Պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն
Գլխավոր » Հասարակական » Պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն

Պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն

Հարցազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ

— ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Ռուսաստանի ԱԳՆ-ի հասցեական հայտարարությունները որոշ վերլուծաբանների թույլ են տալիս ենթադրել, թե գործ ունենք իրավիճակի փոփոխության հետ: Այդպե՞ս են մտածում նաեւ Արցախում:

— Այդ հայտարարությունները, իհարկե, որոշակի ակտիվություն են նշանակում, բայց դա չի ենթադրում, որ կա նաեւ իրավիճակի փոփոխություն, քանի որ չկան դրա հիմքերը: Իսկ իրավիճակը, հատկապես 2016-ի ապրիլից հետո, մնացել է նույնը:

Այսինքն՝ Ադրբեջանի կողմից անընդհատ արձանագրվում են սահմանային խախտումներ, մենք ամեն օր իրավիճակի սրման ականատեսն ենք: Իսկ սա նշանակում է՝ բանակցության սեղանի շուրջ նստելու, բնականոն բանակցություններ շարունակելու համար դեռեւս չկան բավարար պայմաններ: Ուրեմն խոսել իրավիճակի փոփոխության մասին, կարծում եմ՝ թվացյալ ու խաբուսիկ է:

Չնայած երկու հայտարարություններն էլ, իրոք, հասցեական էին, բայց կարեւոր է, որ դրանց գործնական քայլեր հետեւեն: Մինչդեռ այդ քայլերը տեսանելի չեն:

— Գնդակը հայ դիվանագիտության դաշտում է, ասել է թե հայկական կողմը, օգտվելով բարենպաստ կացությունից, գուցե պետք է քայլեր ձեռնարկի ու հասնի նրան, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի հանդեպ վերջապես հստակ պատժամիջոցներ կիրառի:

— Միջազգային կառույցներից, նույն Մինսկի խմբից, կարծում եմ, չարժե մեծ ակնկալիքներ ունենալ Ադրբեջանին պատժելու հարցում:

Տեսեք, ապրիլյան պատերազմից հետո սահմանի երկու կողմերին արդեն իսկ պետք է տեղադրված լիներ հետաքննությունների մեխանիզմը, որը կարող էր արձանագրել, թե ով է ագրեսորն ու նախահարձակ եղող կողմը: Բայց մինչ օրս այդ հարցը լուծված չէ:

Մենք միայն մեր սեփական նախաձեռնությամբ ու ջանքերով ենք կարողացել որոշակի առաջընթաց արձանագրել եւ միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանին: Չնայած, համոզված եմ, միջազգային հանրությունը բավական տեղեկացված է:

Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրությունից հետեւյալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծված կացությանն ու ճիշտ արձագանքել կողմերի քայլերին: Ցավոք, միջազգային հանրությունը կա՛մ հավասարության նշան է դնում կողմերի գործողությունների միջեւ, կա՛մ եթե անգամ անում է հասցեական հայտարարություն, դրան չեն հաջորդում գործնական քայլեր:

Դրա համար մեր սեփական ուժերին պետք է ապավինենք, որեւէ կերպ չպետք է գայթակղվենք այս կամ այն հայտարարությամբ ու մեր ապագան կապենք միջազգային հանրության հետ, դա միանշանակ է, դա են թելադրում անցած 25 տարիները, հատկապես վերջին երեք տարիներին ստեղծված իրավիճակը՝ անընդհատ լարվածության մեծացումը:

Հետեւաբար, կարծում եմ, միայն դիվանագիտական քայլերը, բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար: Մենք պատժիչ գործողություններ պետք է իրականացնենք այլ դաշտում, իսկ այդ դաշտը մեզ համար ռազմականն է: Միայն դա կարող է զսպել ագրեսոր Ադրբեջանին եւ փոխել իրադրությունը։

— Կարծիք կա, որ ՄԽ հասցեական հայտարարությունից հետո հայ դիվանագիտությունը պետք է միջազգային ատյաններին հասցնի նաեւ հետեւյալը. պատերազմական իրավիճակում ագրեսորի հետ բանակցություններ չեն կարող լինել:

— 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը կատարեց ռազմական գործողությունների վերսկսման փորձ ու ստացավ հայկական կողմի պատասխան հարվածը, ստեղծվել էին նպաստավոր պայմաններ ձեր նշած հարցը միջազգային հանրության ու Ադրբեջանի առաջ դնելու համար: Եվ դա կլիներ իրավիճակին համարժեք, կլիներ տրամաբանական: Սակայն տեսանք, թե ինչպիսի խոչընդոտներ եւ ինչպիսի դիմադրության հանդիպեցինք հենց նույն միջազգային հանրության կողմից: Մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ Ադրբեջանի ռազմական գործողությունների համարժեք գնահատականը։

Բանակցություններից երբեք չպետք է հրաժարվենք, բայց մինչ բանակցային սեղանին մոտենալը մեր ներկայացրած նախապայմանները պետք է կատարված լինեն: Ի վերջո, մինչ բանակցությունները վերսկսելը միջազգային հանրությունը պետք է տա գնահատական, թե ո՞վ վերսկսեց պատերազմական գործողություններն ու ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Ադրբեջանը լինելով ագրեսոր երկիր՝ միջազգային հարթակներում Հայաստանին է ներկայացնում որպես ագրեսորի, մենք նախ պետք է սա կոտրենք, որից հետո մտածենք բանակցային գործընթացի վերսկսման մասին:

— Սահմանին բավական ժամանակ է, որ լարվածություն է, դարձյալ հաճախ է խոսվում լայնածավալ պատերազմի վերսկսման մասին: Արցախում ինչպիսի՞ տրամադրություններ են:

— Ո՛չ ադրբեջանական ռազմաուժի գերակայությունը, ո՛չ էլ այդ երկրի կողմից Արցախի դեմ ռազմական պահեր ստեղծվող հնարքները չեն հուսահատեցրել եւ չեն կարող հուսահատեցնել արցախցիներին: Արցախն ապրում է իր առօրյա կյանքով՝ կառուցում է, զարգանում, անտեսելով ադրբեջանական բոլոր հոխորտանքները: Բայց դրանով հանդերձ, մենք երբեք ոչինչ չպետք է բացառենք, ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մենք մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք:

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1