Սիրողական մակարդակից արհեստավարժ գյուղատնտեսության անցնելու ժամանակն է․ Ժիրայր Միրզոյան
Գլխավոր » Լրահոս » Սիրողական մակարդակից արհեստավարժ գյուղատնտեսության անցնելու ժամանակն է․ Ժիրայր Միրզոյան

Սիրողական մակարդակից արհեստավարժ գյուղատնտեսության անցնելու ժամանակն է․ Ժիրայր Միրզոյան

1 տարի 8 ամիս առաջ ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակված Ժիրայր Միրզոյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում պատմել է պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքների, նախարարության որդեգրած քաղաքականության, ծրագրային փոփոխությունների եւ նոր ծրագրերի մասին:

Մրցակցային քաղաքականություն

Գյուղատնտեսության նախարարությունը նպատակադրվել է վարել արհեստավարժ, մրցակցային քաղաքականություն: Մենք հստակեցրել ենք նպատակներ՝ ստանալ ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան, անհրաժեշտ քանակի բերք  եւ ապահովել իրացում: Միայն այս ճանապարհով կարող ենք ապահովել մրցակցային բերք։

Պետական միջոցների նպատակային ծախսում

Գյուղատնտեսությանը տրամադրվող միջոցները բավական մեծ են: Սակայն չեմ կարող նշել, որ դրանք ամբողջությամբ էին ծառայում իրենց նպատակին՝ գյուղատնտեսության զարգացման ծրագրերին։ Այդ միջոցների մի մասով այս կամ այն կերպ լուծվում էին սոցիալական խնդիրներ: Բայց պետք է շեշտեմ, որ գյուղոլորտին հատկացվող միջոցներով նպատակ չպետք է ունենանք իրականացնելու սոցիալական ապահովություն։ Բյուջեի գումարները պետք է ծառայեն նպատակին։

Բերեմ մեկ օրինակ. երբ պետական բյուջեի հաշվին խորքային հոր է հորատվում՝  20 հեկտար տարածք ոռոգելու նպատակով, բայց արդյունքում ոռոգվում է միայն 10 հեկտար տարածք, ես այս երեւույթը համարում են գումարի վատնում եւ փոշիացում։

Ունենինք պետական միջոցների վատնման այլ դեպքեր եւս։ Ոռոգման կաթիլային համակարգ ձեռք բերելու նպատակով գումարը հատկացվում էր հողօգտագործողին, այգեգործին, որը ձեռք էր բերում ամենաէժան նյութերով կառուցված կաթիլային համակարգ՝ շահագործման կարճ ժամկետով: Արդյունքում մենք գյուղատնտեսության զարգացում չէինք ունենում եւ ոչ ոք դրա համար  պատասխանատվություն չէր կրում։

Մենք կատարել ենք ծրագրային փոփոխություններ։ Այսուհետ գյուղատնտեսական բոլոր ֆինանսական աջակցությունները տրամադրվելու են ոչ թե տնտեսվարող սուբյեկտներին կամ հողօգտագործողներին, այլ լիցենզավորված կազմակերպություններին։ Այդ կազմակերպություններն են պատասխանատու լինելու համակարգերի ներդրման, հետագա շահագործման, առաջացած  թերությունները վերացնելու, հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար։ Իսկ որեւէ խախտում առաջանալու դեպքում ծախսված գումարը հետ է վերադարձվելու պետական բյուջե:

Ուսումնական վերապատրաստումների պլան

Պրոֆեսիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար մենք պետք է լուծենք մասնագետների ոչ բավարար պատրաստվածության եւ գիտելիքների պակասի խնդիրը։

Նախորդ տարի մենք ունեցել ենք բավականին հագեցած ուսումնական վերապատրաստման օրակարգ։ Մեթոդական աջակցության աշխատանքներն այս տարի եւս հագեցած են լինելու։ Մենք համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի եւ արտերկրի մի շարք առաջատար մասնագետների հետ՝ հասարակայնության տարբեր հատվածի համար գյուղոլորտի բոլոր ճյուղերով խորացված դասընթացներ անցկացնելու համար:

Հավասար պայմաններ

Մենք խնդիր ենք դրել ստեղծել հավասար պայմաններ գյուղատնտեսության ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների եւ տնտեսվարողների համար։ Հանդես ենք գալու գյուղատնտեսության մեջ ծառայություն մատուցող ընկերություններին շահութահարկից ազատելու եւ եկամտային հարկը վերանայելու օրենսդրական փոփոխությունների առաջարկով։

