Պատմական հուշարձաններին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու. Լեռնիկ Հովհաննիսյան

ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր` հոկտեմբերի 25-ին կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ նշել է, որ իր վարած քաղաքականության մեջ կարեւորում է նաեւ հուշարձանների պահպանությունը:
«Պատմական հուշարձաններին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու, պատմական հուշարձանների վերակառուցման, վերականգնման նկատմամբ լուրջ վերահսկողություն ենք սահմանելու` բացառելով կամայական վերանորոգումները, Արցախը` որպես զբոսաշրջային հետքարքիր ուղղություն ներկայացնելուն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումն ենք ապահովելու»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ներկայացնելով բնագավառում կատարած աշխատանքները, նախարարը նշել է, որ կազմակերպվել է հուշարձանների մոնիտորինգ. ստուգվել է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների մի շարք հուշարձանների պահպանության վիճակը: Ի հայտ են բերվել բազմաթիվ հուշարձաններ, ներառյալ «Վահանբեյի» կամուրջը Մարտակերտի շրջանում: Կազմվել է դրա սխեմատիկ նախագիծը՝ առաջիկայում ամրակայման ու վերականգնման աշխատանքների իրականացման համար:
Ընթացքավորվել են Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի եկեղեցու վերականգնման աշխատանքները: Կատարվել են բարեկարգման աշխատանքների իրականացման հաշվարկներ Տիգրանակերտում եւ Շուշիում: Քննարկվել է նաեւ Հունոտի կիրճ արգելոցի տարածքում գտնվող պատմական կամրջի էսքիզային նախագիծը: