մենք ենթարկվում ենք կոչերին՝ ոչինչ չենք ջարդում, փշրում, տրորում, ապականում, բայց երազում ենք ամեն ինչ ջարդելու, փշրելու, տրորելու ու ապականելու մասին: Ու այսպիսին դարձել ենք ոչ թե վերջին տասը տարում, երբ Սերժ Սարգսյանն էր իշխում, ոչ թե վերջին քսան տարում, երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին իշխում, այլ անկախությունից ի վեր: Մենք ատել ենք և’ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ տանկերը դուրս եկան Երեւանի փողոցները, ու լրատվամիջոցներ էին փակվում, կուսակցականներ հալածվում, և’ Քոչարյանի օրոք, երբ տանկերը կրկին դուրս եկան Երեւանի փողոցները, ու մարդիկ զոհվեցին, և’ Սարգսյանի օրոք, երբ տանկերը չօգնեցին պահել 800 հեկտար հող, ավելին՝ մենք ատում ենք նաեւ Արմեն Սարգսյանի օրոք, քանի որ հիմա մենք միայն ենթարկվում ենք հրամանին՝ առանց կատարելու այն:
Եվ ուրեմն` ո՞վ է մեղավոր, որ մենք այսպիսին ենք, Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Տեր-Պետրոսյա՞նը, գուցե երեքն է՞լ: Ու մի՞թե տանկերը համատարած ատելությունից չեն դուրս գալիս փողոց, մի՞թե ատելության պատճառով չեն լինում կրակոցներ ու զոհեր, մի՞թե ատելությունը չէ մեղավոր, որ մենք տարիներ շարունակ վրեժ ենք ուզում՝ քամվելու համար՝ բառերով սիրելով, բայց աչքերով ատելով: Հիմա ո՞վ է մեղավորը…
Ես շարունակում եմ սպասել բոլոր նախագահների համատեղ հայտարարությանը, այն կարող է լինել միայն մեկ բառ, ասենք՝ ներողություն, կարող է լինել ավելի երկար, նրանք կարող են կանգնել կողք կողքի ու ուղիղ եթեր մտնել, կարող են չկանգնել կողք կողքի ու գրավոր խոսել: Բայց պետք է խոսեն, քանի որ վտանգված է պետականությունը, այն կորել է, փնտրում են, հնարավոր է գտնեն, իսկ նրանք կապ ունեն այդ պետականության հետ, հենց` ունեն, ոչ թե ունեին:
Հովիկ Աֆյան
yerkir.am