Ռազմավարական դաշինք՝ միասնական օրակարգի հարթակ
Մայիսի առաջին տասնօրյակում Արցախյան թեման միշտ էլ շոշափվել է: Դա առաջին հերթին պայմանավորված է Շուշիի ազատագրման օրվա նշումով եւ Արցախյան գաղափարի շուրջ հաղթանակի օրվա առիթով համախմբման արտահայտիչ դրսեւորմամբ: Այս տարին եւս բացառություն չեղավ:
ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ դեռեւս Եռատոնի նախօրյակին՝ մայիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ֆորումը: ԱՀ Ազգային ժողովի դահլիճում համախմբվեցին հայկական քաղաքական գունապնակում գոյություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Դաշնակցության համար միշտ էլ օրակարգային է եղել Հայաստան-Արցախ դաշինքի կնքման հարցը: Դաշնակցության կողմից դա արծարծվել է դեռեւս 1994-ի զինադադարից հետո՝ թե այն ժամանակ, երբ ՀՀ-ում Դաշնակցությունն ընդդիմություն էր, եւ թե իշխանության մաս կազմելու տարիներին: Բոլոր նրանք, ովքեր փորձեցին Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած այս համախմբմանը կպցնել ինչ-որ պիտակներ, նախ եւ առաջ տառապում են քաղաքական կարճատեսությամբ, կամ էլ ունեն միտումներ, որոնք չեն տեղավորվում ազգային հարցերի շուրջ հավաքական համախոհություն ձեւավորելու շրջանակներում:
Ինչպես ասվեց՝ Մայիսյան եռատոնն առիթ է համահայկական հաղթանակ տոնելու համար, որին գաղափարական հիմք տալը եւ այդ ուղղությամբ գործնական քայլը ամրապնդում են մեր ազգային միասնության հիմքերը: Այս դիտանկյունից նայելով Արցախում տեղի ունեցած ֆորումին, չի կարելի չանդրադառնալ այն կարեւոր հանգամանքին, որ ՀՀ-ում 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո յուրաքանչյուր քաղաքական նախաձեռնությունից բացառվել է քաղաքական ուժերի համախմբվածության գործոնը: Այս պարագայում՝ Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծվեց մի հարթակ, որտեղ կարեւոր հարցի շուրջ տեղի ունեցավ համակցման գործընթաց:
Ֆորումի մյուս կարեւորությունը կայանում է աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում Արցախի շուրջ հայկական գործոնի համախոհությունն ի ցույց դնելու մեջ: Դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմն աշխարհին ապացուցեց, որ հայ ժողովուրդը միասնականությամբ ունակ է պայքարելու եւ համախմբվելու, եւ՝ պատրաստ չէ պարտադրանքի ճնշման ներքո ընկրկել: Ապրիլյան համախմբման ազդեցությամբ Արցախյան հարցի հանգուցալուծման գործընթացին մասնակիցները պարտավոր եղան նոր հաշվարկներ իրականացնել եւ վերանայել իրենց «պլանները»:
Զգայուն այս ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքական գործընթացները տարածաշրջանում բարդ հեռանկար են նախանշում, երբ ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվում է խուսափոխական դիրքորոշում, իսկ այդ առիթից օգտվելով՝ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը, եւ երբ միտումնավոր կերպով նսեմացվում են ազգային արժեքներն ու հաղթանակի խորհրդանիշները, ռազմավարական դաշինքի շուրջ համախմբումը կարող է հանդիսանալ այն հաղթաթուղթը, որի հետ շահագրգիռ բոլոր կողմերը պարտավոր են հաշվի նստել:
Արցախում ռազմավարական դաշինքի անհրաժեշտությունը միանշանակ ընդունվեց՝ արտացոլվելով կազմկոմիտեում Արցախի առաջատար քաղաքական ուժերի ներկայությամբ, ինչը նախադրյալ է Արցախում միասնական օրակարգ ձեւավորելու համար:
«Ապառաժ»-ի խմբագրական, 17 մայիսի, 2019թ.