Սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ Արցախում փորձուսուցում են անցնում
Գլխավոր » Լրահոս » Սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ Արցախում փորձուսուցում են անցնում

Սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ Արցախում փորձուսուցում են անցնում

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ այս ամառ սփյուռքահայ երեք երիտասարդներ փորձուսուցում են անցնում Արցախում: Ինչպես նշում է Արցախում կամավորական աշխատանք կատարող խմբի պատասխանատու Էմիլիա Տեր-Սարկիսյանը, գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ:

«Սփյուռքում մեծ հետաքրքրություն կա Արցախի նկատմամբ, բայց տարբեր ծրագրերով այստեղ ժամանելու շատ քիչ հնարավորություններ կան: Մեծամասամբ այցելում են մի քանի օրով՝ ծանոթանալու, որը շատ քիչ է Արցախը լիովին ճանաչելու համար և հիմնականում մակերեսային է»,- նշել է Էմիլիան:

Արցախում ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միությունը խոշոր ծրագիր է իրագործում՝ բակային ճամբարների ծրագիրը, սակայն այն միայն երկու շաբաթ է տևում: Մի ուրիշ ծրագիր էր պետք Արցախն ավելի լավ ճանաչելու համար: Բացի դրանից, Հայաստանի տարբեր մարզերում նմանատիպ ծրագրեր էին արվում, որոնցից Արցախը դուրս էր մնում: Եվ ահա կազմավորվեց հանձնախումբ և Արցախում փորձուսուցում անցնելու ծրագիրը կամաց-կամաց իրականություն դարձավ:

«Նախորդ տարի պիտի գայինք, բայց կազմակերպական մի շարք հարցեր կային, և հետաձգեցինք ավելի լավ պատրաստվելու համար»,- մանրամասնում է Էմիլիան: 2018թ. հունվար ամսից արդեն մասնակցության համար հայտարարություն էր տարածվել: Ճիշտ է՝ Արցախում ծրագրին մասնակցել ցանկացողները շատ էին, բայց նրանցից ընտրվել են երեք հոգի: Էմիլիան աշխատում է «Սիներջի Սիսթեմս» ընկերությունում, ծրագրի մյուս մասնակից Մանե Գրիգորյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իսկ Սևակ Ինջեյանը՝ Արցախի Հանրապետության Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունում: Երիտասարդները ոլորտներն ընտրել են ըստ իրենց մասնագիտությունների և նախասիրությունների:

Փորձուսուցումը տևելու է 6 շաբաթ՝ հունիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ:

Երիտասարդները գոհ են ծրագրի ընթացքից, ստացած գիտելիքներից ու ձեռք բերած փորձից, և հույս ունեն ընձեռնված հնարավորության շնորհիվ ոչ միայն ավելի լավ ճանաչել Արցախն ու արցախցիներին, այլ ավելի մասնագիտանալ իրենց բնագավառներում, նոր փորձառություն ու մասնագիտական որակներ ձեռք բերել:

1