Դաշտավարության  ոլորտ    

Եթե նախկինում որոշ գարնանացան մշակաբույսերի սերմերը տրամադրվում էին  50 տոկոս սուբսիդավորմամբ, ապա այս տարի բոլոր սերմերը տրամադրվում են անվճար՝ նախապայմաններով սակայն։ Մշակաբույսերը պետք է ցանվեն բացառապես համապատասխան կլիմայական պայմաններում, որոշների համար էլ պարտադիր է նաեւ ոռոգման ջրի առկայությունը:

Սրանով մենք նպաստում ենք ագրոտեխնիկական պահանջներին համապատասխանող աշխատանքներին։ Այլապես մենք չենք կարող ակնկալել բարձրորակ բերք:

Ջերմոցային տնտեսություններ

Մենք խրախուսում ենք ջերմոցային տնտեսությունների հիմնումը, եւ այդ նպատակով տարեկան մեկ հեկտար ջերմոցի հաշվով տրամադրելու ենք 2 միլիոն դրամ պետական աջակցություն։ Ծրագրից օգտվելու նախապայմանը ջեռուցվող եւ ոռոգման տեխնոլոգիական համակարգ ունեցող ջերմային տնտեսություններն են։

Նուռը՝ պահանջարկ վայելող

Արդյունավետ իրացում կազմակերպելու համար մենք պետք է արտադրենք պահանջարկ վայելող մթերք։ Աշխարհի եւ մեր տարածաշրջանի շուկայում այդ մթերքը նուռն է։

Նռան այգիների հիմնման եւ զարգացման նպատակով մենք այս տարի անվճար տրամադրելու ենք նռան տնկիներ՝ սկսած 1 հեկտար տարածք ունեցող այգեգործներին։

Ասեմ, որ նռան այգիների ծավալի մեծացումը կարող է բերել գնի որոշակի անկման, սակայն շահավետությունը կպահպանվի:

Անասնահիվանդությունների կանխարգելում

Տարիներ ի վեր գյուղնախարարության եւ որոշ այլ հիմնարկների կողմից իրականացված հիվանդությունների դեմ պայքարը հնարավոր չէ կանխարգելել գոյություն ունեցող միջոցներով։ Այդ խնդիրն ունի միջգերատեսչական բնույթ եւ մենք սահմանել ենք անասնապահության հստակ կանոններ՝ անասնաբուծության գրեթե բոլոր ճյուղերին վերաբերող։

Կենդանական հիվանդությունների կանխարգելումը չունի առողջապահական, անասնաբուժական կամ այլ գիտական տեսանկյունից լուծում: Հիվանդություններից հնարավոր է խուսափել բացառապես խնամքի կանոնները խիստ պահպանելու դեպքում: Այդ իսկ պատճառով հստակեցրել ենք 10 եւ ավելի պայմանական կենդանի ունեցող անասնատիրոջ անասնաշենքի եւ խնամքի կանոնները, որոնք պահպանելու դեպքում կբացառենք հիվանդությունների դեպքերը։

Բակային սպանդ

Նախարարության օրակարգային հարցերից մեկը 2016 թվականի դեկտեմբերին կառավարության կողմից ընդունված բակային սպանդն արգելելու որոշումն է։ Հայաստանն այս տարվանից անցնելու է սպանդանոցային պայմաններում մորթին, եւ մենք եւս ստիպված ենք լինելու հետեւել նրանց օրինակին: Արցախում ունենք մեկ գործող սպանդանոց, որը բավարար չէ ամբողջությամբ սպանդանոցային մորթ ապահովելու համար։ Մտածում ենք՝ մոտ 4-5 սպանդանոց ունենալ Արցախի տարբեր ենթաշրջաններում։ Խնդիրը հրամայական է, բայց գործնական քայլեր դեռեւս կատարված չեն:

Իսկ մինչ այդ՝ կենդանու բակային մորթն առանց անասնաբույժի կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքի արձագանքվում է նախարարության կողմից եւ ավարտվում համապատասխան տույժի կիրառմամբ։

Անասնապահական համալիրի վերականգնում

Եվս նոր ծրագիր է, որը  նպատակ ունի աշխատեցնելու ԽՍՀՄ տարիներից մնացած անասաշենքերը, որոնք մասնակի են շահագործվում կամ ենթակառուցվածքների բացակայության պատճառով չեն շահագործվում ընդհանրապես։

