Վահրամ Աթանեսյանի հետ հերթական փոսն ենք ընկել
Գլխավոր » Լրահոս » Վահրամ Աթանեսյանի հետ հերթական փոսն ենք ընկել

Վահրամ Աթանեսյանի հետ հերթական փոսն ենք ընկել

Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական շրջանակներին, ինչպես նաև ընթերցող լայն հասարակայնությանը քաջածանոթ Վահրամ Աթանեսյանին հավելյալ ներկայացնելու կարիք, կարծում եմ` չկա: Նա բավականին շնորհակալ գործ է կատարում` Հայաստանի և Արցախի Հանրապետության բնակիչներին ադրբեջանական մամուլի անցուդարձը ներկայացնելու առումով, ինչի համար իսկապես շնորհակալ ենք:

Բայց, ինչպես բոլոր մարդկանց ստեղծագործական կյանքում, Աթանեսյանի բուռն վերլուծական պրպտումների մեջ ևս կան պահեր, որոնք, մանավանդ երբ դիտարկում ենք տվյալ մարդու հիմնական գործունեության համատեքստում, ընդգծված պիկեր են հիշեցնում: Բանաստեղծների դեպքում, օրինակ, այդպիսի պիկ է 9 լավ բանաստեղծությունից հետո 10-րդ, բայց շատ լավ բանաստեղծության  ծնունդը: Հասկանալի է, չէ՞, թե ինչի մասին է խոսքը: Դիցուք` Վահրամ Աթանեսյանի` ադրբեջանական մամուլի և արտաքին քաղաքականության թեմաներով վերլուծություններից 9-ը լավն են, բայց մեկ էլ «խփում է Վահրամի պիկը», և, որքան էլ դա ցավալի է մեզ համար` դեպի ներքև:

Ամենից շատ Վահրամ Աթանեսյանը «բացասական պիկեր» է արձանագրում, երբ փորձում է մտնել ՀՅԴ գործունեության շրջանակներից ներս և այնտեղից քաղած իր տեղեկություններով ստեղծել մի այնպիսի շեդևր, որով բոլորը հիանան: Որպես կանոն` առաջանում է հերթական «բացասական պիկը»` նախորդից ավելի կամ, պակաս խորությամբ, ինչն արդեն էական է միայն ինձ համար, որովհետև Վահրամի ակտիվ ընթերցողն եմ ու ամեն անգամ նրա հետ ես էլ եմ ընկնում փոսը: Լավ, ինչքա՞ն կարելի է …

Այս անգամ Վահրամ Աթանեսյանը որոշել է, որ Դաշնակցությունը, «տո լի» լավ չի աշխատել Արցախի Հանրապետության սահմանադրության վրա, «տո լի» մտահոգիչ հոդված է մտցրել այդ կարևոր փաստաթղթի մեջ: Այսքանից հետո պատկերացրեք, թե ինչ հետաքրքրությամբ եմ կարդում «Հրապարակում» Վահրամ Աթանեսյանի` «Հպարտանալու առիթ չկա, մտորելու` ինչքան ասեք» հոդվածը, որն ի հեճուկս ինձ, նաև իլյուստրացված է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի նկարով: Կարդում եմ ու մտածում` հիմա, հիմա` փոսն ենք ընկնելու Վահրամի հետ: Այդպես էլ եղավ:

Արմեն Ռուստամյանն իրեն ուղղված հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում Արցախի հարցի փոխզիջումային տարբերակին, և պատրա՞ստ է, արդյոք, հողային զիջումների ինչ-որ բանի դիմաց, հստակ պատասխան է տվել, որը չհասկանալը պարզապես «քաղաքական անճարակություն» է: Նա մասնավորապես հիշեցրել է ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածը և նշել, որ ՀՅԴ-ն ԱՀ հարցի կարգավորումը պատկերացնում է այդ հոդվածի տրամաբանութայան մեջ:

Կարդում ենք.

«Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները

 Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»:

Արդյոք, ՄԽ համանախագահները և Ադրբեջանը, որոնք ընդդիմանում են Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի մոտ բերելու մեր պահանջին, չե՞ն հասկանում, թե ինչ է գրված սահմանադրության այդ կետում: Կարծում եմ` հասկանում են, բայց ահա Վահրամ Աթանեսյանին այդ կետը ոչ այն է` դուր է գալիս, ոչ այն է` թերի է թվում: Իսկ պատճառն էլ գիտե՞ք որն է: Այն, որ Արմեն Ռուստամյանը, նաև ասել էր` ՀՅԴ-ն մասնակցություն է ունեցել ԱՀ սահմանադրական փոփոխությունների հարցում: Այ սա է, որ Աթանեսյանը մարսել չի կարողացել:

Փոսում հայտնվելու կանխազգացողություններս ինձ չէին խաբում: Որեմն, «Ստացվում է, որ Դաշնակցությունը նույնպես աշխատել է Արցախի սահմանադրական փոփոխությունների վրա»,- հավասարակշռությունը կորցնելով` գրում է Աթանեսյանն ու… Ողիղ փոսը:  Եվ, արդեն փոսում սկսում է պոզուպոչ կպցնել ԱՀ սահմանադրության միակ հոդվածին, որտեղ ամենապարզ, մարդկային լեզվով ներկայացված է ղարաբաղյան խնդրի կարգավորման, եթե չասենք ճանապարհային քարտեզը, ապա առնվազն տրամաբանական լուծումը:

«Խոսքը ոչ թե այդ տարածքի նկատմամբ պետական ամբողջական իրավազորության, այլ ընդամենը փաստացի հանրային իշխանության իրականացման մասին է»,- բողոքում է Աթանեսյանը: Համաձայն չենք, պարոն Աթանեսյան, որովհետև թե Հայաստանում, թե Ադրբեջանում, և թե աշխարհի այլ երկրներում, հանրային (այսինքն ժողովրդի) իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է տվյալ պետության իրավազորության ներքո: Ճիշտ ընթերցեք: Կա՞ այստեղ անհասկանալի բան: Կարծում եմ` ոչ:

«Եվ ամենակարեւորը՝ տվյալ հոդվածը սահմանադրության 163-րդ հոդվածով չի դասված անփոփոխելի հոդվածների կարգին: Այսինքն, ենթակա է փոփոխության: Եւ չկա այդ լուրջ բացթողումը վերացնելու սահմանադրական մեխանիզմ, քանի որ անփոփոխելի է սահմանված նաեւ հենց այդ՝ անփոփոխելի հոդվածներ սահմանող՝ 163-րդ հոդվածը: Այնպես որ, հպարտանալու բան չկա»,- իր հանճարեղ միտքն է շարադրում Աթանեսյանը` չնկատելով, որ ակամա պահանջում է «անփոփոխելի» սահմանել իր կողմից քիչ առաջ «քննադատված» հոդվածը:

Ահա այսպիսի անելանելի փոսի մեջ եմ Վահրամի հետ, որն ի թիվս այլ մոլորությունների, սխալմամբ մտածում է, որ Արմեն Ռուստամյանը «հատուկ» հպարտանում է, որ ՀՅԴ-ն մասնակցություն է ունեցել ԱՀ սահմանադրության բարեփոխումներին: Երևի Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրեր, որ ՀՅԴ-ն «միջամտել է» Արցախի Հանրապետության ներքին գործերին, այո՞:

Ոչինչ, այս փոսից էլ դուրս կգանք Վահրամի հետ: Չի բացառվում, որ բարձունքներ նվաճելու առիթներ էլ ունենանք: Հույսս չեմ կորցնում, չէ՞ որ Վահրամ Աթանեսյանի ակտիվ ընթերցողներից եմ:

Էդիկ Անդրեասյան

1