Պատմական դարձակետ
Որքան սահում է ժամանակը, այնքան պայծառանում է Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական նշանակությունը:
Երեկ ուրացման առարկա էր դարձել Սարդարապատի և մյուս ճակատների վրա հայ ժողովրդի մղած Մայիսյան հերոսամարտը: Այսօր ազգային հպարտության անսպառ աղբյուր են խենթերի գտած հնարն ավետող սարդարապատյան ղողանջները:
Երեկ արհեստական խզում կար 1918թ. ժողովրդական շարժման ու այն կանխած երեսնամյա ազատագրական շարժման միջև: Այսօր մի կողմ են դրված արհեստական այդ խզումը պարտադրող մի շարք կաշկանդումներ, և Ռանչպարների կանչն է շնչավորում Սարդարապատի խորհրդին:
Եվ այսպես, ժամանակի հետ հայ քաղաքական միտքը աստիճանաբար հաղթահարում է իր ներքին վերքերը: Հատվածապաշտությունն ու այլամերժությունը ձև ու թիրախ են փոխում, սերնդափոխության հետ կրքերն աստիճանաբար հանգչում են, և 1918թ. Մայիսի 28-ի պատմական մեծակշիռ քայլը իր տրամաբանությունն է պարտադրում բոլորին:
Չի պատահել, իսկ եթե պատահել է՝ ազգային դժբախտության ցուցանիշ է եղել ժողովրդի ազգային պառակտումը իր սեփական հայրենիքի անկախության փաստի շուրջ:
Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը քաղաքական այդ տհասության զոհը դարձավ և դեռևս իր տուրքն է տալիս նույն չարիքին, երբ անբաժանելին արհեստականորեն փորձում են մասնատել, երբ ջանք է թափվում Անկախ Հայաստանի նվաճման հիմքը դրած ռազմական հաղթանակները բաժանել և մինչև իսկ հակադրել նրանց քաղաքական նվիրագործմանը՝ ազգային ազատ պետականության հռչակմանը:
Հենց այդ պատճառով մենք նվազագույն տարակուսանք անգամ չունենք, որ ժամանակը կհարթի հայ ժողովրդի ազգային-քաղաքական միասնականությունն արգելակող այս խոչնդոտը ևս, որովհետև ազգերի պատմության ներքին օրինաչափության պարտադրանքն է դա, որովհետև անկախության ձգտումը և ինքնորոշման իրավունքը հանդիպման կետն է ժողովրդին մասնատող բոլոր հոսանքների:
Անխուսափելի է հայոց նորագույն պատմության այդ զարգացումը եւս, մանավանդ նրա համար, որ հայ ժողովուրդը կարողացավ վերապրել ներքնապես իրեն պառակտելու բոլոր փորձերից, և այսուհետ ոչ մի ուժ չի կարող վարագույր քաշել Մայիսի 28-ով ներկայացող քաղաքական կտակի դեմ:
Կարելի է տարակարծիք լինել անկախ հայրենիքի և ազատ պետականության ուղու և դրանց իրականացման հանգրվանների շուրջ: Կարելի է նույնիսկ հակադրել իրար հայրենիքի անկախությունը օգտակար ինչ վարչաձևով երաշխավորելու հարցում: Քաղաքական ու գաղափարական տարբեր լուծումների կարելի է հակվել մինչև իսկ այլ ժողովուրդների հետ դաշնակցային ինչպիսի կապեր և ինչ բնույթի միություններ հաստատելու ուղղությամբ: Վերջին հաշվով, նորահաստատ ազգերի պետական ու քաղաքական կյանքը ամեն տեղ տագնապի մեջ է նման բաժանումներով ու հակադրություններով:
Բայց ոչ մի տեղ և ոչ մի ժողովրդի գիտակցության մեջ ըմբռնելի չէ գաղափարական այն խզումը, որ շուրջ 62 տարուց ի վեր շարունակում է ջլատել հայ ժողովրդի հավաքական կամքը, նույնինքը` Հայաստանի անկախացման փաստն ուրանալու և այդ ճամփով Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի նպատակը մերժելու խորհրդահայ գաղափարախոսության հետևանքով:
Ժողովրդական իմաստությունն ասում է, որ ժամանակը լավագույն ուսուցիչն է: Իսկ 1918թ. Մայիսի 28-ից ի վեր հայ ժողովրդի ապրած ժամանակը սովորեցնում է, որ միայն արհեստական ճիգերի հետևանք են, և իբրև այդպիսին` վաղ թե ուշ տխուր անցյալ դառնալու են դատապարտված Մայիսի 28-ի փաստի շուրջ հայ քաղաքական միտքը հակադիր բևեռների բաժանելու միտումները, ինչքան էլ պետական քաղաքականության հետևողական գիծ ունենան:
Պետական ոչ մի պատմագիտություն չի կարող հայ ժողովրդի հիշողությունից ջնջել այն իրողությունը, որ Հայաստանի խորհրդային իշխանություններին հանձնվեց Հայաստանի Հանրապետությամբ ձեռք բերված անկախ հայրենիքի ազգային պետականությունը: Հանձնվեց նույն Հայաստանի Հանրապետության կառավարոււթյան կողմից, որը թրքական սպառնալիքի դեմ ապավինեց Խորհրդային Ռուսաստանի աջակցությանը` ծով արյամբ նվաճված իր անկախությունից այնքան թանկ գին վճարելու հանձնարարության տակ մտնելով:
Ահա թե ինչու Մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունը միշտ պիտի մնա նորագույն Հայաստանի, նույն Խորհրդային Հայաստանի ազգային պետականության հիմնաքարը:
Գաղափարախոսական ոչ մի քարոզչություն չի կարող հայ ժողովրդի գիտակցությունից արմատախիլ անել այն համոզումը, որ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ազգային հանգանակը ավանդ է դրվել ներկա Հայաստանի քաղաքական ճակատագիրը վարող խորհրդային իշխանությունների մոտ, ովքեր հայ ժողովրդի քրտինքից ավելի են գանձում իրենց հովանավորության գինը, և ոչ մեկը իրավունք չունի ձեռք երկարելու հայրենի մեր ժողովրդի ու նրա պետականության ազգային տենչերին և հայեցի կռվաններին:
Ահա թե ինչու ժամանակավրեպ են դառնում Մայիսի 28-ի ավանդով Հայաստանի սևեռած գաղափարական մեր շարժման դեմ Խորհրդային Հայաստանի նվաճումներն իբրև թե ուրանալու և նրա վերելքով չհպարտանալու բոլոր վերագրումները:
Պարզապես մենք չենք կարող համակերպվել, որ Թուրքիայի գործադրած հայասպանությունից հազիվ մի քանի տարի հետո մեր ժողովրդին տված ազգային պատասխանը գաղափարական թե վարչաձևային ընթացիկ հաշիվներով դատարկվի պատմական դարձակետ նվաճած իր իմաստից:
Չենք կարող ընդունել և վաղվա վերամիացյալ հայությանը հաշվետու ենք մեր ընթացքի համար, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը իր բոլոր հնարավորություններով կանգնած չէ հայ ժողովրդի անկախության երթը իր բնական ավարտին առաջնորդելու ճակատին:
Մանավանդ, իրավունք չունենք տկարանալու մեր հավատքի մեջ, որ Աբովյաններից մինչև Րաֆֆիներ և Քրիստաֆորներից մինչև Արամներ ձգված ազատագրական շարժումների հարազատ պսակումը եղավ 1918թ. Մայիսի 28-ի անկախության կերտումով, որն, իբրև այդպիսին, անցյալ ու գալիք սերունդների միացման օղակն է, ժամանակների մաշմանը դիմակայող գաղափարական հասարակության ներշնչման կենարար աղբյուրը:
Ժամանակն արդեն շատ բան պայծառեցրեց Մայիսի 28-ի պատմական դարձակետի շուրջ դրսևորված գաղափարական խարխափումներից:
Բավական է ունկնդիր մնալ Սարդարապատի դաշտի վրա այսօր ղողանջող զանգերին` վերանորոգելու համար Անկախության սերնդի կտակը և վերապրեցնելու մեր հավատքը:
Խմբագրական Ազդակ-Դրօշակ շաբաթօրյակի
30 մայիսի 1982թ.