Ուղենիշը՝ Հայրենիքի ազատագրում
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ուղենիշը՝ Հայրենիքի ազատագրում

Ուղենիշը՝ Հայրենիքի ազատագրում

Հոկտեմբերի 25-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական գործակալության «Hard talk» ծրագրում:

Սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում եւ հեռուստաալիքներում քննարկման նյութ դարձավ այս հարցազրույցը: Կասկածից վեր է, որ BBC-ի նշված հաղորդաշարը, հանձինս Սթիվեն Շաքուրիի, բավականին հեղինակավոր հարթակ է միջազգային քաղաքական ասպարեզում դիրքորոշումների արտահայտման համար: Իհարկե, ինչպես հենց հաղորդման վերնագիրն է հուշում՝ դժվար է խոսել այդ հարթակից, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարը չկարողացավ հաղթահարել այդ դժվար ասպարեզը:

Մի կողմ թողնելով հաղորդաշարի հեղինակի այն քննադատական դիտարկումները, որոնք վերաբերվում էին Հայաստանի Հանրապետության ներքին  և արտաքին քաղաքականությանը, մեզ հուզողը զրույցի Արցախին վերաբերող բաժինն է: Նախ պետք է նշել, որ փորձառու լրագրողի աչքից չեն վրիպել Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուների կողմից հնչեցվող հաճախ իրարամերժ արտահայտությունները, ինչը վկայում է քաղաքական հայեցակարգային հստակ դիրքորոշման բացակայության մասին: Որպես հատկանշական օրինակ՝ միջազգային հանրությունը չի ընկալում Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ բանակցություններին մասնակցելու փաստարկը եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» լոզունգի համատեղումը:

ԱԳ նախարարի կողմից Արցախում Հայաստանի դերի մասին փաստարկները եւս խոցելի էին: Հայաստանը ներկայացվեց որպես իր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Արցախյան հիմնահարցի գաղափարական հենքը ոչ թե սոսկ անվտանգությունն է, այլ հայրենի հողի ազատագրումը: Եթե հայրենիքի ազատագրումը դառնա հայեցակարգային առանցքային ուղենիշ, անվտանգության բաղադրիչն այդ ընդհանուր ուղենիշի մի մասնիկն է միայն: Իսկ հայրենիքի ազատագրման ուղենիշի ծիրում շատ եւ շատ այլ փաստարկներ կարելի է կիրառել՝  պատմական, մշակութային, իրավական…

Մտահոգիչ էր հաղորդավար Սթիվեն Շաքուրի անդրադարձը 1995 թվականին հրապարակված հակահայկական փաստաթղթերին, երբ միջազգային կազմակերպություններն ու Արցախյան հարցով զբաղվող պետությունները փորձում էին առավելագույնս ճնշում գործադրել Հայաստանի վրա: Դա տեղի էր ունենում միջազգային հանրության կողմից տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու ջանքերի համայնապատկերում: Հայկական կողմի համաձայնությունը կորզելու համար այդ օրերին Հայաստանը ենթարկվում էր դիվանագիտական ծանր ճնշումների: Այն ժամանակ հայկական դիվանագիտությունը կարողացավ խույս տալ ճնշումներից, սակայն հայկական քաղաքական դաշտը դեմ-հանդիման կանգնեց մի կացության, որը բերեց քաղաքական դաշտի վերաձեւավորման եւ հանգեցրեց 1998 թվականի խաղաղ իշխանափոխության:

Համընդհանուր դիտանկյունից նայելով խնդրո առարկա հարցազրույցին, զգալի է արեւմտյան ուժերի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու միտումը: Մյուս կողմից, տարածաշրջանային զարգացումները, հատկապես Սիրիայի հարցով հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի լռակյաց համաձայնությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը խորհելու առիթ են տալիս: Տեղին է մեջբերել BBC-ի փորձառու հաղորդավարի հարցազրույցում նախաբանի տեսքով արտահայտածը. «Հայաստանը կովկասյան տարածաշրջանում հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող փոքր երկիր է՝ շրջապատված լարվածությամբ եւ թշնամությամբ: Անցյալ տարի ժողովրդավական բողոքի ցույցերը հանգեցրին այսպես կոչված թավշյա հեղափոխության, որի արդյունքում Երեւանում իշխանության եկավ նոր կառավարություն: Քաղաքականապես եւ տնտեսապես Հայաստանը ձգտում է դեպի արեւե՞լք, թե՞ արեւմուտք»:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 նոյեմբերի, 2019թ.

1