Տունը քարը քարի վրա դնելով է կառուցվում
Այս տարի Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ կառույցների երիտասարդական թևը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպել է պատանեկան ճամբարներ: <<Ապառաժ>> թերթի հյուրն էր Աստղաշենում կայացած ճամբարի ընդհանուր պատասխանատու Սերոբ Աբրահամյանը:
Սերոբն արդեն կատարել է ամենակարևոր քայլը. նա 2013 թվականին Լոս Անջելեսից տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Մայր Հայաստանում:
Ինչպես նա է պատմում՝ մայրն արմատներով Երուսաղեմից է, հայրը՝ Բեյրութից: 70-80-ական թվականներին նրանք տեղափոխվել են ԱՄՆ:
Սերոբն ԱՄՆ-ում ավարտել է քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և այս տարի ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2013թ. Սերոբը մասնակցել է <<Դեպի Հայք>> ծրագրին և մի քանի ամսով մնացել Հայաստանում:
<<Ծրագրին մասնակցել եմ այն նպատակով, որ հասկանամ՝ արդյոք կարո՞ղ եմ և ուզու՞մ եմ հայրենիքումս ապրել,- ասում է Սերոբը,- 2,5 ամիս ծրագրին մասնակցելով՝ գտա հարցիս պատասխանը՝ այո, ուզում եմ և պետք է Հայաստանում ապրեմ: Այս հողի հետ կապը իմ երակներում է, իմ էության մեջ. ուրիշ տեղ այլեւս անկարող եմ ապրել: Այստեղ ինձ երջանիկ եմ զգում, եւ այդ երջանկությունը բացատրել չեմ կարող…>>:
Հայաստան տեղափոխվելուց մի քանի ամիս հետո Սերոբին աշխատանք են առաջարկել Գորիսում և նա տեղափոխվել է: Աշխատում է բջջային հեռախոսների ծրագրերի մշակման ֆիրմայում: Գորիս տեղափոխվելու մասին ասում է. <<Գիտակցում էի, որ ինձ համար դժվար է լինելու: Ապրում էի աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկում և միանգամից տեղափոխվեցի Գորիս: Գորիսում հաստատվելով՝ հասկացա, որ ինձ համար հաճելի և հետաքրքիր է աշխատել 21000 բնակչություն ունեցող՝ հայրենիքիս այդ փոքրիկ անկյունում: Ես շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել Գորիսում, ովքեր ինձ համար դարձել են կարևոր մարդիկ>>:
Պատանեկան ճամբարին մասնակցելու համար Սերոբը 2 ամիս շուտ հրաժարվեց գործից, որպեսզի ժամանի Արցախ և ամառն արցախցի փոքրիկների հետ անցկացնի:
Պատանեկան ճամբարների կազմակերպման ամենակարևոր բանը համարում է արցախցի պատանիների այն զգացումը, որ սփյուռքահայությունը պատրաստ է ոչ միայն օգնել, այլեւ ընկերանալ պատանիների հետ: <<Ծրագիրն առաջին հերթին մեզ՝ սփյուռքահայ երիտասարդներիս է շատ ոգեւորում, որովհետեւ հնարավորություն է տալիս մեզ հայրենասիրություն և ազգային ոգի ստանալ հայրենիքում>>:
Սերոբը դժվարությամբ նշում է որոշ խնդիրների մասին:
<<Սփյուռքահայ երիտասարդները, ընդամենը 6 շաբաթ ճամբարի մասնակցելով, չեն կարող լիարժեք տեսնել իրական Հայաստանը: Նրանք ապրում են իրենց հայրենիքի երևակայական պատկերով: Իսկ իրական Հայաստանը լոկ հեքիաթային երկիր չէ. այն շատ ու շատ խնդիրներ ու մտահոգություններ ունի: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր՝ չբերելով իրենց լուման հայրենիքի համար, պահանջում կամ գանգատվում ու բողոքում են միայն: Նրանք չեն հասկանում, որ տունը քարը քարի վրա դնելով է կառուցվում, շենանում, և պետք է վատը շտկել: Ես չեմ ասում, որ սփյուռքահայերն իրենց հնարավորություններից վեր գումարներ տրամադրեն հայրենիքի շենացմանը, բայց կարելի է եւ պետք է մեր բոլորի ուժը, կարողությունները, գիտելիքները, փորձը ներդնել մեր երկրի համար,- ասում է ու շարունակում,- գու՞ցե մի քիչ ծայրահեղական թվամ, բայց այն մարդիկ, ովքեր գանգատվում են և ոչ մի բան չեն անում երկրում առկա սխալները շտկելու համար, ինձ համար հավասար են դավաճանների…>>:
<<Ուզում եմ, որ սփյուռքահայությունն ամուր կապ ունենա Հայաստանի հետ: Սփյուռքահայը չպետք է որպես զբոսաշրջիկ այցելի հայրենիք: Սփյուռքահայությունը պետք է իր մասնակցությունն ունենա Հայաստանի կյանքի թե՛ քաղաքական և թե՛ սոցիալական հարցերով,- ասում է նա, -մենք պետք է ուժեղ և միասնական լինենք հանուն մեր վաղվա օրվա>>:
Լուսինե Թևոսյան