Պաղեստինի նախագահն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, երեսուն րոպե տեւողությամբ հանդիպում են ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ` ընդառաջելով նախագահի հրավերին: Հանդիպմանը ներկա էին նաեւ Աբբասին ընկերակցող պատվիրակության անդամներ:
Հանդիպման ընթացքում նախագահ Աբբասն անդրադարձավ հայ եւ պաղեստինցի ժողովուրդների պայքարի նույնությանը, ինչպես նաեւ պաղեստինյան դատի նկատմամբ հայ ժողովրդի ու հատկապես ՀՅ Դաշնակցության ցուցաբերած զորակցությանը:
Խոսակցության ընթացքում անդրադարձ կատարվեց շրջանային ու միջազգային իրադարձություններին եւ պաղեստինյան դատին դրանց ազդեցությանը:
Քննարկման հատուկ նյութ դարձան Երուսաղեմի հայության եւ հայապատկան կալվածքներին առնչվող հարցերը, որոնց մասին նախագահ Աբբասը հիշեցրեց, որ Յասեր Արաֆաթը հայության հետ կապված խնդիրների նկատմամբ անզիջող կեցվածք էր ցուցաբերել ընդհանրապես եւ պաղեստինա-իսրայելյան բանակցությունների ընթացքում՝ մասնավորապես:
Հանդիպման ավարտին, պաղեստինյան հեռուստաալիքների հարցերին պատասխանելով, երեսփոխան Բագրատունին շեշտեց, որ ՀՅ Դաշնակցության համար բռնագրավողին դիմադրելը սրբազան դատ է եւ թե՛ պաղեստինցի եւ թե՛ հայ ժողովուրդները ունեն իրավազրկվածի նույն վիճակն ու պայքարելու նույն հաստատակամությունը` հիշելով, որ Պաղեստինի հայությունը պաղեստինցի ժողովրդի ու նրա պայքարի անքակտելի մի մասն է:
Աղբյուրը՝ «Ազդակ»