2019 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է համապատասխան գումար։ Ըստ առաջնահերթության՝ սկսելու ենք վերականգնել անասնաշենքերը եւ համալրել ժամանակակից տեխնոլոգիաներով՝ կթի, գոմաղբի հեռացամն ավտոմատ սարքավորումներով։ Նաեւ նախատեսում ենք ստեղծել համապատասխան պայմաններ՝ անասնաֆերմայի տարածքում անասնաբուծական մթերքները երկարատեւ պահելու նպատակով։

Արոտավայրերի կիրարկում

Գյուղնախարարության նոր համալիր ծրագիր է, որը իրականացվելու է նախարարության եւ համայնքի հետ համատեղ:

Նախարարությունը միանգամյա աշխատանք է կատարելու արոտավայրերում՝ ջրարփիացնելով, վերականգնելով ենթակառուցվածքները, բնական կերհանդակները եւ խոտածածկը, կառուցելով արոտավայրեր տանող ճանապարհները։ Իսկ կատարված աշխատանքի պահպանումը, հերթափոխ արածեցումը եւ արդյունավետ կառավարումը պետք է իրականացնի համայնքը:

Ծրագրի արդյունքը կախված է լինելու հիմնականում համայնքի աշխատանքից:

Գյուղական կոոպերատիվներ

Նախորդ տարի Ազգային ժողովն ընդունել է գյուղացիական կոոպերատիվների մասին օրենք։ Օրենքի համաձայն՝ կառավարությունը կոոպերատիվների զարգացման եւ կայացման համար դրամաշնորհ կարող է տրամադրել միայն ընկերության հիմնադրումից հետո։

Կոոպերատիվը սակայն կամավորության հիմունքներով ստեղծվող ընկերություն է։ Շուշիի շրջանում երեք կամավոր անասնապահական կոոպերատիվ հիմնելու ցանկություն են հայտնել, գրանցվել են պետռեգիստրում, սակայն գործունեություն դեռեւս չեն ծավալում։ Քանի որ կոոպերատիվի հիմնադրման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է, 2019-ի պետական բյուջեում այս ծրագրի համար դրամաշնորհ չենք նախատեսել։

Իսկ որպես ծրագրի առաջին կամավորների լրացուցիչ աջակցություն՝ անասնաբուծության կանոնակարգման եւ արոտավայրերի կիրարկման ծրագիրն այս տարի ուղղել ենք Շուշիի շրջանին։ Իսկ կոոպերատիվի հիմնման ավարտին նախատեսում ենք արոտավայրին կից կառուցել նաեւ վերամշակող գործարան՝ կաթնամթերքը վերամշակելու եւ սեփական արտադրանքն ապահովելու նպատակով:

Արաքսավանը՝ ռազմավարական նշանակություն

Արցախի ամենապասիվ գյուղատնտեսական տարածքն Արաքսի գոտին է՝ 2014 թվականին հիմնված Արաքսավան բնակավայրով։ Արցախում չօգտագործվող հողերի գերակշիռ մասն այդ տարածքում է։ 23 հազար հեկտար տարածքից մշակվում է միայն 13,5 հազարը, իսկ մյուս տարածքները աղտոտված են, պատված մացառներով, եղեգով։ Այս հողերը պիտանի դարձնելու համար անհրաժեշտ է մեկ հեկտարի հաշվով կատարել 300-350 հազար դրամի ծախս։ Հողերից բացի՝ անհրաժեշտ է կապիտալ ներդրումներ կատարել նաեւ տեղի երկու ջրանցքների վրա։

Արաքսավանի տարածքների չշահագործումը պայմանավորված է նաեւ մարդկային խնդրով։ Արաքսավանում բնակվում է շուրջ մեկ տասնյակ բնակիչ միայն։ Այդ տարածքները կառավարությունը եւ իշխանությունը համարում են ռազմավարական, եւ նպատակ են դրել ամբողջությամբ իրացնել գյուղատնտեսական նշանակության հողերը եւ կազմակերպել այդ տարածքների վերաբնակեցում։ Այս աշխատանքները պահանջում են երկարատեւ, մեծածավալ ներդրումներ, եւ մենք հետզհետե կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը։

Ժամանակն է

Նպատակը հստակեցված է, ծրագրերը՝  վերանայված, պետության եւ քաղաքացիների պարտավորությունները՝ սահմանված։ Սիրողական մակարդակից պրոֆեսիոնալ գյուղատնտեսության անցնելու ժամանակն է։

Լուսինե Թեւոսյան

1