Տանկիստ Ռաֆոն
Գլխավոր » Հասարակական » Տանկիստ Ռաֆոն

Տանկիստ Ռաֆոն

Զինվորական հագուստ կարող են կրել շատերը, սակայն ոչ բոլորն է, որ կարողանում են պատվով կրել այն ու իրենց կենսագրությամբ վաստակել հայրենիքի իրական զինվորի կոչումը: Այսօր շատերի մասին են խոսում ու գրում, սակայն կան մարդիկ, ովքեր շարունակում են մնալ որպես մոռացված հերոսներ, քանզի ոչ մի բանով չեն հիշեցնում իրենց գոյության մասին, չեն փողահարում իրենց հայրենասիրությունը ու ճոխ բաժակաճառեր չեն ասում հայրենիքի ու իրենց վաստակի մասին:

 

Ինչու՞ են իրական հերոսներն այսքան համեստ.այս հարցի պատասխանն ամեն անգամ փնտրում ու ամեն անգամ մտածում եմ՝ երևի սա էլ մի յուրօրինակ կերպար է, որով նրանք պիտի առանձնանան շրջապատից՝ չզիջելով իրենց բարձրությունը, չդավաճանելով իրենք իրենց: Այս հարցի հետքերով այս անգամ այցելեցի Ռաֆիկ Սարգսյանին, ով  Արցախյան պատերազմի տարիներին պատվով  կրեց զինվորական հագուստը ու պատերազմից հետո էլ, թեեւ առանց համազգեստի, բայց շարունակեց ապրել զինվորի պես՝ կռիվ տալով կյանքի անարդարությունների ու իր՝ մի բուռ դարձած մարմնով այս հողի վրա բացճակատ քայլեու համար:

 

-Բարև, ինչպե՞ս ես, ես լավ եմ,-առաջինն ինքն է խոսում՝ չսպասելով ողջույնիս:

 

-Հաստատ լա՞վ ես,-հարցնում եմ ի պատասխան:

 

-Իհարկե, դե որ կենդանի եմ, ուրեմն՝ լավ եմ, ուրեմն՝ իմ ‹‹միսիան›› դեռ չի ավարտվել, դեռ պիտի ապրեմ,-քահ-քահ ծիծաղում է:

 

Թեյի սեղանի շուրջ, անշուք բնակարանում, որտեղ կնոջ եւ որդու հետ ապրում է վարձով, բացում է երիտասարդական տարիների ալբոմը: ‹‹Չիմանաս, թե միշտ էսպես եմ եղել, կարգին սիրուն տղա եմ եղել, իսկը հնդկական կինոյի դերասան››,-ծիծաղում է ու ծիծաղի հետ հանկարծակի սկսում են արցունքներ թափվել: ‹‹Երբ շատ ծիծաղում եմ, էսպես է լինում››,- մի կերպ արտասանում է: Աչքերը տխրում են:

 

Ռաֆիկն իր մարտական մկրտությունը ստացել է 1992 թվականին ՝ Մալիբեյլի բնակավայրում՝ որպես հրաձիգ: Այնուհետեւ տեղափոխվել է Մարտունու  շրջան եւ մասնակցել  Աշան գյուղի պաշտպանական գործողություններին՝ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում: Մասնակցել է ենթաշրջանի գյուղերի պաշտպանության համար մղված բոլոր գործողություններին/Բաղմանլար, Իսմայիլբեյլի,Նովրուզլու, Յուսուփջանլու եւ այլն/:  Ավդալ-գյուլաբլու բնակավայրի ազատագրման մարտերից հետո, զգալով տանկի նշանառու-օպերատորների սակավությունը, Ռաֆիկը կարճ ժամանակահատվածում սովորում է նշանառու-օպերատորի գործը եւ տեղափոխվում Աշանի տանկային դասակ:

 

Մարտական ընկերները պատմում են, որ Ռաֆիկը հմտորեն տիրապետում էր իր գործին, ասես ամբողջ կյանքում դրանով էր զբաղվել: Ինքնավստահ էր, դժվար իրավիճակներում կարողանում էր արագ կողմնորոշվել, ոչ մի բանից չէր ընկճվում:

 

‹‹Տանկի ‹‹լյուկը›› երբեք չէի կապում, թեեւ իրավունք չունեի: Պիտի երկինքը տեսնեի, փակ տարածքում ճնշվում էի: Տղերքն ասում էին՝վտանգավոր է, չէի լսում: Երկինքն ասես ուժ էր տալիս, սրտապնդում››,-պատմում է:

 

Առանձնապես նշանակալից է Ռաֆիկ Սարգսյանի ու տանկային անձնակազմի սխրագործությունը  Շեյլի բարձունքում: Տանկերին հաջողվեց ազերիների մեծաթիվ դիվերսիոն հետախուզական ուժերին վնասազերծել եւ ետ շպրտել: Ազերիները տվեցին բազում զոհեր, կասեցվեց նրանց հետագա առաջխաղացումը:

 

Հատկանշական է նաեւ Ռաֆիկի ու տանկային անձնակազմի  եւս մեկ սխրանքը: << Բերդաշենի ուղղությամբ թշնամին  հանկարծակիի էր բերել, դեռ լույսը չբացված՝մեծաթիվ ուժերով  հարձակվել էր: Մի քանի  տանկով ետ մղեցինք թշնամուն: Մեր հրամանատարը Վարդան Բալայանն էր>>,-հիշում է:

 

Դեպքից հետո Մոնթեն այցելել  է տղերքին եւ ասել.‹‹Տանկիստներ, դուք հերոսներն եք››:

 

‹‹Զինվորական հագուստս չէի հանում երբեք, այդպես էլ քնում էի՝ ականջս դրսի ձայներին: Տղաներին էլ խնդրում էի, որ հագուստով քնեն, աչքի մեկը միշտ արթուն պահեն: Մեկ էլ տեսար՝ մի տեղից հայտնվեցին ազերիները››,-  ասում է Ռաֆիկը:

 

‹‹Ես ոգեւորվում էի Մոնթե Մելքոնյանի ու Աշանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի՝ Արմեն Ավագյանի օրինակով, նրանք  ուրիշ էին, ասես՝ ծնվել էին հատուկ պատերազմի համար, նրանցով հիանում էինք, նրանցից քաշվում էինք, եւ ,ինչու՞ չէ, երևի շատերն էլ նախանձում էին: Բնական է՝ լավերին միշտ նախանձում են,- Ռաֆիկը չի կարողանում զսպել արցունքները,- ախր, նրանք են իրական հերոսները, աղջիկս, նրանք մեզ թեւ էին տալիս, նրանց հետ ուզում էիր կռվել ու կռվել, ինչքան էլ թեժ լիներ մարտը…Որքան ընկերներ ենք կորցրել: Գիտե՞ս, երբ ընկերներ ես կորցնում, ասես՝ կիսատ ես ապրում հետագա  կյանքդ, այդ մի կեսը երբեք քեզ ոչ ոք չի կարողանում վերդարձնել, այդ տեղը միշտ դատարկ է մնում…››:

 

‹‹Ռաֆիկը բարակ սիրտ ունի, երբ պատերազմից խոսում ենք, արտասվում է, կորցրած ընկերներին է հիշում: Նրան հուզվել չի կարելի, բժիշկներն արգելել են: Հաճախակի ուշաթափություններ է ունենում››,-ասում է կինը՝ Սիլվան:

 

Ռաֆիկը նաեւ մասնակցել է  Մարտակերտի շրջանի Սեյսուլան եւ Ումութլու բնակավյրերի ազատագրման մարտերին՝ դարձյալ որպես տանկային նշանառու-օպերատոր, իսկ Յարմջանում փոխհրձգության ժամանակ թշնամու դիմահար արկից ստացել է ուղեղի ծանր ցնցում: Նրա խոսքերով՝ այդ օրն իրենց տանկը մնացել էր ճահճուտում եւ երբ հակառակորդի արկը խփել է տանկին՝ հրաշքով են փրկվել: Երեքով էին: ‹‹Գրպանումս միշտ պահում էի աստվածամոր նկարը, երևի նա էլ փրկեց մեզ այդ օրը, թեեւ ուղեղի ծանր ցնցում ստացա››:

 

Ռաֆիկ Սարգսյանը ծնունդով Ստեփանակերտից է, մասնագիտությամբ՝ երաժիշտ, ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի թառի բաժինը: Պատերազմի ավարտից հետո ընկերներով երաժշտական խումբ են ձեւավորել, շրջել արցախյան գյուղերով, զորամասերով, համերգներ ունեցել:

 

‹‹Պատերազմի տարիներին մի օր ասացի տղերքին: Գիտեք, թե Ռաֆոն միշտ տանկի՞ստ է եղել, երաժիշտ մարդ եմ, թառ եմ նվագում: Սպասեք, թող պատերզմն ավարտվի, թառս կվերցնեմ ու համերգներ կտամ ձեզ համար››,-ժպտում է՝ հիշելով: Այդպես էլ արեց: Բայց երկար աշխատել չկարողացավ, առողջությունը չէր ներում, բժիշկները հանգիստ էին խորհուրդ տալիս:

 

Նա այսօր չի աշխատում: Ստանում է երկրորդ կարգի հաշմանդամության նպաստ: Կինը՝ Սիլվան, վաճառողուհի է աշխատում խանութում: Երկար տարիներ է, ինչ վարձով են ապրում: Տուն մտնողին իսկույն եւեթ գրավում է տան խղճուկ պատկերը, որտեղ հազիվ թե հնարավոր լինի նորմալ ապրել: Բաղնիքի ու զուգարանի խարխուլ վիճակի մասին էլ չենք խոսում, տեսնող աչքն ամեն բան կհասկանա: Այս  պայմաններով հանդերձ, սակայն, Ռաֆիկը ոչ մի բանից չի տրտնջում:

 

— Մարդ ենք էլի, յոլա ենք գնում,կարևորը՝ խաղաղություն լինի,-ասում է:

 

— Բայց հայրենիքի իրական զինվորները սովորական մարդիկ չեն, դուք  նվիրվել եք Արցախի պաշտպանությանը, ձեր մարտական ընկերները հարգանքով են խոսում ձեր մասին՝շեշտելով ձեր խիզախությունը:

 

— Աղջիկս, պատերազմի ժամանակ չամիչ չեն բաժանում: Դա գիտակցելով՝ չփախանք, կռվի գնացինք, կռիվ տվինք, հաղթեցինք, հիմա ի՞նչ, պիտի պահանջե՞մ, որ հայրենիքն ինձ պատասխան տա իմ արածների համար: Ոչ, այն, ինչ արել եմ, նվիրումով եմ արել, անշահախնդիր: Ես լավ եմ,ամեն ինչ լավ է:

 

— Բայց ու՞ր է ձեր բաժին հաղթանակը, որտե՞ղ է, այս տան խոնավ պատերու՞մ,-հարցնում եմ՝ ինքս էլ հուզվելով:

 

— Իմ հաղթանակն իմ սրտում է,-պատասխանում է մի կերպ: 

 

Ռաֆիկը երկու զավակ ունի, երեք թոռնիկ: Մեծ թոռը՝ Աշոտը, ով 6 տարեկան է, պապի անբաժան ընկերն է: Ամեն օր հյուր է գալիս պապին, մեծավարի հետը զրուցում, խորհուրդներ առնում, խորհուրդներ տալիս: 

 

 Արցախյան պատերազմից հետո Ռաֆիկ Սարգսյանին շնորհվել է  ‹‹Արիության›› եւ ‹‹Մարտական ծառայության համար›› մեդալներ: 

 

Խնդրում եմ ցույց տալ մեդալները, ասում է. ‹‹Թոռնիկիս եմ տվել, ինքն է պահում, նա իմ գործի շարունակողն է, չէ՞ որ նա էլ մի օր զինվոր կդառա, մենք պատերազմի ժողովուրդ ենք, մեր պատերազմները չեն վերջանում…››:

 

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

 

1